HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Կիսաճահճային վիճակ ԼՂՀ քաղաքական կյանքում

«Ղարաբաղում հասարակական-քաղաքական կյանքը շատ է «դինջ», երբեմն քամի էլ չի փչում, տերեւ էլ չի շարժվում, կիսաճահճային մի վիճակ է»,- այսպես Մամուլի ազգային ակումբում ԼՂՀ խորհրդարանի անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանն այսօր բնութագրեց Ղարաբաղի հասարակական-քաղաքական կյանքը: Ըստ Բաղդասարյանի՝ եթե մինչեւ վերջին նախագահական ընտրությունները կար քաղաքական դաշտի բազմազանություն, կար ընդդիմություն, ապա 2007 թ. ընտրությունների ժամանակ կատարվեց «զավեշտալին, երբ բոլոր քաղաքական ուժերը պաշտպանեցին Բակո Սահակյանին եւ հայտնվեցին մի տանիքի տակ»: Գեղամ Բաղդասարյանն էլ, ինչպես ինքն է ասում, ստիպված եղավ դուրս գալ «իբր թե ընդդիմադիր համարվող «ՀՅԴ-Շարժում 88» խմբակցությունից եւ դարձավ անկախ պատգամավոր»: Ստեղծված իրավիճակը, ինչպես ներկայացնում է Գ. Բաղդասարյանը, տիրում էր մինչեւ վերջերս. «Խորհրդարանում մեկ ամիս առաջ տեղի ունեցան անհասկանալի երեւույթներ. 16 հոգանոց Արցախի ժողովրդավարական կուսակցությունից, որը նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի քաղաքական հենարանն էր, հիմա հինգ հոգի դիմում գրեցին եւ հեռացան խմբակցությունից, այսինքն՝ այլեւս այդ կուսակցությունը քաղաքական մեծամասնություն չէ»: Բանախոսը նշում է, որ կուսակցությունն իր տեղը զիջեց «Ազատ հայրենիք» կուսակցությանը` 12 պատգամավոր, որն ընկալվում է որպես Բակո Սահակյանի քաղաքական հենարան. «Պատգամավորներն իրենց դուրս գալը բացատրեցին, թե ԱԺԿ-ն բյուջեի քննարկման ժամանակ քննադատել է կառավարությանը, թե իբր իրենց հետ չէր քննարկվել ընդհանուր տեքստը, եւ իրենք անտեղյակ էին»,- ասում է պատգամավորը եւ հավելում, որ անհասկանալի է, թե ինչով էր խանգարում նախկին մեծամասնությունը: «Ղարաբաղում վարկած կա, որ Հայաստանում վարչապետ պիտի դառնա Ռոբերտ Քոչարյանը, իսկ Ղարաբաղում` Արկադի Ղուկասյանը, ուստի ներկայիս իշխանության համար կարեւոր էր Ղուկասյանի քաղաքական բազան փոքր-ինչ թուլացնելը, որպեսզի գործող իշխանությունը կարողանար պահպանել իր դիրքերը»,- բացատրում է անկախ պատգամավորը: Գ. Բաղդասարյանի հավաստմամբ՝ այսօր, սակայն, Ա. Ղուկասյանի քաղաքական վերադարձի մասին չեն խոսում. «Միգուցե հետաձգվել է, չգիտեմ, բայց լավ բան եմ տեսնում այս ամենի մեջ. դինջ ու խաղաղ կյանքում մի փոքր քամի եղավ, ինչը կնպաստի, որ քաղաքական դաշտում որոշակի բազմազանություն ապահովվի, որովհետեւ միասնականությունը արհեստական երեւույթ է»: Պատգամավորը չի հասկանում, թե ինչպես կարող են բոլոր քաղաքական ուժերը բոլոր հարցերում միակարծիք լինել. «Աստված մարդկություն է ստեղծել, ոչ թե ինկուբատոր, ինձ թվում է, որ այսօր ԱԺԿ-ն կստանձնի ընդդիմության որոշակի գործառույթներ»: Գ. Բաղդասարյանը հետաքրքրական է համարում այն, որ այս ամենը կատարվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդհանուր ֆոնի վրա. «Ես չգիտեմ, թե ինչքանով են այս զարգացումները կապված բանակցային գործընթացի հետ, բայց միգուցե այստեղ իշխանությունները որոշակի վտանգ են կանխազգում եւ փորձում են վերադասավորումներ անել»: Հետքի հարցին, թե ինչ դիրքերում է Ղարաբաղում ՀՅԴ-ն, Գ. Բաղդասարյանը պատասխանեց. «Խորհրդարանական պարտությունից հետո ՀՅԴ-ն սկսեց վերաարժեւորել ղարաբաղյան իրողությունները` ասելով՝ եթե այսօր մենք ի վիճակի չենք հաղթելու, ուրեմն իմաստ չունի գնալ առճակատման, սակայն եթե քո ուժերը չեն պատում, դա չի նշանակում, որ դու պետք է իշխանության մաս կազմես»: Բանախոսը գտնում է, որ քաղաքական դաշտի համար մեծ կորուստ էր ՀՅԴ-ի հեռացումը ընդդիմադիր դաշտից եւ իշխանության  մաս կազմելը. «ՀՅԴ-ն կամա, թե ակամա նպաստեց քաղաքական դաշտի վերաձեւմանը, եւ հիմա ԱԺԿ-ն շատ ավելի քննադատական է իշխանության հանդեպ, քան ՀՅԴ-ն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter