HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չախալյանների պաշտպանը կրկին դիմել է Վրաստանի ՄԻ պաշտպանին

Այսօր Չախալյանների պաշտպան Ստեփան Ոսկանյանը նամակով դիմել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարիին: Փաստաբանը նշում է, որ 2008 թվականի նոյեմբերի 14-ին Վրաստանի քաղաքացի Գայանե Չախալյանը գրավոր դիմել է Վրաստանի արդարադատության նախարարություն` խնդրելով թույլ տալ ֆրանսիացի հայազգի փաստաբան Պատրիկ Արապյանին պաշտպանել իր որդիների և ամուսնու շահերը դատարանում: Դիմումին կցվել են նաև բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Նոյեմբերի 17-ի պատասխանում արդարադատության նախարարությունը Գ. Չախալյանից պահանջել է նաև հավելյալ փաստաթղթեր` Պ. Արապյանի փաստաբանի վկայականը և դրա նոտարական վավերացումը: Գ. Չախալյանը 2009թ-ի հունվարի 13-ին ներկայացրել է վերոնշյալ փաստաթղթերը: Այդ ժամանակահատվածից արդեն անցել է 30 օր, սակայն որևէ պատասխան չի եղել, թե բավարարում են փաստաբանի գրանցումը, թե` ոչ: Այս 30 օրվա ընթացքում փաստաբանը բազմիցս զանգահարել է արդարադատության նախարարություն, որպեսզի իմանա դիմումի ընթացքի մասին: Զանգերին պատասխանել է արդարադատության նախարարության միջազգային բաժնի ավագ մասնագետ Մայա Սաթանիան, որի խոսքերով` այդ գործով անձամբ զբաղվում է արդարադատության նախարարը, և իրենք իրավունք ունեն քննարկել այդ հարցը մեկ ամսվա ընթացքում:  Մինչդեռ այսօր, երբ անցել է արդեն մեկ ամիսը, տիկին Սատանիան պատասխանել է, որ դեռևս պատասխանը չկա, և ինքն էլ չգիտի, թե երբ կլինի: «Մեր արդարացի դժգոհությանը, որ խախտվել են բոլոր ժամկետները, Մայա Սաթանիան պատասխանեց, որ «ոչինչ չգիտի», և ընդհանրապես` «այդ գործով չի զբաղվում», մեր հարցին, թե` ով է զբաղվում, հետևեց նույն պատասխանը` «չգիտեմ»: Պ. Արապյանի գրանցման հարցում ստեղծված իրավիճակը և որևէ գրավոր կամ բանավոր բացատրության բացակայությունը իմ պաշտպանյալների իրավունքների ուղղակի խախտում է, որոնց նկատմամբ այժմ ընթանում է դատավարություն: Վրացական իշխանությունների անամոթ, կոպիտ ու անթաքույց  վերաբերմունքը Վ. Չախալյան` քաղաքական ակտիվիստի, Վրաստանում հայ փոքրամասնության, մասնավորապես ջավախքահայերի շահերի պաշտպանի նկատմամբ, առերևույթ է: 2009թ.-ի հունվարի 22-ին արդեն դիմել ենք Ձեզ փաստաբան Պ. Արապյանի գրանցման գործընթացի լուծման վերաբերյալ խնդրանքով: Գիտեմ, որ որոշ քայլեր Ձեր կողմից իրականացվել են, բայց ինչպես երևում է` ոչ արդյունավետ է, քանի որ հարցը այդպես էլ չի լուծվել»,-ասված է օմբուդսմենին ուղղված նամակում: Այս նամակով ևս Ստեփան Ոսկանյանը դիմում է պաշտպանին` աջակցել կանխելու վրացական իշխանությունների ապօրինությունները և համապատասխան միջոցներ ձեռնարկել Պ. Արապյանի գրանցումն իրականացնելու գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter