
«Դարի կառույցը», կամ մարզադաշտ` առանց տրիբունաների
Արդեն մի քառամյակ Նոյեմբերյան քաղաքում ընթանում է քաղաքի ֆուտբոլի մարզադաշտի վերակառուցումը, սակայն պարզ չէ, թե այն երբ է ավարտուն տեսք ունենալու: Կատարվող շինարարության պատճառով արդեն 4 տարի այստեղ մարզումներ կամ ֆուտբոլային խաղեր չեն կայանում:
Նախկինում, մինչեւ վերակառուցման աշխատանքների մեկնարկը, այդ խաղադաշտում հանդիպումներ էր անցկացնում հանրապետական առաջնությանը մասնակցող քաղաքի մանկապատանեկան թիմը: Արդեն 4 տարի է` այդ թիմը հարկադրված «տան» հանդիպումներն անցկացնում է Կողբի կամ Հաղթանակի մարզադաշտերում:
90-ական թվականների կեսին խաղադաշտում ելույթ էր ունենում Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող Նոյեմբերյանի «Ազնավուր» թիմը: Ամեն ուրբաթ այստեղ ընկերական հանդիպում էր անցկացնում ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի թիմը:
Խաղադաշտի վերակառուցումը սկսվեց 2007թ. աշնանը: 2007թ. սեպտեմբերին կառավարությունը հրատապ հիմնախնդիրների լուծման նպատակով պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին հատկացրեց 896 մլն 772 հազար դրամ:
Առջեւում նախագահական ընտրություններն էին, պետք էին ժողովրդի ձայները, հարկավոր էր բնակչությանը ցույց տալ, թե իշխանությունը որքան հոգատար է իր հանդեպ: Նոյեմբերյանի ֆուտբոլի մարզադաշտի վերանորոգման համար առաջին փուլում պետբյուջեից հատկացվեց 50 մլն դրամ:
48 մլն դրամ առաջարկով շինարարական աշխատանքների մրցույթը շահեց Իջեւանի «Հայկ եւ որդիներ» արտադրական կոոպերատիվը: Սկսվեցին աշխատանքները: Խաղադաշտը 6 մետր ընդլայնվեց, խաղադաշտի եզրին կառուցվեց հենապատ եւ 27 մ երկարությամբ ու 6 մ լայնությամբ շինություն: Այդ շենքում թիմերի հանդերձարանները պիտի լինեն եւ երկու փոքր մարզադահլիճ: Կառույցի երրորդ հարկը բաց է` օթյակ, որպեսզի այդտեղից մարզական ղեկավարները եւ պատվավոր հյուրերը հետեւեն ֆուտբոլային մրցավեճերին:
2007 թվականի վերջին մարզադաշտի հենապատն ու երկհարկանի շենքը կառուցված էին, սակայն երկրորդ հարկի բետոնե առաստաղը կիսով չափ բաց էր մնացել, ներքին հարդարման աշխատանքները կատարված չէին: 48 միլիոն դրամն այդքան գործին բավարարեց:
Մարզադաշտի շինարարության երկրորդ փուլը իրականացվեց 2009-ին, այդ նպատակով պետբյուջեից հատկացվեց 28 մլն դրամ: 2009թ. հուլիսի 17-ին ամփոփվեցին այդ փուլի շինարարական մրցույթի արդյունքները: Քանի որ մարզադաշտի վերակառուցումը «Հայկ եւ որդիներ» արտադրական կոոպերատիվն էր սկսել, այդ կազմակերպությանն էլ հնարավորություն տրվեց շարունակելու եւ ավարտելու գործը:
2010թ. իրականացվեց ծրագրի երրորդ փուլը, բյուջեից հատկացվեց 20 միլիոն դրամ: Այժմ ընթացքի մեջ է ծրագրի 4-րդ փուլը: «Հայկ եւ որդիներ» արտադրական կոոպերատիվի ղեկավար Ժորա Ղազումյանն ասաց, որ այս փուլի համար հատկացվել է 61 մլն 485 հազար դրամ:
Ներկայումս խաղադաշտի տարածքում խողովակներ են տեղադրված` ջրահեռացման նպատակով: Ժ. Ղազումյանի խոսքերով, խաղադաշտի ներքեւի մասը ընդլայնվելու է, որպեսզի այն համապատասխանի ֆուտբոլային մարզադաշտերի ընդունված չափերին: Այդ հատվածում կառուցվելու է հենապատ: Սակայն նշված աշխատանքներին խանգարում է այն, որ Նոյեմբերյանի քաղաքապետարանը դատական վեճի մեջ է նոյեմբերյանցի անհատ ձեռնարկատեր Սամվել Գիշյանի հետ, ով այդ տարածքում խաղադաշտին կից լողավազան է կառուցել:
Ժորա Ղազումյանը հայտնեց, որ աշխատանքների ավարտին խաղադաշտը ծածկվելու է որակյալ խոտածածկույթով: Նախատեսված է մարզադաշտի վերակառուցման 4-րդ փուլը ավարտել ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին:
«Հայկ եւ որդիներ» արտադրական կոոպերատիվը շինարարական աշխատանքները նախագծի համաձայն եւ բարեխիղճ որակով է կատարում: Սակայն ի՞նչ է ստացվում: 4 տարվա ընթացքում, 4 փուլով պետբյուջեով Նոյեմբերյանի մարզադաշտի վերակառուցման համար ներդրվել է մեծ գումար` 157 միլիոն 485 հազար դրամ, սակայն ի՞նչ մարզադաշտ առանց տրիբունաների: Առանց մարզասերների ֆուտբոլային խաղը նման է առանց նվագի հարսանիքի:
Նոյեմբերյանի մարզադաշտի դիրքն այնպիսին է, որ ֆուտբոլասերների համար տրիբունա կարող է կառուցվել միայն խաղադաշտի վերեւի հատվածում: Իսկ այստեղ, արդեն 20 տարի որպես խանութ ծառայող վագոն-տնակներն են, կրպակներ:
Դրանց տերերը տարածքի վարձակալության պայմանագիր ունեն Նոյեմբերյանի քաղաքապետարանի հետ: Ապագա տրիբունաների տեղում` թեքության վրա, ցցված են Նոյեմբերյանի կենտրոնական` Երեւանյան փողոցում տեղադրված վագոն-տնակներին հենարան սյուներ հանդիսացող մետաղյա եւ ալաբաստրե խողովակները:
Վագոն-տնակների եւ այլ կրպակների տերերն աստիճանաբար ավելի ներքեւ են իջեցնում այդ խողովակները` ընդլայնելով խանութների տարածքը: Այդպիսով` խանութների տակ մարզասերների նստատեղերի համար բավարար տարածք չի մնում:
Առեւտրական այդ օբյեկտներից թղթե կարտոններ, պոլիէթիլենային տոպրակներ, սննդի մնացորդներ եւ այլ աղտեղություն է թափվում դաշտ: Խաղադաշտի մուտքն էլ արդեն քանի տարի է` մոտակա խանութների համար որպես աղբավայր է ծառայում: Աշխարհում 2 տարում ժամանակակից խաղադաշտեր են կառուցում` տասնյակ հազարավոր նստատեղերով: Քանի՞ տարի, քանի՞ մլն դրամ է հարկավոր սահմանամերձ քաղաքում մի փոքրիկ ֆուտբոլային մարզադաշտ վերակառուցելու (ոչ թե կառուցելու) համար:
Հսկայական գումար է ներդրվել, սակայն վերակառուցման աշխատանքների ավարտից հետո էլ Նոյեմբերյանը կարգին խաղադաշտ չի ունենալու: Հարկ էր ծրագիրը հաստատելուց, շինարարական աշխատանքները սկսելուց առաջ հանրային քննարկում կազմակերպել, արծարծել խնդրի հետ կապված բոլոր հանգամանքները: Ցանկացած շինարարություն, կառուցապատման ծրագիր վերջնարդյունք է ունենում, այս դեպքում արդյունքի, ավարտուն տեսքի մասին խոսելն ավելորդ է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել