HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Գ.Բաղդասարյան. «Միջանցքը պաշտպանվելու համար չէ, միջանցքը փախչելու համար է, մեզ պետք է թիկունք Հայաստանի հետ, այլ ոչ թե միջանցք»

«Ղարաբաղյան հասարակությունը մտահոգված եւ անհանգստացած է բանակցային գործընթացի ներկայիս զարգացումներով, ուշագրավն այն է, որ իշխանությունն ու հասարակությունը կարծես թե նույն կերպ են ընկալում այդ մտահոգությունները»,-այսօր Մամուլի ազգային ակումբում ասաց ԼՂՀ-ի խորհրդարանի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը: Բանախոսը չգիտի, թե որքան են խորքային Ղարաբաղյան կողմի  հայտնած կարծիքները, որոնք այնքան էլ չեն համապատասխանում Հայաստանի ղեկավարության արտահայտած կարծիքներին. «Երբ կմոտենա հանգուցալուծման պահը, արդեն Ղարաբաղի իշխանությունների իրական դիրքորոշումը կտեսնենք»: Պատգամավորը ասում է, որ Ղարաբաղը հակամարտության սուբյեկտից վերածվել է օբյեկտի. «Այսօր Ղարաբաղում բացահայտ  խոսվում է դրա մասին: Ընդհանրապես ասվում է, թե Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ, ինձ թվում է, որ սա լուրջ ծուղակ էր,  եւ մենք չպետք է մտնեինք դրա մեջ, քանի որ դրա պատճառով Ղարաբաղը դուրս մնաց նաեւ համահայկական քաղաքական հարթությունից»: Գ. Բաղդասարյանը ճիշտ չի համարում մեղադրանքները Ռ. Քոչարյանի նկատմամբ. «Առաջին մեղավորը ԼՂՀ իշխանություններն են, քանի որ նրանց համար բարենպաստ վիճակ էր, երբ իրենք ոչ մի պատասխանատվություն չէին կրում բանակցային գործընթացում` ամբողջ բեռը բարդելով ՀՀ իշխանություններին եւ ազատվելով գլխացավանքից»: Պատերազմից հետո ծավալված 15 տարավ խաղաղ կյանքը, ըստ պատգամավորի, կարելի էր վերածել  Ոսկեդարի. «Ղարաբաղում Ոսկեդար եղավ միայն իշխանությունների համար, ստեղծված իրավիճակն էլ փոխշահավետ պայմանավորվածություն էր Ղարաբաղի իշխանությունների համար»: Գ. Բաղդասարյանը գտնում է, որ հիմա ժամանակն է հստակեցնելու բանակցային գործընթացում երկու հայկական պետականությունների դերը, իրավունքներն ու պատասխանատվությունը. «Հակամարտության լուծման իրական ձեւաչափը եռակողմ է եւ Հայաստանը չպետք է դուրս մնա բանակցություններից, քանի որ կան հարցեր, որ Ղարաբաղի իշխանությունները իրավունք չունեն ներկայացնել, օրինակ ադրբեջանցի փախստականների հարցը, իսկ տարածքների եւ կագավիճակի հարցում առաջնային պետք է լինի Ղարաբաղի կարծիքը»: Բանախոսը չի հասկանում ՀՀ Հանրաքվեի մասին օրենքում կատարված փոփոխությունները եւ շրջանառվող լուրերը, թե Հայաստանում պետք է լինի հանրաքվե. «Հայաստանում ինչ հանրաքվե պետք է լինի` ինչպե՞ս որոշել Ղարաբաղի կարգավիճակը: Սա զավեշտ է եւ գալիս է երկու պետությունների իրավունքների չհստակեցումից»: Սակայն բանախոսը ասում է, որ Ղարաբաղյան գործոնը լուրջ գործոն է Հայաստանի ներքաղաքական կյանքում, նաեւ հակառակը. «Ժողովրդին հետաքրքրում է, թե հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել սեփական ուժերով, թե Հայաստանում պիտի փոխվի, որ հետո այդ փոփոխությունները հասնեն Ղարաբաղ, վերջին ընտրություններից հետո ասում էին, թե անհնար է Ղարաբաղում փոփոխություններ իրականացնելը, այսինքն Հայաստանում պետք է փոխվի, որ մեզ մոտ էլ փոփոխություն լինի, բայց սա վատ մտայնություն է եւ սպանում է հույսերը սեփական ուժերի նկատմամբ»: Սակայն բանախոսը համաձայնում է, որ այս վիճակը օդից չի ստեղծվել, քանի որ բազմիցս ականատեսն են եղել Հայաստանի իշխանությունների վճռորոշ դերին Ղարաբաղի ընտրություններում  եւ իշխանությունների ձեւավորման գործում. «Ղարաբաղի ժողովրդավարացման մեր բոլոր փորձերին միշտ էլ դիմակայել են Հայաստանի իշխանությունները, իսկ հայաստանյան հանրությունն էլ արժանացնում է այդ փորձերը քար անտարբերության, այդպես է եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, այդպես է նաեւ Սերժ Սարգսյանի օրոք»: Իսկ խնդիրը, ըստ Գ. Բաղդասարյանի, կայանում է նրանում, որ Հայաստանի իշխանություններին միշտ էլ ձեռնտու է եղել Ղարաբաղում ունենալ կառավարելի ղեկավարություն. «Այստեղ հարցը միայն միջպետական վարկը չէ, քանի որ վարկը տալիս է ոչ թե իշխանությունը, այլ Հայաստանի ժողովուրդը` արցախահայությանը, այսինքն կախվածությունը պետք է լիներ հայաստանյան հանրությունից, սակայն այսօր երկու հանրությունները ներգրավված չեն գործընթացում»: Գ. Բաղդասարյանը կարեւորում է խորհրդարանի խմբակցությունների  վերջին համատեղ հայտարարությունը, որի հիմնական միտքն այն էր, որ «մենք մտադիր չենք մեր թիկունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համար պատասխանատվություն կրել»: Բանախոսը,  հաշվի առնելով այն, որ խմբակցությունները կազմում են սահմանադրական մեծամասնություն, հայտարարությունը համարում է Օրենսդիր մարմնի դիրքորոշում. «Թե ինչու սրան չի հաջորդում կոնկրետ քայլեր, խոսվեց, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եղան նաեւ Ստեփանակերտում: Այդ ժամանակ մենք 10 տարվա կուտակած մաղձը` կապված բանակցություններից դուրս մնալու հետ, թափեցինք»: Պատգամավորը պատմում է, որ համանախագահները ուշադիր լսեցին իրենց հասցեին հնչեցրած մեղադրանքները, ծիծաղեցին քթի տակ եւ հանգիստ պատասխանեցին. «Սխալ է այս բոլոր հարցերի  հասցեականությունը, եթե կա մեկը, որը լսում է ձեր կարծիքը եւ կարեւորություն է տալիս դրան, դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, բայց ձեզ չի հետաքրքրում, թե ով է մեղավորը բացի Ադրբեջանից, որ դուք դուրս մնացիք բանակցություններից... լուծեք հարցերը Հայաստանի իշխանությունների հետ»: Պատգամավորներն էլ, ըստ պատմածի, ասել են, թե իրենք համամիտ չեն Հայաստանի վարած քաղաքականության հետ, ինչին Յ. Մերզլյակովը պատասխանել է. «Մենք միջնորդ չենք  Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ, մենք միջնորդ ենք հայ-ադրբեջանական հարաբերություններում»: Համանախագահները բացահայտեցին նաեւ, որ երբ Հայաստանի իշխանություններից հարցնում են, թե եթե Ղարաբաղի իշխանությունները եւ Ղարաբաղը չհամաձայնի ձեռք բերված համաձայնություններին, ապա այդ դեպքում ի՞նչ է լինելու, ստանում են պատասխան. «Դուք գործ չունեք նրանց հետ, մենք ինչ ասենք նրանք անելու են»: Գ.Բաղդասարյանն ասում է, որ պատմվածը շոկ էր իրենց համար. «Չգիտեմ` ինչքանով իրավունք ունեմ բացահայտել այս ամենը, բայց իմ ժողովրդի, երկրի ճակատագիրն է: ...Իմ կարծիքով ներկայիս բանակցային գործընթացը հայության շահերին չի համապատասխանում, եւ ես համոզված եմ, որ այս կարծիքին են շատ ղարաբաղցիներ»,-ասում է պատգամավորը եւ խորհուրդ տալիս առանձնացնել պարտականությունները: ԼՂՀ իշխանությունների բացախոսությունը 2008թ, օրինակ, երբ Բակո Սահակյանը Քաշաթաղում հայտարարեց, թե չկան ազատագրված տարածքներ` կան տարածքներ ամրագրված ԼՂՀ Սահմանադրությամբ, եւ ոչ մեկի մենաշնորհը չպետք է լինի բանակցային գործընթացը, ըստ բանախոսի, վերաբերում էր Հայաստանի իշխանությանը. «Մնում է հայ հասարակությունը եզրակացություն անի, թե ովքեր են խոչընդոտում Ղարաբաղի` որպես բանակցության կողմ հանդես գալուն»: Պատգամավորն ասում է, որ կողմ է բանակցությունների գաղտնիությանը, «սակայն այն ամենը, ինչ այսօր է կատարվում գաղտնագողություն է հիշեցնում: Չի կարելի ժողովրդի թիկունքում որոշումներ կայացնել, ինչպե՞ս կարելի է ժողովուրդներին հաշտեցնել գաղտնի»: Բանախոսը, անդրադառնալով ազատագրված տարածքներին, ասաց. «Աղդամը մեր հայրենիքն է, այդտեղ կան բազմաթիվ մշակութային արժեքներ: Հայկական բաղադրիչի բացակայությունը այդ տարածքներում շատ վտանգավոր կարող է լինել մեր անվտանգության համար»: Գ. Բաղդասարյանն ընդգծեց. «Միջանցքը պաշտպանվելու համար չէ, միջանցքը փախչելու համար է, մեզ պետք է թիկունք Հայաստանի հետ, այլ ոչ թե միջանցք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter