HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ազգային ինքնության տոնը

«Ազգային ինքնության տոնի մասին» օրենքը ՀՅԴ խմբակցությունը ներկայացրել էր ԱԺ քննարկման: Այն  87 կողմ, 3 ձեռնպահ եւ 0 դեմ ձայներով անցել է առաջին ընթերցմամաբ: Այսօր Հայացք ակումբում նախաձեռնության հեղինակներ` ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, պատմաբաններ Արտակ Մովսիսյանը եւ Հայկ Չոբանյանը փորձեցին մեկնաբանել տոնի էությունը եւ նման տոն ունենալաու անհրաժեշտությունը: Օրենքի նախագծում Ազգային ինքնության տոնի համար ընտրված է օգոստոսի 11-ը` Նավասարդի օրը. «Հայկ նահապետի տարած մեծ հաղթանակը դարձել է Հայոց Բուն տոմարի սկիզբը, հայոց ամենահին ու փառապանծ տոնը: Ականավոր հայագետ Ղեւոնդ Ալիշանի հաշվարկի համաձայան` այդ հաղթանակը տեղի է ունեցել Ք. ա. 2492թ օգոստոսի 11-ին, որն էլ դարձել է տոմարի մեկնակետը, եղել է Նավասարդ ամսվա առաջին` Արեգ օրը»,-տոնի օրվա ընտրությունը այսպես է բացատրում պատմաբան Արտակ Մովսիսյանը եւ հավելում, որ Նավասարդի Արեգ օրը, եւ դրան նախորդող Ավելյաց ամսվա հինգ տոնական օրերը մեր նախնիները նշել են տոնակատարություններով` կոչելով դրանք «Նավասարդյան տոներ»: Նախաձեռնողներն առաջարկում են Նավասարդի Արեգ օրը հայտարարել Հայոց ազգային ինքնության տոն եւ վերականգնել Նավասարդյան տոները: Տոներին առաջարկվում է հրավիրել հայրենիքի եւ սփյուռքի ներկայացուցիչների խորհրդաժողով` ամփոփելու նախորդ տարվա արածն ու նախատեսելու եկող տարվա անելիքը, անցկացնել համահայկական միջոցառումներ, տոնը նշել ամեն տարի, իսկ տասը տարին մեկ` հոբելյանական շուքով: Հայկ Չոբանյանը գտնում է, որ նման տոն ունենալը կարեւոր է ներկայիս գլոբալիզացիայի պայմաններում. «Դա մեր իմունիտետն է, մեր ազգային ներուժի արժեւորումն է, որով պետք է պայքարենք մեր արժեքների պահպանման եւ նոր աշխարհում հայեցի դրսեւորվելու առումով»,-ասում է պատմաբանը եւ պարզաբանում, որ ընտրված օրը` օգոստոսի 11-ը, լավագույնս բնութագրում է  ազգային ինքնություն գաղափարի էությունը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր ձեւաչափերով փորձում են խեղաթյուրել տոնի էությունը, մեր նպատակն է ճիշտ ներկայացնել այն հանրությանը»,-ասում է պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ բացատրում, որ տոնի առումով հակասություն չկա կրոնական հարթությունում. «Արհեստական լարվածության կարիք չկա, այս գաղափարը էթնիկական ընկալման տոն է, կփորձենք հային վերադարձնել իր էությանը»: Տոնի օրվա տեղափոխումը կամ համադրումը մեկ այլ օրվա հետ Արծվիկ Մինասյանի համար անընդունելի է, «քանի որ կխեղաթյուրվի հայի ձեւավորումը, հետո էլ` Հայկի եւ Բելի ճակատամարտից հետո հայ ազգը սկսեց  ձեւավորվել որպես հսկայական միավոր»: Արտակ Մովսիսյանն էլ ասում է, որ նման տոնը կարող է դառնալ տոմարի սկիզբ, քանի որ նման օրինակները շատ են. «Օրինակ Ֆրանսիական հեղափոխության հաղթանակով նոր տոմար սկսվեց, կամ էլ Տիգրան Մեծը, երբ գրավեց փյունիկյան քաղաքները, նրանց ազատություն շնորհեց, եւ նրանք տոմարի սկիզբը սկսեցին հաշվել Տիգրան Մեծի շնորհումից, ուստի սեփական նահապետի հաղթանակի օրը կարող է եւ պետք է դառնա տոմարի սկիզբ»: Պատմաբանը նշում է, որ օրը, ըստ ավանդապատումների,  այլ խորհուրդ էլ ունի. «Այդ օրը Նոյ նահապետի տապանը կանգ առավ Արարատ լեռան վրա, այսինքն` ջրհեղեղի ավարտը եւ մարդկության վերածնունդն է խորհրդանշում  օրը, փաստորեն սա երկու սկիզբ է միանգամից»: Բանախոսները կարեւորում են նման տոն ունենալը, քանի որ համայն հայության համար  Հայկ նահապետը Հայոց ազգային միասնության գլխավոր եւ անխաթար խորհրդանիշն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter