HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոք «տհաճ եթերի» դեմ

«Էքսպերտների միավորում» կազմակերպությունը բաց նամակներ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին, Սփյուռքի, մշակույթի, կրթության եւ գիտության նախարարներին` ուշադրություն հրավիրելով «հասարակության գիտակցության համար վտանգավոր» հայկական հեռուստաեթերով հեռարձակվող հաղորդումներին:  Նախագահ Սերժ Սարգսյանին Պարոն նախագահ, հասարակությունը այսօր համախմբվում է մի շատ կարևոր խնդրի լուծման համար: Դա հայկական հեռուստաեթերն է` նրա անհույս վիճակը: Բռնության, գռեհկության ու անճաշակության երփներանգությունը ոչ միայն տհաճ է, այլ նաև վտանգավոր հասարակության գիտակցության, բարոյական ուղենիշների, քաղաքացիական հասարակության, ազգային գիտակցության համար: Խնդիրը վաղուց դադարել է լոկալ բնույթ կրել, այն դարձավ գլոբալ այն պահից երբ Հայաստանում ծնողները սկսեցին պայքարել հեռուստացույցի դեմ, փորձելով ետ վերադարձնել իրենց երեխաներին բարոյական ուղենիշ: Ցայսօր, հարցի կապակցությամբ իրենց վերաբերմունքն են արտահայտել անվանի մտավորականներ, մշակութային գործիչներ, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Հաշվի առնելով, որ քննադատությունների թիրախում հաճախ հայտնվում են պետական պաշտոնյաներ, ուստի բոլոր վերոհիշյալ մարդկանց անունից ցանկանում ենք իմանալ Ձեր դիրքորոշումը այս հրատապ հարցի կապակցությամբ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհափառ Տեր, հեռուստաեթերից անչափահաս ու մատաղ սերունդին քարոզվող արժեքները հակաքրիստոնեական են: Սա չափազանցություն չի, այլ դառը իրականություն: Եթե այդ կեղծ արժեքները ի մի բերենք ապա կստացվի` դողացի, սպանիր, շնացիր, խլիր հարևանիդ ունեցվածքը: Հեռուստաեթերից մարդկանց տուն ներխուժող հակաքրիստոնեական նման պատվիրանների շարքը կարելի է երկար շարունակել: Այս իրողությունը մեր դիտարկմամբ նույնքան դառն է ու քայքայիչ ինչպիսին շատ ու շատ աղանդների գործունեությունն է: Քրիստոնեական խոնարհությամբ խնդրում ենք Ձեզ, ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրը և հնարավորության դեպքում արտահայտել Մայր Աթոռի պաշտոնական դիրքորոշումը այս արհավիրքի հանդեպ: Սփյուռքի հարցերով նախարար Հրանուշ Հակոբյանին Հարգելի տիկին Հակոբյան, պատմական տխուր իրադարձությունների ու դժբախտությունների արդյունքում ստացվել է այնպես, որ մեր հայրենակիցների առավել մեծ մասը ապրում և արարում է հայրենիքի սահմաններից դուրս: Կարծում ենք համամիտ կլինեք մեր կարծիքի հետ, որ նրանք հայաստանցիներից տարբերվում են միայն իրենց երկրորդ հայրենիքի մշակութային առանձնահատկություններով: Սակայն հայկական հեռուստաընկերությունները (նրանք հեռարձակվում են նաև սփյուռքահայ գաղթօջախներում) իրենց եթերից սփյուռքահային միշտ ներկայացնում են անթաքույց ծաղրով ու հեգնանքով, որի դրսևորումները երբեմն հասնում է ռասսիզմի մակարդակի: Ավելին`առ այս պահը չկա հեռուստատեսային գեղարվեստական որևէ արտադրանք, որտեղ սփյուռքահայի կերպարը ներկայացվում է դրական կամ գոնե չեզոք տեսանկյունից: Վերոգրյալը դիտարկելով պետական-ազգային շահի տեսանկյունից խնդրում ենք Ձեզ անդրադառնալ այս խնդրին ու հնարավորության դեպքում հնչեցնել նախարարության պաշտոնական տեսակետը: Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանին Հարգելի պարոն Սեյրանյան, մատաղ սերունդի ազգային դաստիարակության համար պատասխանատվություն է ստանձնել, Ձեր ղեկավարած նախարարությունը: Մենք կարևորում ենք Ձեր խոսքը, կապված հեռուստաեթերից այդ նույն սերունդին պարտադրվող այնպիսի ապադաստիարակչական արժեքների մասին, որոնց դեմ ի զորու չէ պայքարել ոչ մի դպրոց: Դպրոցներին զուգահեռ գործում են «հեռուստահակադպրոցները», որոնք ամեն օր ու ամեն ժամ քարոզում ու փառաբանում են սեքսը, բռնությունը, հայհոյանքն ու անգրագիտությունը: Քանի որ այս հարցով մտահոգ անձանց մեջ շատ մեծ թիվ են կազմում վաստակավոր մանկավարժները, մեր կազմակերպությունը խնդրում է Ձեզ անդրադառնալ այս խնդրին ու հնարավորության դեպքում հնչեցնել Ձեր ղեկավարած նախարարության պաշտոնական տեսակետը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին Հարգելի տիկին Պողոսյան, հազարամյակների մշակութային ժառանգություն ունեցող ազգը այսօր մի խումբ մարդկանց փողատենչություն պատճառով կանգնած է այդ ժառանգությունը վատնելու վտանգի առաջ: Հասարակությանը պարտադրվող արժեքների սերմերը արդեն ծիլ են տվել ու տալիս են իրենց դառը պտուղները: Եթե հենց այսօրվանից ամբողջ հասարակությունը չհամախբվի ու չլծվի այս աղետի դեմ պայքարի հաստատակամությամբ, վաղը արդեն ուշ կլինի: Վաղը մշակույթի փոխարեն ստիպված պետք է բավարարվենք մշակույթի պատմությամբ: Հեռուստաընկերություններն իրենց պարտադրած հերոսների նման անպատիժ և անամոթ գործունեություն են իրականացնում, արհամարհելով մշակույթն ու նրա վաստակավոր գործիչների տեսակետները, որպես ուղենիշ տեսնելով միայն «ռեյտինգը» իմա փողը: Խնդրում ենք Ձեզ անպայման անդրադառնալ այս սուր ու ցավոտ հարցին և հնարավորության դեպքում հնչեցնել Ձեր ղեկավարած նախարարության պաշտոնական տեսակետը: Կանխավ շնորհակալություն, «Էքսպերտների միավորում»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter