HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արթուր Մկրտչյանն իր գործունեությամբ ապացուցել է, որ քաղաքականությունը լինում է միայն բարոյական

Այսօր Ղարաբաղում նշում են ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան 50-ամյակը: Պետականորեն անցկացվող հոբելյանական միջոցառումների շրջանակներում առավոտյան Ստեփանակերտի հուշահամալիրում Արթուր Մկրտչյանի շիրմաքարի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, Հայաստանից ժամանած հյուրեր, հարազատներ, հասարակության տարբեր անդամներ: Այնուհետեւ Ազգային ժողովի ճեմասրահում տեղի ունեցավ Արթուր Մկրտչյանի ծննդյան 50-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ, որի ընթացքում նրա գործընկերներն ու ծանոթները հիշեցին այն օրերը, որոնք անց էին կացրել Արթուր Մկրտչյանի հետ միասին: ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, այժմ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը խոսելով Արթուր Մկրտչյանի գործունեության մասին, շեշտեց, որ նա սկիզբ դրեց Ղարաբաղի պետականությանը եւ մեծ էր այն` ամուր հիմքերի վրա դնելու նրա ցանկությունը: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Գրիշա Հայրապետյանն անդրադարձավ Արթուր ընկերոջը, քաղաքացուն, մտավորականին. «Երբ ընկերներով հավաքվում եւ քննարկում էինք տարբեր հարցեր, մեզ հաճախ թվում էր, թե Արթուրը մեր մակարդակի, մեզ պես մտածող մի հասարակ մարդ է, սակայն երբ առաջին անգամ Գալինա Ստարավոյտովան եկավ Ղարաբաղ, որ տեսնի թե որտեղ է ծնվել, սովորել Արթուրը, հավաքվեցինք Արթուրի մոտ, եւ լսելով նրա ու Ստարավոլտովայի զրույցը հասկացանք, որ Արթուրը մեզ հետ շփվելուց արհեստականորեն իրեն իջեցնում էր մեր մակարդակին: Երբ սկսվեց շարժումը` Արթուրին ճանաչեցինք միանգամայն այլ ձեւով: Նա առաջին անգամ արտահայտեց ազգային-ազատագրական շարժում արտահայտությունը, որն այն ժամանակ բոլորիս համար շատ խորթ էր: Բայց նա կարողացավ ճիշտ ներկայացնել, եւ ժողովուրդը հասկացավ, որ իրոք սկսել է այդ ազատագրական շարժումը: Այսօր Արթուրը չկա: Բայց այն, ինչ նա կարողացավ անել, այն բարոյական հետքը, որ թողեց` անջնջելի է»: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, որին, ինչպես ինքը շեշտեց, պատիվ է ընձեռվել լինել Արթուր Մկրտչյանի դիսերտանտը` շատ կարճ ժամանակամիջոցում, բոլորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ  «Արթուր Մկրտչյանը եւ առաջին գումարման Գերագույն խորհրդի նրա գործընկերները մեր երկրում սկիզբ են դրել պառլամենտարիզմի ավանդույթներին»: «Նրա կենսագրության յուրաքանչյուր տարեթիվ արժանի է նրան, որպեսզի մենք` ինքներս, մեր գալիք սերունդներն ունենանք դրանք հիշողության մեջ, որովհետեւ նա իր ամբողջ գործունեությամբ ապացուցել է, որ քաղաքականությունը լինում է միայն բարոյական: Նա հաստատել է այն միտքը, որ անբարոյական քաղաքականություն չի լինում, առավել եւս մեր պայմաններում»,-ընդգծել է Աշոտ Ղուլյանը: Հիշեցնենք, որ անկախ Ղարաբաղի առաջին ղեկավարի 33-ամյա կյանքը ողբերգականորեն ընդհատվեց 1992 թ. ապրիլի 14-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter