HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ժ.Գալստյան. «Արթուրի նման առաջնորդ ունեցող ժողովուրդն իրավունք չունի շեղվել այդ բարոյական չափանիշներից»

002«Արթուրի ամբողջ կյանքը` ոչ միայն իր խորհրդարանական այդ երեք ամիսները, այլ ընդհանրապես իր նախկին ապրած տարիները, արդեն դարձել են հենց նրա խորհրդանիշը: Ինքն իր կյանքով, իր ապրելակերպով, իր կենսակերպով եղել է այն մարդը, որը շարունակելով այդ գործը վերջնականապես իր երազանքների իրականացմանն է գնացել` այսինքն հայոց պետականության վերականգնման ու մեր անկախության ձեռքբերման»,-ամուսնու մասին այսպես ասաց այսօր մեզ հետ զրույցի ժամանակ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի այրին՝ Գոհար Մկրտչյանը: Նա նույնպես մասնակցում էր ԱԺ-ում կազմակերպված հուշ-ցերեկույթին: «Գտնում եք, որ այսօր Արթուր Մկրտչյանի երազած երկիրն է կառուցվում» հարցին ի պատասխան նա շեշտեց. «Կարծում եմ, որ որոշ մարդկանց պիտի դուր չգա, եթե ես անկեղծ լինեմ ասելով, որ որոշ չափով մեր որոշ ձեռքբերումներով հասել ենք դրան, այսինքն երբ մենք այսօր անկախ ենք, ինքնուրույն ենք մեր ապրելակերպը որոշում, մեր քաղաքաներն ենք վերականգնում, կառուցում` առանց օտարի միջնորդության: Սակայն ինչ-որ առումով մենք այդ հասարակությունը չենք, որի մասին երազում էինք»,-ասաց Գոհար Մկրտչյանը: Իսկ առաջին գումարման Գերագույն խորհրդի անդամ, այժմ նույնպես պատգամավոր Ժաննա Գալստյանը մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց այն կարծիքը, որ արցախյան շարժման մեջ որեւէ բան պատահական չէ: «Ամեն ինչի մեջ ես տեսնում եմ Աստծո նախախնամությունը, որից մեկն էլ եղել է այն, որ Արթուր Մկրտչյանը դարձել է մեր երիտասարդ պետության առաջին ղեկավարը: Շարժման գերխնդիրը, գաղափարը այնքան արդար, այնքան մաքուր, այնքան աստվածային է եղել, որ այդ երկրի առաջին ղեկավարը պետք է այդ բոլոր հատկանիշներն իր մեջ ունենար, լիներ բարոյապես մաքրամաքուր անձ, բահը ճանաչող գյուղացի, մտավորական, ընդ որում հենց պատմաբան, որը մոտ է արմատներին, գիտի նախապատվությունը ու պետք է լիներ նաեւ զենքը վերցնող մարդ: Այդ բոլոր հատկանիշները Արթուրի մեջ կար: Նրա նման առաջնորդ ունեցող ժողովուրդն իրավունք չունի շեղվել այդ բարոյական չափանիշներից, արժեքների համակարգից` լինի ղեկավար, շարքային որեւէ մարդ, զինվորական, թե մտավորական: Եթե շեղվում է` կա Արթուրի նախատինքը»,-հավելել է Ժ.Գալստյանը: Նրա համոզմամբ, պատահական չէ, որ «այսօր վերջապես պետականորեն ենք անդրադառնում Արթուրի կերպարին: Այստեղ էլ եմ տեսնում Աստծո նախախնամությունը, երեւի այստեղ էլ կա բեկումնային հեղաշրջման` դեպի արմատը, ակունքը վերադառնալու պահանջը, դա արդեն անհրաժեշտություն է: Ի վերջո երեւի մենք էլ ենք հասկացել, որ եթե չունենանք այդ արժեքային համակարգը, դատապարտված ենք լինելու այս անգամ ավելին, քան երբեւիցե: Ուրախ եմ, որ այսօր որպես մեր խորհրդանիշ ընտրում ենք հենց Արթուրի կերպարը, իսկ դա բարոյական կերպար է»,-եզրափակել է ԱԺ պատգամավորը: Այսօր երեկոյան Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում Արթուր Մկրտչյանին նվիրված ցուցահանդեսից հետո տեղի կունենա հանդիսավոր միջոցառում, որտեղ բացի ելույթներից, կցուցադրվի նաեւ նրա մասին պատմող տեսաֆիլմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter