HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճգնաժամի հիմնական բեռը հետո ենք զգալու

«Հետքի» կլոր սեղանի շուրջ Հայաստանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արտահայտման ձեւերի, սպասվող հետեւանքների եւ դրանց հաղթահարման ուղիների մասին բանավիճում են Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ խմբակցություն), «Պոլիտէկոնոմիա» հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը եւ «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

Է. Բաղդասարյան - Հայաստանում ինչպե՞ս արտահայտվեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Սկզբում հայտարարվում էր, որ այն մեր երկրի վրա ազդեցություն չի գործելու: Հիմա ճգնաժամը մեզ վրա ազդե՞լ է, եւ եթե այո, ի՞նչ հետեւանքներ է այն ունեցել:

Բ. Ասատրյան – Իշխանությունը հակված է խոսել միայն դրական տեղաշարժերի մասին կամ ասել, որ ճգնաժամը որեւէ ազդեցություն չի ունեցել: Հիմա եկեք նայենք պաշտոնական վիճակագրությանը: Նախորդ տարին ամփոփեցինք տնտեսական աճի կրճատմամբ` ավելի քան երկու անգամ: Վերջին 10 տարիների ընթացքում գրանցվեց ամենաբարձր գնաճը, բացի դրանից` ներմուծման ծավալների կտրուկ աճ` մոտավորապես 35 տոկոսով, եւ արտահանման ծավալների, անգամ դոլարային արտահայտությամբ, բարձրացող (բացարձակ) թվի կրճատում, որի պարագայում արտաքին առեւտրի դեֆիցիտը մոտավորապես 4 անգամ (3,3-3,4 միլիարդ) մեծացավ: Բացի այդ, նվազել են արտաքին պահուստները եւ´ բացարձակ, եւ´ հարաբերական թվով, որ ավելի ծանր է: 2008 թ. տարեսկզբին արտաքին պահուստները կազմել են 1 մլրդ 650-655 մլն դոլար, տարին ավարտել ենք 1 մլրդ 400 միլիոնով: Եթե 2007-ը ամփոփելիս արտաքին պահուստների մակարդակը համապատասխանում էր ավելի քան 6 ամսվա ներմուծմանը, ապա 2008 թ. փակեցինք 4 ամսվա ներմուծման ծածկույթով, որն ուղղակի վտանգավոր է դարձնում մեր երկրի վճարունակությունը, արտաքին առեւտրի իրականացումը: Եվ վերջինը` 2008-ին մենք ունեցել ենք տնտեսության անկում, ընդ որում` մասշտաբային: Եվ սա այն պարագայում, երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը դեռեւս մեզ վրա չի ազդել կամ հիմնական հարվածները դեռ չեն եղել: Տրանսֆերտների աճը շարունակվել է, զբաղվածության էական տատանումներ չեն գրանցվել, կառուցվածքային լուրջ փոփոխություն տնտեսության մեջ չի եղել: Իհարկե, պղինձ, մոլիբդեն արտադրողի պրոբլեմը կա, բայց դա ընդամենը կազմում է արտահանման 20 տոկոսը, ՀՆԱ-ի մեջ որոշիչ դեր չի խաղում: Զգալի անկում է ապրել շինարարությունը, այն էլ` անհասկանալի, որովհետեւ ֆինանսական տեսանելի հոսքերի տեսանկյունից տեղաշարժ տեղի չի ունեցել, բայց շինարարությունն անկում է ապրել: Կարծում եմ` պատճառներից մեկն այն է, որ այստեղ աշխատում էր ստվերային փողը: Այս համատեքստում եթե հաշվի առնենք նաեւ առկա սպասումները` տրանսֆերտների նվազում, գործազրկության կտրուկ աճ, Ռուսաստանից ժամանակին աշխատանքի մեկնածների վերադարձ, դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի Հայաստանում, եթե այս միտումները փոխանցենք 2009 թ.:

Է. Բաղդասարյան – Այսինքն` այս ամենը դեռ սպասվում է, եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բուն հարվածը դեռ չե՞նք զգացել:

Բ. Ասատրյան – Ես կարծում եմ, որ հիմնական բեռը կզգանք աշնանը եւ մյուս տարվա գարնանը:

Է. Բաղդասարյան – Ես մի բան չեմ հասկանում` ինչո՞ւ կառավարությունը չի ցանկանում այդ մասին խոսել, անկեղծ ասել, որ առկա են նման խնդիրներ: Ինձ զարմացնում է նաեւ Ազգային ժողովի պահվածքը, որտեղ որեւէ լուրջ քննարկում կարծես թե չի ծավալվում այս թեմայով:

Ա. Թեւանյան – Սկզբում մեր իշխանություններն ասում էին` սատանի ականջը խուլ, ճգնաժամից մի խոսեք, եւ այն չի գա Հայաստան: Թե ինչո՞ւ կառավարությունն այդ մասին չի խոսում, ես ունեմ հետեւյալ տեսակետը. տնտեսական անկումային այն գործընթացները (վերջին տարիներին մեր երկրում տնտեսական աճի լոկոմոտիվ հանդիսացող երկու ճյուղերը` շինարարություն եւ ծառայությունների ոլորտ, 2007-ից սկսած արձանագրել են կտրուկ անկում), որ Հայաստանում արձանագրվում էին եւ դեռեւս շարունակելու են խորանալ, առավելապես պայմանավորված են ոչ թե միջազգային շուկաների ազդեցությամբ, այլ կառավարության տնտեսական քաղաքականությամբ: Միջազգային շուկայում տիրող իրավիճակն, անշուշտ, իր ազդեցությունն ունի, մասնավորապես Ռուսաստանում տիրող իրավիճակը, որովհետեւ, ըստ էության, Հայաստան էին մտնում այնտեղ շինարարության ոլորտում գոյացող փողերը: Երբ նավթի միջազգային գներն աճում էին, Ռուսաստանն իր վրա զգում էր այդ աճի ազդեցությունը եւ, բնականաբար, այնտեղ հիմնական միջոցներն ուղղվում էին նաեւ շինարարության ոլորտ: Իսկ քանի որ Հայաստանից մեկնողների մոտ 80 տոկոսն իր գումարը վաստակում է շինարարության ոլորտում, երբ Ռուսաստանում դադարեց շինարարության աճը, մենք այստեղ անմիջապես զգացինք: Բայց միայն այդ տրանսֆերտների խնդիրը չէ, որ Հայաստանում պայմանավորում է տնտեսական գործընթացները: Մեզ մոտ 2007 թ. սկսած` վարվում է մի տնտեսական քաղաքականություն, որի հիմնական նպատակը ես կանվանեի բյուջետային ինքնանպատակ: Երբ 2007-ի համեմատ 2008-ին Հանրապետական կուսակցության խորհրդարանն ընդունեց 2,5 միլիարդանոց բյուջե, այսինքն` մոտ 800 միլիոնով նախորդ տարվանից ավելի, դա արդեն ահազանգ էր, որ հատկապես փոքր ու միջին բիզնեսն իր վրա զգալու է լուրջ ծանրություն: Ճիշտ է` բացարձակ թվերով փոքր ու միջին բիզնեսն այդքան մեծ գումարներ չեն տալիս, բայց համամասնության առումով դա լուրջ բեռ է իրենց համար: Մանավանդ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 2007-ի ամռանից, երբ գումարվեց նոր Ազգային ժողովի առաջին արտահերթ նիստը, փոփոխության ենթարկվեց «Պարզեցված հարկի մասին» օրենքը, որն ուղղակիորեն հարվածեց փոքր ու միջին բիզնեսին եւ հատկապես փոքրին: Խնդիրը ներկայացվում է այնպես, թե մենք բոլորս ուզում ենք անցնել հավասար հարկման դաշտ: Բայց դա անտրամաբանական է այն պայմաններում, երբ, ասենք, խոշոր եւ փոքր բիզնեսը պետք է հայտնվեն նույն դաշտում: Մեկ տարի պահանջվեց, որպեսզի կառավարությունը որոշակիորեն հետքայլ կատարի եւ սահմանի 58 միլիոնանոց շեմը, սակայն շահութահարկը նորից պահվում է 2-10 տոկոսի սահմաններում: Ամբողջ 2008 թ. ընթացքում մենք ունեցանք բազում փակված փոքր տնտեսվարող սուբյեկտներ: Երբ եկավ ճգնաժամը, եւ փորձագետներս ահազանգում էինք այդ մասին, ներկայացվեց մի բյուջե, որը, ըստ էության, 2008 թ. ամռանից սկսած էր նախապատրաստվել, այսինքն` բացարձակապես որեւէ բան հաշվի առնված չէր: 2009 թ. համար ներկայացվեց է´լ ավելի մեծ բյուջե` ավելի քան 3,1 մլրդ դոլար ծախսային մասով, որն է´լ ավելի մեծացրեց հարկային բեռը տնտեսվարող սուբյեկտների վրա: Ահա այս պայմաններում, բնականաբար, ես գնահատում եմ, որ Հայաստանի տնտեսական ճգնաժամն առավելապես կամ առնվազն 50-50 հարաբերակցությամբ պայմանավորված է Հայաստանի կառավարության տնտեսական, մասնավորապես հարկային եւ մաքսային քաղաքականությամբ: Եթե բյուջեում այդպիսի թվեր են դրված, ապա բնական է, որ մաքսազերծման արժեքներն էլ պետք է կամայական բարձրացվեն, պետք է մեծացվի հարկային «պրեսինգը», եւ բնական է, որ տնտեսվարող սուբյեկտները չեն կարող դիմանալ այդ հարկային բեռին: Այս ամենը պայմանավորում են նրանով, որ ուզում են պայքարել ստվերային տնտեսության դեմ: Սակայն ստվերային տնտեսության դեմ պայքարելու համար պետք է օրենսդրորեն իջեցնել ռեալ հարկման բազաները, որովհետեւ նախկինում դրվածները չեն գործել: Հիմա եթե ասում են` օրենքն ամբողջությամբ պետք է գործի, դա փաստացի հարկային բեռի ավելացում է: Բացի այդ, բյուջեի այն քաղաքականությունը, երբ փոքր բիզնեսն ամբողջությամբ ՀԴՄ-ացվում է, ինձ հուշում է, որ ականատեսն ենք լինելու հետեւյալ գործընթացի. փոքր բիզնեսի ներկայացուցիչները կամ փակվելու են, կամ դառնալու են վարձու աշխատող միջին բիզնեսի մոտ: Խոշոր բիզնեսի ներկայացուցիչները մխրճվելու են փոքր ու միջին բիզնեսի տարածք: Երկրորդ ցիկլի ժամանակ, երբ արդեն փոքր բիզնեսը փաստացի դադարելու է գոյություն ունենալ, խոշոր բիզնեսի կողմից լուրջ առճակատում է սկսվելու միջին բիզնեսի դեմ եւ, ըստ էության, իրենք էլ են կլանվելու խոշորի կողմից: Վերջում կառավարությունը սպիտակ ձիու վրա կգա եւ կհայտարարի` մենք հիմա խոշորներին կոչնչացնենք, ու հասարակությունն այդ քայլը կողջունի: Այսինքն` ուզում են կիրառել 20-րդ դարասկզբի բոլշեւիկների ասածը` «էքսպրոպրիացիա (սեփականազրկություն) էքսպրոպրիատորով»: Տարվա սկզբում հայտարարվեց, որ թիրախը խոշոր բիզնեսն է, ես հավատում եմ, որ իրենք անկեղծ էին, բայց իրենց նպատակները չար են: Այսինքն` դրված է սեփականության վերաբաշխման խնդիր, եւ դրա լավագույն միջոցը բյուջեն մեծացնելն է: Հարկային միջոցների հավաքագրման միջոցով, ըստ էության, տնտեսությունը վերաբաշխվում է:

Է. Բաղդասարյան – Բայց ես չեմ կարծում, որ խոշոր բիզնեսին ինչ-որ բան կպատահի, հարկային բեռը նրանց վրա չի էլ տարածվում:

Ա. Թեւանյան – Այս փուլում բեռն ավելանում է փոքրի վրա, որովհետեւ եթե ՀԴՄ ենք պահանջում փոքր բիզնեսից, նա ընկնում է եռակի հարվածի տակ: Առաջին` նա չի կարողանում փաստաթուղթ` հաշիվ-ապրանքագիր ստանալ խոշորից, որպեսզի հիմնավորի իր ծախսերը եւ հասույթ-ծախս տարբերության վրա քիչ տոկոսներ վճարի պետությանը: Դրա համար այսօր փոքր բիզնեսը շահագրգռված չէ տրամադրել ՀԴՄ-ի կտրոն, որովհետեւ չի կարողանում ապահովել ծախսերը: Երկրորդ` ամբողջ հասարակությանը դարձրել են հարկային տեսուչ` հայտարարելով, որ ՀԴՄ-ի կտրոնները շահող լոտոներ են: Մենք ամաչում էինք, որ մասնավոր լոտոների միջոցով ամբողջ հասարակությունը լոտոյացվել է, բայց հիմա այդ երեւույթը բարձրացավ պետական մակարդակի: Մյուս կողմից` այս երեւույթի պատճառով միմյանց նկատմամբ թշնաբար են տրամադրվում վաճառողն ու գնորդը:

Է. Բաղդասարյան – Լավ, պարոն Թեւանյան, Ձեզ նշանակում են վարչապետ, ի՞նչ քայլեր կձեռնարկեք: Ա. Թեւանյան – Կսկսեի վերեւից` խոշորից: Ես կառավարության ներկայաչուցչի հետ բանավիճելու առիթ ունեցել եմ: Հարցնում եմ` ինչու եք ներքեւից սկսել, ասում է` քանի որ պետական ապարատն այդքան արդյունավետ չէ (սա պաշտոնապես է հայտարարվել), մենք փոքրերին կստիպենք, որպեսզի իրենք գնորդներին ՀԴՄ կտրոններ տրամադրեն եւ հասկանան, որ խոշորից ստիպված են պահանջել անհրաժեշտ փաստաթղթերը: Այսինքն` դասական բոլշեւիկյան դասակարգային պայքարի մեթոդ է դրված, որ փոքրերն իրենց փոքր ուժով պետք է ստիպեն, որպեսզի խոշորն իրենց փաստաթուղթ տրամադրի: Բայց սա խոշորագույն բլեֆ է: Եթե Հայաստանն առավելապես դարձել է ներկրողների երկիր, ներմուծման ժամանակ արդեն մաքսայինում ֆիքսվում է, թե ինչքան ապրանք է եկել: Այսինքն` վաճառքի ժամանակ իրենք նույն քանակը պետք է տրամադրեն հարկայինին: Եթե չեն տրամադրում, ապրանքը կա´մ պահեստում պետք է լինի, կա´մ թղթի վրա: Թող գնան խոշորից սկսեն, վերջում փոքրին պարտադրեն: Այս պարագայում ես կողմ կլինեմ, որ փոքրն էլ ՀԴՄ կտրոնով աշխատի եւ իր չափով հարկերը վճարի:

Է. Բաղդասարյան – Այդ դեպքում ինչո՞ւ եք դեմ, երբ հայտարարվում է, որ թիրախը խոշորներն են, քանի որ իրենք գուցե հենց դա էլ նկատի ունեն:

Ա. Թեւանյան – Որովհետեւ եթե բարեփոխումը սկսվում է ներքեւից, այդ ընթացքում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները կվերանան: Իսկ վաղը, երբ ուզենան խոշորին բռնել, այսինքն` իրագործել «Խոդորկովսկի 2» օպերացիաներ, հասարակությունը կողջունի: Հասարակությունը խմոր է, եթե վերեւից դրվում է դասակարգային պայքարի պահանջը, աշխատում է թշնամանքի մոդելը: Իսկ եթե դրվում է համագործակցության մոդել, աշխատում է համագործակցության, դեմոկրատիայի մոդելը: Այսօր թիրախ է հայտարարված սեփականատերը, եւ եթե նկատել եք` պետական ամբողջ քարոզչությունն ուղղված է սեփականատիրոջ, կոպիտ ասած` բուրժուազիայի դեմ: Ու որպեսզի հիմնավորեն իրենց քայլերը, ասում են` թոշակ ենք բարձրացնում: Այդ «թոշակառու պետության» կոնցեպցիան խոշորագույն դեմագոգիան է, երբ ասում են` ժողովուրդ ջան, հարկ չտվող սեփականատերերն են մեղավոր, երբ նրանց կվերացնենք, ամեն ինչ լավ կլինի: Սա մաքուր կուլակաթափության մոդել է: Բայց այն ժամանակ կար գաղափարախոսություն, եւ ամբողջ ժողովուրդը վերածվել էր գաղափարախոսական լրտեսների: Հիմա, քանի որ այս իշխանության գաղափարը փողն է, ամբողջ ժողովուրդը դարձել է հարկային տեսուչ: Դրա համար ընդամենը պետք է հայտարարել` «շահում ես դու, շահում է պետությունը»: Շատ նման է` «պրոլետարներ բոլոր երկրների, միացե'ք» կարգախոսին: Սա վտանգավոր բոլշեւիկյան իշխանություն է, եւ այս ամբողջն արվում է մեկ մարդու էկոնոմիկայի համար:

Բ. Ասատրյան – Երբ խոսում ենք 2008 թ. տնտեսական իրադարձությունների մասին, կարծում եմ` քաղաքական հարթությունից չպետք է վերանանք: Ինքս հրապարակել էի տարվա առաջին 5 ամսվա տվյալները: Այն բացասական միտումները, որոնց մասին մենք հիմա խոսում ենք, մասնավորապես պահուստների, արտաքին ակտիվների նվազում, արդեն տեսանելի էր անցյալ տարվա 5 ամիսների արդյունքով: Ասածս հետեւյալն է, որ այս տնտեսական արդյունքների վրա իրենց ազդեցությունն են ունեցել, իհարկե, քաղաքական իրադարձությունները` սկսած նախընտրական փուլից, խայտառակ ընտրություններով եւ մարտի 1-2-ի ողբերգությամբ, որն ուղղակի նորմալ, հավասարակշռված ներդրողներին Հայաստանից վանեց:

Ա. Մինասյան – Ուղղությունների եւ պրոբլեմների առումով իմ գործընկերների ասածների հետ հիմնականում համաձայն եմ, բայց հարցադրումների, ոճի եւ նաեւ սրության առումով համաձայն չեմ: Երբ խոսում ենք հարկային եւ մաքսային վարչարարության ուժեղացման մասին, եւ երբ հայտարարվում է` «խոշոր բիզնեսը` թիրախ», պատճառը շատ պարզ է: Եկամուտների մասով այսօր մեր բյուջեում խոշոր բիզնեսը շատ ցածր մասնակցություն ունի, հետեւաբար, պետք է թիրախ հայտարարվի, որպեսզի ապահովվի զգալի մասնակցություն: Եվ դա պետք է արվի հասարակության բոլոր շերտերի ներգրավմամբ: Պարոն Թեւանյանն ասում է` բոլշեւիկյան մոտեցում է: Ուր էր, որ գոնե այդպիսի մի քայլ լիներ: Նույնիսկ նման քայլ չկա: Դուք կլասիկ ձեւով պաշտպանեցիք հարստության կուտակման այն այլանդակ պրոցեսը, որը տեղի է ունեցել այս երկրում: Հիմա ասում եք` չկպչենք անօրինական ձեւով կուտակված սեփականությանը: Այդպես չէ: Ես կողմ եմ այն գաղափարին, որ ՀԴՄ կտրոնները պետք է պահանջել բոլորից, բայց իրականացման այս ձեւին ես դեմ եմ: Քաղաքակիրթ երկրներում լոտո խաղացնելու փոխարեն գործում են տարբեր ձեւեր: Երբ որոշակի պարբերությամբ քաղաքացին ներկայացնում է իր կտրոնները եւ իր կատարած առեւտրի 5 տոկոսը վերադարձվում է: Այս դեպքում իսկապես բոլոր առեւտուր անողները կդառնան հարկային տեսուչ, եւ այդ ժամանակ տեսչությունն այլեւս այս ծավալի պետք չէր լինի: Մենք կգնայինք նաեւ վարչական մարմնի էական կրճատման` ծավալների, ծախսերի առումով: Համաձայն եմ, որ լոտոյի մեխանիզմը լավագույնը չէ:

Բ. Ասատրյան – Ձեր ասածը ենթադրում է հարկային մեխանիզմի ամբողջական փոփոխություն, որին այս իշխանությունները չեն գնա:

Ա. Թեւանյան – Լրիվ համաձայն եմ, բայց ինչու՞ վերեւից չսկսել: Զբաղվեք առաջին հերթին խոշորով: Եթե փոքր բիզնեսի ներկայացուցիչը ՀԴՄ կտրոնը տրամադրում է գնորդին, բայց խոշոր բիզնեսից չի կարողանում ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը, ստիպված դադարեցնում է իր գործունեությունը: Այդ դեպքում ո՞րն է դառնում նպատակը:

Ա. Մինասյան – Եթե թուղթը չի կարողանում ստանալ խոշոր բիզնեսի ներկայացուցչից, թող այդ մասին հայտնի համապատասխան մարմիններին: Դա է բարեխիղճ մոտեցումը:

Ա. Թեւանյան – Այսինքն` նա պետք է արդեն «գործ տալո՞վ» զբաղվի:

Ա. Մինասյան – Մեր մոտեցումները տարբեր են: Ինչ վերաբերում է պարոն Բաղդասարյանի այն հարցին, թե ԱԺ-ում այս թեմայով քննարկումներ չեն ծավալվում, ասեմ, որ այդպես չէ: Այլ հարց է, թե ինչ ձեւաչափով են քննարկումները լինում: Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ լինում է, տնտեսական բլոկին վերաբերող օրինագծերի քննարկումների ժամանակ լինում են: Կամ, ասենք, Կենտրոնական բանկը (ԿԲ) բերել էր գնաճի վերաբերյալ անցյալ տարվա եռամսյակային հաշվետվությունը, եւ քննարկումներ դարձյալ եղել են: Բայց դրանք այն հրապարակայնությունը չեն ունեցել, որ հասարակությունը տեղյակ լինի: Այլ խնդիր է նաեւ, թե ի՞նչ խորությամբ եւ ի՞նչ հարցադրումներով են այդ քննարկումներն իրականացվում: Այս պահին ես կարող եմ արձանագրել ընդամենը հետեւյալ խնդիրը` իսկապես, երբ տնտեսական ճգնաժամի վերաբերյալ հնչեցին առաջին կարծիքները, վարչապետը խնդրեց չքննարկել այդպիսի հարցեր, որպեսզի չձեւավորվի բացասական միտում: Հիմա այդ փուլն անցել է: Եթե ԱՄՆ-ի նախագահը կարողանում է այդ հարցը հրապարակայնորեն քննարկել, կարծում եմ` ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլեւ իշխանության ամենաբարձր պաշտոնում գտնվողները կարող են բաց տեքստով խոսել տնտեսության իրական վիճակի կամ այն քայլերի մասին, որոնք պետք է իրականացվեն: Նաեւ ասեմ, որ վարչապետը, ի պատիվ իրեն, ԱԺ ամբիոնից պետբյուջեի հաստատման ժամանակ ինչ-որ մոտեցումներ արտահայտել է: Երբ ասում եք, որ բյուջեում պետք է արտացոլվեր, ես հակադարձ հարց եմ ուղղում` ի՞նչ կուզենայիք բյուջեում տեսնել ճգնաժամի հետ կապված, որ չկա: Եվ երկրորդ` վարչապետի առաջարկած ծրագրերին ի՞նչ նոր ծրագրեր կարող եք ավելացնել: Օրինակ` «Դաշնակցություն» խմբակցությունը ներկայացրել է 15 կետից բաղկացած առաջարկություններ:

Ա. Թեւանյան – Ես ծանոթ եմ այդ առաջարկներին: Ասեմ ավելին, երբ ես Ձեր խմբակցությունից Նռանյանի հետ բանավիճում էի, նա խոսում էր այնպիսի բաներից, որ հիմա կառավարությունը ճիշտ հակառակն է անում: Ես նույնիսկ զարմացել էի եւ Նռանյանին հարցրի` կարո՞ղ է «Դաշնակցությունը» որոշել է դուրս գալ կոալիցիայից, որովհետեւ նա այնպես քննադատեց կառավարությանը, որ քարը քարին չթողեց: Բյուջեի ներկայացման ժամանակ, որպես ճգնաժամին դիմագրավելու ծրագրեր, վարչապետի ներկայացրած խոշորագույն շինարարական նախագծերի մասին բյուջեում որեւէ տող չկա: Օրինակ` Իրան-Հայաստան երկաթգիծ, ատոմակայանի կառուցում, Համահայկական բանկի ստեղծում: Պարզվում է, որ հակաճգնաժամային բոլոր ծրագրերն ունեն արտաբյուջետային տրամաբանություն: Ընդ որում` հիմա կառավարությունն արդեն մոռացել է, որ Հայաստանում ինչ-որ միջազգային կենտրոններ պետք է ստեղծեր. Ջերմուկը` առողջարանային, մեկ ուրիշ քաղաք` ֆինանսական եւ այլն: Այժմ պետությունը միայն երկու քայլ է կյանքի կոչում` ՀԴՄ եւ վարկ: Վարկը պետք է, որպեսզի ֆինանսական հոսքերը ծածկեն, ՀԴՄ-ն էլ` բյուջեն հավաքեն:

Ա. Մինասյան – Ձեր ասած հակաճգնաժամային ծրագիրը, փաստորեն, հանգում է ընդամենը հարկերն իջեցնելուն:

Ա. Թեւանյան – Հարկերի իջեցումը քայլերից մեկն է: Պետք է բյուջեն ենթարկել սեկվեստորի (ծախսերի կրճատում): Մեր պետությունը չի կարող այդքան բյուջե ունենալ, որովհետեւ այս պահին այդ խաղի կանոնները չեն համապատասխանում առկա իրողություններին:

Ա. Մինասյան – Ինչու՞, որովհետեւ Դուք դե՞մ եք ՀԴՄ-ներին:

Ա. Թեւանյան – Ես դեմ չեմ, բայց բարեփոխումները պետք է սկսել ներքեւից: Ես օլիգարխների դեմ պայքարի ավելի արդյունավետ մեթոդ եմ տեսնում` պայքարը սկսեք վերեւից եւ ապահովեք մրցակցային շուկա:

Ա. Մինասյան – Պայքարը չի կարելի բաժանել գոտիների, այն պետք է լայնամասշտաբ լինի` բոլոր ուղղություններով:

Ա. Թեւանյան – Կարեւորը բյուջե՞ն է, թե՞ մարդը: Հիմա բյուջեն նպատակ է դարձել: Եթե ձեր հարկային քաղաքականության պատճառով մի 10 հազար սուբյեկտ կորցնում է իր աշխատանքը, բյուջեի իմաստը ո՞րն է:

Բ. Ասատրյան – Իրականությունն այն է, որ վերջին 10 տարիների ընթացքում տնտեսական քաղաքականությունն իմաստազրկվեց եւ կորցրեց հրապարակայնությունը: Այն դարձավ աննպատակ, կամ դրվում էին այնպիսի նպատակներ, որոնք չէին կարող տնտեսության զարգացմանը որեւէ կերպ նպաստել: Եվ ամբողջն ուղղված էր կոնկրետ անձանց շահերի սպասարկմանը:

Ա. Մինասյան – Բայց ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ:

Բ. Ասատրյան – Երկնիշ տնտեսական աճը, պայմանականորեն ասած, պայմանավորված էր իբր շինարարական բումով: Իրականում 5-10 հոգու ճակատագրի մասին էր խոսքը: Վերջին 3-4 տարիների ընթացքում Հայաստանում տարեկան կառուցվել է ընդամենը 1500 բնակարան, առանձնատուն: Շինարարություն ասվածն ընդամենը սա էր:

Ա. Թեւանյան – Անշուշտ, դրականը եւս կար, մասնավորապես փոքր բիզնեսը շնչում էր, մարդիկ աշխատում էին պարզեցված հարկով, որը փոխարինում էր շահութահարկին եւ ավելացված արժեքի հարկին:

Ա. Մինասյան – Իրականում պարզեցված հարկի փիլիսոփայությունն ամբողջությամբ խախտված էր: Եկեք դրա անունը չդնենք պարզեցված հարկ, դա հարկի ցածր դրույք էր: Երբ նշվում է պարզեցման մասին, խոսում ենք հաշվապահությունից եւ թղթատարությունից:

Ա. Թեւանյան – Ոչ, 20-ական տոկոսներով շահութահարկը կազմում է 40 տոկոս, իսկ պարզեցվածը կազմում է 3,5 տոկոս: Ավելի քան 10 անգամ բարձրացվել է:

Ա. Մինասյան – Ես կարող եմ օրինակ բերել, որ պարզեցված հարկով աշխատողը ստանդարտ հարկային ռեժիմում շատ ավելի մեծ առավելություն կարող է ստանալ, քան Ձեր նշած պարզեցված հարկի պայմաններում:

Ա. Թեւանյան – Եթե թղթեր ունենա եւ կարողանա ցույց տալ ծախսերը:

Է. Բաղդասարյան – Պարոն Թեւանյան, իսկ ինչո՞ւ եք բոլոր օրինակներն առեւտրային դաշտից մատնանշում: Այլ ոլորտներում նոր օրենքով ավելի հեշտ է աշխատել:

Բ. Ասատրյան – Որովհետեւ փոքր բիզնեսում սուբյեկտների 90 տոկոսն առեւտրով են զբաղվում:

Ա. Մինասյան – Դուք կողմնակից եք անարխիայի գոյությանը: Այս երկրում քանի չի հաստատվել կարգ ու կանոն, քանի հարկատուն եւ սպառողը պետության հանդեպ չգիտակցեն իրենց իրավունքն ու պարտականությունը ...

Ա. Թեւանյան – Թող նախ խոշորը գիտակցի: Հետո` խոշոր բիզնեսը խորհրդարանով պաշտպանված է. նրանք ԱԺ-ում եւ կառավարությունում  են: Այդ փոքր ու միջին բիզնեսն է, որ անպաշտպան է մնացել:

Ա. Մինասյան – Այս երկրում ոչ ոք պաշտպանված չէ, որովհետեւ ի սկզբանե ամեն մեկը մտածում է` ինչպես հասնել մի հնարավորության, որ միայն իրեն վերցնի ու թալանի: Հիմա ասում եք` մանրին ու միջինին թողնենք մի կողմ, բռնենք խոշորի կոկորդից: Նորից եմ կրկնում` պայքարը պետք է լինի բոլոր ուղղություններով:

Բ. Ասատրյան – Աշխարհի որեւէ երկրում համատարած ՀԴՄ-ացում չկա: ՀԴՄ-ները հիմնականում պետք է լուծեն տոնավաճառների խնդիրը: Իսկ այստեղ հարաբերությունները տիրոջ տեսանկյունից թափանցելի են 100 տոկոսով: Տոնավաճառում յուրաքանչյուր կետ ամսական վճարում է 150-250 հազար դրամ: Մեր խորհրդարանը երբեք ռիսկ չի անի շուկայի տերերից գոնե մեկի դեմ խոսել: Երբ ինչ-որ տոնավաճառի տիրոջը կամ երթուղային տաքսու գծատիրոջը հարկեք, բոլոր մասնավոր տաքսիստները, առեւտրականները սուսուփուս, իհարկե` դժկամությամբ, հարկերը վճարելու են: Ամբողջ մարդկությունը հարկային մշակույթին հասել է ամենահզորին թիրախ դարձնելով:

Ա. Թեւանյան – Կամ, պարոն Մինասյան, վարչական օրենսդրությունը Ձեզ ձեռնտու՞ է: Օրինակ` ես վարորդ եմ, եւ Երեւանում խախտում անելը հեշտ է: Ի՞նչ կարիք կա սահմանել 30, 40, 100 հազար դրամի տուգանք: Ընդամենը կաշառքի գներն են բարձրացվել:

Է. Բաղդասարյան – Եկեք վերադառնանք մեր թեմային` տնտեսական ճգնաժամին: Ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ այն հաղթահարելու համար:

Ա. Մինասյան – Ես ուզում եմ վերադառնալ մեր զրույցի սկզբին եւ ասել, որ կիսում եմ պարոն Ասատրյանի` պահուստային ֆոնդի հետ կապված մտահոգությունները: Ասեմ ավելին, եթե հաշվենք տարվա սկզբից կատարվող պահուստների ծախսումները, իսկապես արդեն մոտենում ենք վտանգավոր գոտուն, քանի որ մեր արտաքին պահուստների չափը կազմում է մոտ 1,3  մլրդ դոլար: Բայց ո՞րն է դրա պատճառը: Այո, ներմուծման եւ արտահանման ցուցանիշների հարաբերակցությունը խայտառակ վիճակում է, որի պատճառները բազմաթիվ են` սկսած մենաշնորհներից...

Բ. Ասատրյան – Այսինքն` ազատական տնտեսություն ասվածն այս երկրում գոյություն չունի. մենաշնորհներ են, որոնց գոյությունը պայմանավորված է քաղաքական դիրքով:

Ա. Մինասյան – Պարոն Ասատրյան, դրա պատճառը ի սկզբանե ազատական տնտեսության գռեհիկ համակարգի ներդրումն է:

Բ. Ասատրյան – Այդ ո՞ր «գռեհիկ ազատական տնտեսությունն» է սահմանում, որ հանրապետության նախագահը պետք է մեկին թույլ տա նավթ բերել, մյուսին` արգելի, երրորդին էլ նույն գործունեության համար բանտ նետի:

Ա. Մինասյան – Մեջբերում եմ Սահմանադրության նորմը. «Սեփականատերն իր հայեցողությամբ, առանց հաշվի առնելու հասարակության շահը, տնօրինում, տիրապետում է գույքը` իր սեփականությունը»: Ի սկզբանե այս երկրում դրված համակարգը սխալ է:

Բ. Ասատրյան – Դրա մասին էլ կարելի է խոսել, բայց պատասխանեք կոնկրետ:

Ա. Մինասյան – Ձեր ժամանակ մենաշնորհ չկա՞ր, ամեն ինչ արդա՞ր էր:

Բ. Ասատրյան – Ոչ, մեր ժամանակ շատ անարդարություններ կային, բայց Հայաստանի տնտեսական քաղաքականությունն ընդամենը 3 տարեկան էր: Շատ-շատ սխալներ ենք ունեցել, բայց այսպիսի միտումնավոր դրսեւորումներ չեն եղել: Իհարկե, եղել են նաեւ մենաշնորհներ, բայց դրանք կյանքի կանոն չէին: Այո, կային պաշտոնյաներ, ովքեր չարաշահում էին իրենց դիրքը: Այսօր իշխանություններն ընդամենը մեկ բան են ասում` ձեր ժամանակ այսպես է եղել: Եթե մեր օրոք մի վատ բան է եղել, անպայման շտկեք, եւ այսօր կարծես խոսում ենք հենց շտկելու մասին: Մի հարց ուղղեմ Ձեզ, պարոն Մինասյան, չեք ամաչու՞մ այսօրվա խորհրդարանից, Ձեր գործընկերների 50 տոկոսը հանցագործ են. ամեն ժամ, ամեն րոպե խախտում են Սահմանադրությունը:

Ա. Մինասյան – Ես չեմ ամաչում այն մարմնից, որտեղ աշխատում եմ: Իսկ այսօրվա մեր քրեական օրենսդրությամբ հանրապետության 90 տոկոսը հանցագործ է:

Է. Բաղդասարյան – Եկեք խոսենք այն մասին, թե ինչպե՞ս դիմակայենք ճգնաժամին:

Ա. Մինասյան – Հստակ է մեկ բան. հայտարարված քաղաքականությունը, որի մասին նշում է վարչապետը, եւ որը ներառված է կառավարության ծրագրում, դրան պետք է հետեւեն կոնկրետ քայլեր: Այստեղ արդեն խոսքերը շատ քիչ են, եւ վաղուց գործելու ժամանակն է: Եթե մենք խոսում ենք հակամենաշնորհային քաղաքականությունից, պետք է սկսել օրենք ընդունելուց: Բայց մինչ այդ հարկավոր է իսկապես անցկացնել անկախ հետազոտություն, վերլուծել դաշտը, որպեսզի հնարավոր լինի օրենսդրական ձեւակերպումները դարձնել նպատակային եւ ձեւավորել ազատ տնտեսական մրցակցության շուկայական հարաբերություններ: Ես այսօր համաձայն չեմ հարկային բեռի իջեցմանը, որովհետեւ այն իրականության մեջ բարձր չէ: Ստվերային եկամուտները, որ վճարվում են, դրանք են բարձր: Մենք պետք է կրճատենք այդ ստվերը: Եթե օրենքով նախատեսված հարկերը, ասենք` 20-ից իջեցնենք 10 տոկոսի, միեւնույն է, ստվերային եկամուտը, որ վճարվում է ինչ-որ չինովնիկի կամ տիրոջ, չի պակասելու: Հասարակության սովորույթն է այդպիսին, մենք պետք է հասարակության նկատմամբ այնպիսի ներազդման քաղաքականություն վարենք, որ ինքը դառնա հարկեր վճարող պատասխանատու սուբյեկտ: Դա ստիպելով չի լինի:

Ա. Թեւանյան – Պարոն Մինասյան, իսկ պետբյուջեն չե՞ք գնահատում որպես ռիսկային:

Ա. Մինասյան – Ռիսկային եմ գնահատում այն առումով, որ չի կարող լինել այդքան տնտեսական աճ:

Բ. Ասատրյան – Կարծում եմ, որ 2009 թ. համար նախանշված ամբողջ տնտեսական քաղաքականությունը պետք է խմբագրվի: Համաձա՞յն եք:

Ա. Մինասյան – Ոչ, որովհետեւ տնտեսական քաղաքականությունը միայն բյուջեն չէ:

Բ. Ասատրյան – Ես խոսում եմ ամբողջ տնտեսական քաղաքականության մասին: Պետք է առաջին հերթին դիմել հոգեբանության փոփոխության: 2009 թվականին «չոռ» է կպել, սա ստանդարտ իրավիճակ չէ: «Ճ» կլասի հաշվապահի, չինովնիկի կատարած գործը բերել եք իբրեւ փաստաթուղթ եւ ասում եք` տնտեսական քաղաքականությունը սա է: Բացեք նայեք բյուջեն` 90 տոկոսը դատարկ խոստումներ են. ծրագրավորվում է ձեւավորել ծրագիր: Սա է քաղաքականությունը: Օրինակ` Գյումրիում տեխնոպարկ կառուցելու համար նախատեսված է 80 մլն դրամ: Դա, ըստ էության, 3 սենյականոց բնակարանի գին է: Այս վերաբերմունքը պետք է փոխվի: Կառավարությունը պետք է հասարակության քննարկմանը ներկայացնի ռեալ ծրագիր եւ փորձի գտնել դաշնակիցներ: Իհարկե, այդ ճանապարհին կան նաեւ քաղաքական խնդիրներ եւ պետք է խոսել նաեւ դրանց մասին: Ասել ենք` մեր ընկերներին բանտերից ազատեք: Այսպիսի պառակտված հասարակությունն ի վիճակի չէ լուծել որեւէ խնդիր:

Ա. Մինասյան – Ես, իհարկե, համակարծիք եմ, որ ձեր ընկերները բանտից շուտ ազատվեն, բայց չեմ ուզում դա խառնել իրական տնտեսական քաղաքականությանը:

Բ. Ասատրյան – Խոսքը հասարակության համախմբվածության մասին է, որի բացակայությամբ ճգնաժամի պայմաններում որեւէ տնտեսական քաղաքականություն իմաստ չի ունենա:

Է. Բաղդասարյան – Ես այդպես էլ չհասկացա, թե, ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է ճգնաժամը հաղթահարենք:

Ա. Թեւանյան – Առաջին` մրցակցային շուկայի ձեւավորում եւ հակամենաշնորհային քաղաքականություն, օրենսդրության ընդունում: Երկրորդ` հարկային բեռի թեթեւացում: ՀՆԱ-ի աճի տեմպերի կանխատեսվող ծավալների անհնարինության պարագայում (այսօր արդեն պարզ է, որ այդպես է) բյուջեի սեկվեստորի իրականացում, այսինքն` ծախսային հոդվածների համամասնական կրճատում, որից բխում է նաեւ հարկային եկամուտների որոշակի կրճատման հնարավորություն: Քանի դեռ հնարավորություն չկա խոշոր բիզնեսին ամբողջությամբ հարկման ենթարկել, ժամանակավորապես դադարեցնել ՀԴՄ-ների կիրառումը փոքր բիզնեսի նկատմամբ, այդ ոլորտներում կիրառել հաստատագրված վճար, ամբողջությամբ անցնել խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելուն եւ խոշոր բիզնեսի դաշտը մրցակցային դարձնելուն: Դրամավարկային քաղաքականության առումով պետք է գնալ ընդլայնողական քաղաքականության, չվախենալ ինֆլյացիոն ռիսկերից, որովհետեւ միջազգային շուկայում տիրող իրավիճակում բոլոր հիմնական առաջնային սպառման ապրանքների գները նվազում են: Եթե այս քայլերի հետ զուգահեռ ապահովվի մրցակցային դաշտ, լինեն իսկապես հարկային բեռի ընդունելի պայմաններ, ապա գնաճային ճնշումները վտանգավոր չեն լինի: Փոխարժեքի հետ կապված` պետք է նորից չվախենալ ինֆլյացիոն ռիսկերից եւ էվոլյուցիոն ճանապարհից կամաց-կամաց անցնել լողացող կուրսի քաղաքականության: Գումարած սրանց` պետք է իրականացնել իշխանության եւ բիզնեսի տարանջատման իրական քայլեր: Սակայն, տնտեսական քայլերից բացի, անհրաժեշտ է նաեւ իրականացնել քաղաքական բարեփոխումներ, որն արդեն այլ խոսակցության թեմա է եւ պայմանավորված է հետընտրական գործընթացներով:

Բ. Ասատրյան – Իմ կարծիքով` իրականացվող քայլերի առանցքում պետք է լինեն քաղաքական միջոցառումները, առանց որոնց անհնար է. մենք ունենք այլասերված համակարգ, որը չի կարող արդյունավետ աշխատել: Առաջնային խնդիրը սա է, ու եթե չգիտակցեն, ոչինչ չի ստացվելու: Երկրորդ` սոցիալ-տնտեսական, ընդհանրապես ծրագրավորման մոտեցումը պետք է փոխվի: Բոլորը հասկանում են, որ այն, ինչ գրվել եւ հրապարակվել է, իրականությունից հեռու է: Պետք է հասկանան, որ այս իրավիճակում բոլորը տուժելու են: Հիմա կա´մ պետությունը ստանձնելու է այդ դերը եւ ինքն է որոշելու, թե ով ինչ չափով է տուժելու, կա´մ խորհրդարանի «լավ տղերքն» են որոշելու, եւ պարզ է, թե հետո ինչ է լինելու: Հարկային վարչարարությունը, իհարկե, շատ լավ է, բայց այսօր այդ օրը չէ: Եթե հնարավորություն կա խնդիրը հետաձգել եւ ավելի արդյունավետ լուծել ապագայում, պետք է կիրառել այն մեկ տարի հետո: Ամբողջ աշխարհը կտրուկ վերանայում է հարկային օրենսդրությունը: Անգամ Ռուսաստանը, որ մեր իշխանությունների սիրած օրինակն է, գնաց այդ քայլին: Ինչ վերաբերում է ծախսային մասին, ապա նայեք բյուջեն, դա ճգնաժամի բյուջե՞ է: Միայն 1,5 մլրդ դրամ նախատեսված է Երեւան քաղաքի լուսավորության համար:

Ա. Մինասյան – Իսկ ի՞նչ, խլուրդի կարգավիճակու՞մ ապրենք:

Բ. Ասատրյան – Ոչ, եթե ունես պրոբլեմներ, ֆիքսիր առաջնայնությունները: Լուսավորության հարցերը թող թաղապետերը լուծեն, ոչ թե նման ծավալներով դրվի ամբողջ պետության վրա: Կամ Հանրային հեռուստաընկերության բյուջեն` 4 մլրդ դրամ: Ասածս այն է, որ բյուջեն պետք է վերանայվի, եւ պետեւթյունը նման իրավիճակում առաջինն ինքը պետք է օրինակ ծառայի: Պետք է հասարակությանը հայտարարի` «ժողովուրդ ջան, ես զուսպ եմ ծախսերում, ձգեք գոտիները, որովհետեւ դժվար է լինելու»: Հետո` ազատեք իմ սիրելի Կենտրոնական բանկը, այսօր այն ուղղակի բռնաբարվում է: Այն, ինչ արվում է ԿԲ-ի գլխին, բերելու է նրան, որ այդ կառույցը կորցնելու ենք եւ երբեք չենք կարողանալու վերականգնել: Լողացող փոխարժեքի քաղաքականությունը մեր պատմությունն է, որը նաեւ արձանագրել է դրական արդյունք: Ուզում եմ հիշեցնել, որ մեզանում տնտեսական աճը սկսվել է 1994 թ.: Հիմա փաստացի վարվում է ֆիքսված կուրսի քաղաքականություն: Եվ վերջում խնդրում եմ ասեք` ինչքա՞ն է դրամական զանգվածը կրճատվել: Փող չի մնացել: ԿԲ-ն, դոլար վաճառելով, դրամը շուկայից քաշել է: Եթե նորմալ տնտեսություն ունենայինք, կամ մենաշնորհային դիրք ունեցողներից մեկը խիղճ ունենար, դեֆլացիոն փոսն էինք ընկնելու: Մենք հրաժարվել ենք տնտեսական քաղաքականության տրամաբանությունից:

Ա. Մինասյան – Համակարծիք եմ հակամենաշնորհային օրենսդրության իրականացման հետ, եւ դա մեր լուրջ պահանջներից մեկն է: Համակարծիք եմ ընդլայնողական դրամավարկային քաղաքականության հետ, այդ թվում` նաեւ էժան փողի քաղաքականության: Լողացող կուրսի քաղաքականության հետ կապված մեկ վտանգ կա` արդյոք մեր ռեսուրսները բավարա՞ր են կուրսն ամբողջությամբ լողացող թողնելու համար: Եթե մենք իսկապես ունենք մոտ 1,3 միլիարդի ներմուծում, այն, բնականաբար, ներքին շուկայում ներկայացնում է արտարժույթի պահանջ: Հիմա, որպես Կենտրոնական բանկի քաղաքական գործիք, ինքը չի կարող այլ բան անել, քան այսօրվա ֆիքսված դրույքաչափերի նկատմամբ որոշակի զսպման քաղաքականություն վարելն է: Այլ բան է, երբ ասում եք, որ պետք է սրան միանա նաեւ կառավարությունը եւ, իրականացնելով արտահանման խրախուսման քաղաքականություն, ԿԲ-ի առջեւ դնի ծրագիր: Վերջինս էլ, ըստ այդմ, փուլային ձեւով անցնի ամբողջական լողացող կուրսի: Դա ընդունելի է: Սեկվեստորին` բյուջետային ծախսերի կրճատմանը, համաձայն չեմ, որովհետեւ 2009 թ. բյուջեն ես այդքան լուրջ բյուջե չեմ համարում: Շատ հնարավոր բյուջե է, եւ կարող ենք այն ամբողջությամբ իրականացնել` առանց որեւէ խոչընդոտների, այդ թվում` նաեւ հավասար հարկային քաղաքականություն կիրառելով: Բացի այդ, ՀՀ տարածքների զարգացման շրջանակներում տարածքների մրցունակության առավելության հենքի վրա պետք է իրականացնել պետության կողմից ներդրումների խրախուսման քաղաքականություն: Ընդ որում` ներդրումները կարող են լինել թե´ բյուջեից, թե´ արտաքին վարկերի ներգրավմամբ: Մասնավորապես, ռուսական 500 մլն դոլարի կայունացման վարկը կարելի է ուղղել տնտեսության այն ճյուղերին, որտեղ մենք իսկապես ունենք մրցակցային առավելություն:

Ա. Թեւանյան – Ես մտահոգություն ունեմ, որ այդ գումարն առավելապես ուղղվելու է պահուստների համալրմանը:

Զրույցը գրի առավ Արարատ Դավթյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter