Ախթալայի Տյառնընդառաջը
Լոռու մարզի Ախթալա համայնքի համայնքապետարանի նախաձեռնությամբ ու ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ-ի պետ, ախթալեցի Վազգեն Խաչիկյանի ջանքերով Ախթալայի Ս. Աստվածածին եկեղեցում փետրվարի 13-ին տեղի ունեցավ Տյառնընդառաջի` 40-օրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայման տոնը: Տոնին մասնակցում էին 200-ից ավելի բնակիչներ: Ս. Աստվածածին եկեղեցում օրհնություն ստանալու էին եկել նաև Ախթալայի և հարևան համայնքների 6 նորապսակ զույգեր: Հաղապատավանքի վանահայր Տեր Ասպետը տոնի մասնակիցներին ասաց. «Օրհնությունը բոլորինդ է, բայց հատկապես նորապսակներինը»: Վանահայրը բացատրեց տոնի խորհուրդը. «Տեր ընդ Ձեզ` ընթանալ դեպի տերը,- այդ է միտքը»:
Մինչ պատարագը սկսելը Տեր Ասպետը աստվածաշնչյան բարոյախոսություններ մատուցեց Հիսուսի երկրպագուներին` սիրո, պարկեշտ ապրելաձևի մասին. «Քրիստոսով ճիշտ ճանապարհի մեջ է Աստված մեզ տեսնում, որպեսզի արքայության արժանի լինելու, իհարկե, եթե ապրենք պարկեշտ, խոնարհ, սիրով առլեցուն, խաղաղասեր ոգով լցված մի կյանք, բարիք անելով, ողորմած լինելով հասնելով ուրիշների կարիքավորներին, օգտակար լինելով մի այլ մարդու: Այդպիսի առաջադրանքով է, որ մենք կկարողանանք հետագայում արժանի լինել տիրոջ արքայությանը»:
Վանահայրը երջանկություն մաղթեց նորապսակներին և նրանց քարոզեց աստվածաշնչյան պատգամները. «Ամուսնական կյանքը հիմնված է հարմարանքի վրա և փոխադարձ հասկացողության, փոխադարձ զիջողության, փոխադարձ հանդուրժողականության վրա, այդ ոգով պետք է նայեք մեկդ մյուսիդ, որովհետև պսակե ատեն կրկնում եմ աստծո խոսքը, որ այսուհետ երկու չեք, այլ մեկ մարմին, միացած աստվածային օրհնությամբ և պարտք եք պարկեշտ կենցաղով ապրիլ սրանից հետո»:
Տյառնընդառաջի պատարագն սկսվեց տերունական աղոթքով: Այնուհետև, օրվա խորհրդին համաձայն շարականներ երգելով, վանահայրը եկեղեցու չորս կողմերը շրջելով կարդաց ավետարաններ: Պատարագի վերջում վանահայրը օրհնեց նորապսակներին: Ապա առաջնորդվեցին Ս. Աստվածածին եկեղեցու բակ` խարույկը վառելու: Նորապսակները թռան կրակի վրայով: Տյառնընդառաջի տոնին հուզմունքով էին մասնակցում նորապսակները: Նրանցից Մաքսիմ Բասաթյանը և Նաթելա Բոշյանը միմյանց սիրելով են ամունացել: Մաքսիմը պատմեց, որ շատ կարճ է տևել հանդիպումը, այդ կարճ ժամանակում էլ նրանք հասկացել են միմյանց ու ամուսնացել են: Մաքսիմը Երևանից է, Նաթելլան Ախթալայից: Մաքսիմը կնոջ նկատմամբ իր սիրո մասին ասես վերապահումով էր խոսում. «Երևանում ենք հանդիպել, կնոջս մորաքրոջ տանը: Նկատելով, որ առաջին հայացքից կա որոշակի սեր, դրանից հետո հույս տալով, որ ինչքան ապրենք այնքան իրար կսիրենք»: Նաթելան առանց վերապահումների, սիրով էր պսակվել: Ապրիլ ամսին էլ մայրանալու էր: Ամուսինները արդեն գիտեին իրենց բալիկի սեռը. «Կարելի է ասել` տղա ենք ունենալու»,- ասաց Մաքսիմը:
Մեծ Այրումցի Արայիկ Ղազարյանն էր ալավերդցի Արմինե Աբրահամյանին Ալավերդու խանութներից մեկում էր հանդիպել: Արմինեն խանութի վաճառողուհին էր: Արայիկը կարճ պատմեց իրենց ամուսնության պատմությունը. «Աշխատել ա Ալավերդի խանութում, գնացել եմ խանութ, տեսել եմ, եկեղեցում հանդիպել ենք, խոսացել ենք ու վերջը ամուսնացել ենք: Հարսանիք չենք արել, դեռ բալիկ էլ չունենք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել