HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյանի «Կանաչ եւ սեւ» գիրքը ներկայացվել է Հադրութում

Արմենիան ռիփորթեր շաբաթաթերթի լրագրող եւ կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր« գիրքը փետրվարի 13-ին ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքում: Գիրքը լույս է տեսել վեց ամիս առաջ եւ շնորհանդես-վաճառքի ձեւով ներկայացվել Ստեփանակերտում, Երեւանում, Բեյրութում, Այնճարում եւ Հալեպում: Հադրութում շնորհանդես-վաճառքի օրը պատահական չէր ընտրվել: Ինչպես ներկաներին ասել է հեղինակ Թաթուլ Հակոբյանը` 1988-ի փետրվարյան այս օրերին էր, երբ տեղի ունեցավ ղարաբաղյան պայքարի առաջին հանրահավաքը: Փետրվարի 12-ին Հադրութում սկսված բողոքի գործողությունը վերածվեց մոտ 1000 հոգանոց հանրահավաքի` աներեւակայելի բան ընդամենը 2.500 բնակիչ ունեցող քաղաքի համար, իսկ հաջորդ օրերին արդեն հանրահավաքներ տեղի ունեցան Ստեփանակերտում, ապա Երեւանում, Սփյուռքի տարբեր գաղթօջախներում: Միջոցառման մասնակիցներին, որոնց թվում էին նաեւ ղարաբաղյան շարժման առաջին ցույցի կազմակերպիչներից Գագիկ Ավանեսյանը, Նելլի Կասպարովան, ինչպես նաեւ Հադրութի շրջանի վարչակազմի ներկայացուցիչներ, շարքային գրասերներ, Թաթուլ Հակոբյանը հիշեցրել է նաեւ, որ փետրվարի 16-ին կլրանար 33 տարեկանում սպանված Արթուր Մկրտչյանի ծննդայան 50-ամյակը: Դիմելով միոցառման մասնակիցներին` Հակոբյանը ասել է. «Իմ գրքի վերնագիրը, որի մտահաղացումը տվել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ձեզ շատ ծանոթ պետք է լինի: Պատերազմի տարիներին Ղարաբաղում երկու գույն էր ավելանում` սեւ եւ կանաչ` խակի: Տղամարդիկ խակի էին հագնում, կանաչ կամուֆլյաժ, իսկ կանայք գնալով ավելի ու ավելի շատ սեւ էին հագնում: Այսպիսով` սեւը պատերազմում սպանվող տղաների մայրերի հագուստի գույնն է, կանաչը` զինվորական համազգեստը: Պատերազմի տարիներին ամեն օր Ղարաբաղում ավելանում էր երկու գույն. մայրերն ավելի շատ սեւ էին հագնում, որդիները` ավելի շատ կրում զինվորական համազգեստ»: Հադրութի շնորհանդեսի ընթացքում վաճառվել է «Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր»-ի 37 օրինակ, ինչը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղում, եւ հատկապես Հադրութում գրքի հանդեպ մեծ հետաքրքրությունը: Թաթուլ Հակոբյանը ասել է, որ շատ ուրախ կլիներ, եթե գիրքը կարդացողները արձագանքեին, ներկայացնեին իրենց դիտարկումները, մատնանշեին փաստական սխալները, եթե կան այդպիսիք: Թաթուլ Հակոբյանի Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր աշխատությունը, որի վրա հեղինակը աշխատել է վեց տարի, լույս է տեսել Թեհրանում 1000 օրինակով եւ գերազանցապես վաճառվել Լիբանանում, Սիրիայում, Իրանում եւ Լեռնային Ղարաբաղում: Առաջիկա հունիսին սպասվում է «Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր» գրքի երկրորդ տպագրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter