Ռուսաստանում ձախողվել է էլեկտրոնային կառավարում ստեղծելու ծրագիրը
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կշտամբել է ռուս չինովնիկներին, որ չեն կարողանում փաստաթղթային աշխատանքը թվայնացնել: «Միայն գերատեսչություններին ուղարկվող նորմատիվային փաստաթղթերի վրա մենք ամսական տոննաներով թուղթ ենք ծախսում: Նման կերպ հիմա ոչ ոք չի վարվում: Ուղղակի մենք ենք հարուստ, մենք շատ անտառներ ունենք ու բավարար քանակությամբ թուղթ»,- ըստ «Ռոյթերս» գործակալության` այս մասին Մեդվեդևը հայտարարել է Տեղեկատվական հասարակության զարգացման խորհրդի նիստի ժամանակ:
«Մեզ մոտ փաստաթղթային շրջանառություն ինչպես կատարվում էր, այնպես էլ շարունակվում է կատարվել, իսկ համակարգիչները գիտեք ինչպես են օգտագործվում: Ըստ էության, դրանք գրող մեքենաներ են, ուղղակի ավելի հարմար, քանի որ մի բանը պետք չէ մի քանի անգամ հավաքել»,- շարունակել է նա:
Նախագահը հավելել է, որ 6-7 տարի առաջ է ինքը փորձել թվայնացնել թղթաբանությունը, երբ աշխատում էր նախագահի աշխատակազմում, հետո առաջարկել է կառավարությանը, բայց հաջողության չի հասել:
Նա խոստովանել է, որ Ռուսաստանում էլեկտրոնային կառավարում ստեղծելու ծրագիրը ձախողվել է. «Ոչ մի էլեկտորային կառավարում էլ մեզ մոտ չկա, դա պատրանք է, ընդամենը մեզ մոտ բոլոր դաշնային կառուցվածքները համակարգիչներով են ապահովված, միացված են համացանցին, բոլոր պետական կառույցներում ձևավորված է տեղեկությունների բազա»:
Իսկ իրականում, Մեդվեդևի խոսքերով, տեղեկատվական ծառայությունների ամբողջական համակարգ, որտեղ քաղաքացիները կկարողանային տեղեկություններ իմանալ մունիցիպալ և դաշնային իշխանությունների մասին, պետք է գործեր հունվարի 1-ից, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել