Սյունիքում աճել է գործազուրկների թիվը
2009թ. հունվարի 1-ի դրությամբ Սյունիքի մարզում գործազրկության մակարդակը կազմել է 14,1 տոկոս, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 1 տոկոսով: Եթե 2008-ին մարզում աշխատանք էր փնտրում 10490 մարդ, ապա 2007-ին աշխատանք փնտրողների թիվը 9072 էր:
Մարզում գործազուրկի կարգավիճակ ունի 8341 քաղաքացի, նախորդ տարվա 6912-ի փոխարեն: Գործազրկության ամենաբարձր մակարդակ արձանագրվել է Գորիսի տարածաշրջանում` 16 տոկոս: Զբաղվածության Կապանի մարզային կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանի տեղեկատվության համաձայն, գործազրկության մակարդակի աճը պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով մարզի լեռնահանքային ձեռնարկություններում ընթացող կրճատումներով:
Առաջիկայում սպասվելիք կրճատումների մասին կենտրոնին տեղեկացրել են նաեւ այլ հիմնարկ-ձեռնարկություններից: Մասնավորապես, 2008թ. դեկտեմբերի վերջին 59 աշխատողի կրճատման մասին կենտրոնին գրավոր տեղեկացրել է Կապանի մշակույթի կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել