HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Արմեն Աղայան. «Պետք է խոսել ընդդիմության փոփոխության մասին, որը կստեղծի նոր իշխանություն»

16_02-a_aghayan1Նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններում նկատվող տեղաշարժերը, Լեռնային Ղարաբաղի խնդրի սրացումը, տնտեսական ճգնաժամը, եվրաինտեգրման հետ կապված իրադարձությունները Հայաստանում հանգեցրել են հանրային գիտակցության խորքային փոփոխությունների: Ընդհանուր առմամբ, նման եզրահանգման են եկել մի շարք փորձագետներ (որոնք, սակայն, ցանկացել են անհայտ մնալ)` հանդես գալով «Հետընտրական տարին: Զարգացումներ և հանրային գիտակցության փոփոխություններ» խորագիրը կրող զեկույցով: Զեկույցը լրագրողներին ներկայացնող վերլուծաբան Արմեն Աղայանը հայտարարեց, որ Հայաստանում վախճանվում է անգաղափար, դեմոկրատական ռևանշիստ ընդդիմության տեսակը, որ գոյություն ուներ 1996 թ. մինչ օրս, և ապագայում ընդդիմության ավելի գաղափարական ձևաչափի ի հայտ գալու խնդիր է առաջանում. «ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում առաջին նախագահի պարտությունից հետո չի աշխատելու, և այս տեսակի ընդդիմության նկատմամբ հավատը վերացել է»,- կարծիք հայտնեց նա: Ըստ Արմեն Աղայանի`իշխանափոխության խնդիրը երկրորդ պլան է մղվելու, քանի որ ձևավորվելու է այն գաղափարը, որ իշխանափոխությունը հնարավոր է նոր տեսակի ընդդիմության առկայության դեպքում, և գաղափարական խմորումները գնալու են «ընդդիմությունափոխության» շուրջ. «Հին գաղափարական քաղաքական ընտրանին նույն կերպ է մտածում, անկախ նրանից` ընդդիմություն է, թե իշխանություն, դրա համար էլ պետքէ լինի սերնդափոխություն, և հին իշխանությանը պետք է փոխարինի նոր ընդդիմությունը»: Սակայն այսօրվա քաղաքական դաշտում Արմեն Աղայանը չի տեսնում այնպիսի ուժեր կամ այնպիսի մարդիկ, ովքեր կարող են հավակնել նոր ընդդիմություն լինելու կարգավիճակին: Արմեն Աղայանը նկատում է, որ որպես այդպիսին` Հայաստանում անգամ կուսակցություններ չկան. «Իրենց կանոնադրության համաձայն` Հայաստանի կուսակցությունները կուսակցություն չեն, դրանցից ոչ մեկը 2000 անդամ չունի, ոչ մեկը` բացառությամբ Դաշնակցության, չի ընտրում իր ղեկավարին, ղեկավարն է նշանակում խորհրդի կազմը, դա արդեն կուսակցություն չէ, այլ անհատի սեփականություն, իսկ կուսակցություններն իրականում ստեղծվում են խորը գաղափարական խմորումների պարագայում: Կոլեգիալ թիմի ի հայտ գալը Ղարաբաղ կոմիտեի նմանությամբ է լինելու, և դրա մեջ չեն լինելու մեզ հայտնի լիդերներ, ընդդիմության տեղը դատարկվում է, և այն չի կարող ընդմիշտ թափուր մնալ»,- ասում է Ա. Աղայանը: Հենց այս առումով Արմեն Աղայանը համոզված է, որ ոչ մեկը չի կարող «իր քիթը խոթել անգամ խորհրդարան», հաղթահարել 5 %-ոց արգելքը, եթե համոզիչ ձևով հանդես գա որպես ռեալ իշխանափոխության հնարավորություն ունեցող մարդ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո դա անելը շատ դժվար է: Արմեն Աղայանի մեկնաբանությամբ` այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը միայն մի խնդիր է լուծում. «Նա ուզում է ստեղծել մի կոնգրես, ինքը դուրս գա, և այդ մարդիկ դեռ Լևոնի ստվերի տակ մտնեն խորհրդարան: Այս ֆորմատը շատ նման է «Արդարություն» դաշինքի ֆորմատին, որտեղ Կարեն Դեմիրճյանը չկար, բայց դա համարվում էր նրա ցուցակը, այսինքն` նա փորձում է ընդդիմության տեղը չզիջել այլ ուժերի և այդ տեղը պահպանել մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ»: Արմեն Աղայանի խոսքերով` խորհրդարանական ընտրություններում Կոնգրեսը կարող է մոտ 15 տոկոս հավաքել, բայց ոչ` իշխանափոխություն անել: Դրա համար էլ, ըստ Աղայանի, պետք է տարին 2 անգամ ինչ-որ ակտիվացումներ դրսևորեն այդ նպատակով: Արմեն Աղայանի համոզմամբ` ընդդիմության դաշտում գործող մարդիկ դժգոհ են իրենց լիդերից. «Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանին քննադատում են ոչ միայն նրա համար, որ այսօր Լեռնային Ղարաբաղի հարցում սխալ դիրքորոշում ունի, այլ որ միտինգները դադարեցրեց, չի ուզում իշխանափոխություն անել, հոգնել է»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter