HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի

Այսօր Ուրբաթ ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ վերլուծաբան Արմեն Աղայանը անդրադարձավ ԲՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթին: Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի և տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար դրսից ստացված միջոցների կապի մասին` նախագահն ասել էր, որ Ղարաբաղի խնդրի շուրջ «քննարկումները գնում են հետեւյալ ուղղությամբ` տեսնես ի՞նչ են վաճառել, որ կարողացել են այս միջոցները ներգրավել»: «Մեկը հրապարակավ մի անհեթեթություն է հայտնում, թե «Ղարաբաղը վաճառեցին ու միջոցներ ներգրավեցին»: Մեկ ուրիշը մեկ այլ անհեթեթություն է մեջտեղ բերում: Երրորդը, հերքելով այս երկու անհեթեթությունների տրամաբանական լինելը, ինքն իրեն հարց է տալիս. «Այդ դեպքում ի՞նչ են վաճառել, որ կարողացել են այս միջոցները ներգրավել»: Սա, իհարկե, շատ զավեշտալի է: Ես հույս ունեմ, որ, ի վերջո, այս քննարկումները մի օր կգան տրամաբանական հուն, եւ հերյուրանք «արտադրող» մարդիկ կհոգնեն այս գործելաոճից, թեեւ անկեղծորեն ձեզ ասեմ, որ իմ հույսը շատ մեծ չէ»,- հավելել էր Սերժ Սարգսյանը: Արմեն Աղայանի խոսքերով`Սերժ Սարգսյանն առաջին անգամ չէ, որ մեղադրում է իրեն քննադատողներին, որ այդ քննադատողները իրեն անհիմն են մեղադրում Ղարաբաղը ծախելու մեջ: «Իրականում Սերժ Սարգսյանին ոչ ոք չի մեղադրել, թե նա պատրաստվում է Ստեփանակերտը հանձնել Բաքվին, մեղադրանքը եղել է շատ հստակ, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է 5 շրջաններ հանձնել Ադրբեջանին: Սա հստակ ինքը ասել է սկսած զգացական արտահայտություններից` «Աղդամը մեր հայրենիքը չէ», մինչև իր ելույթների մի քիչ ավելի դիվանագիտական ձևակերպումնեը»,- ասում է նա: Վերլուծաբանի մեկնաբանությամբ` միջազգային ճգնաժամային խմբի առաջարկությունից մինչև Մադրիդյան սկզբունքները և Մայենդորֆյան հռչակագիրը ենթադրում են 5 շրջանների անմիջական վերադարձ, Քարվաճառի վերադարձ, այն բանից հետո, երբ տեղի կունենա հանրաքվե. «Հայաստանը դա պատկերացնում է այսպես, որ հանրաքվեն կլինի, Ադրբեջանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը` իր մտքում ունենալով նաև Շահումյանի շրջանը, Շահումյանի շրջանը կտան մեզ, մենք էլ կփոխանակենք Քարվաճառի հետ»: Ըստ նրա` միջազգային փորձագետները վերջերս հաճախ են հայտնում այն միտքը, թե 10-15 տարի հետո Շահումյանը կփոխանակվի Քարվաճառի հետ. «Ի վերջո, Հայաստանի և Ղարաբաղի տեսակետները հատվում են 5 շրջանի դեպքում և տարբերվում են Քարվաճառի շրջանի Բերձորի հատվածին վերաբերող մասով, և այդ պատճառով է, որ մինչ այսօր չկա պայմանագիր Ադրբեջանի հետ»: Ինչ վերաբերում է նախկին Լաչինի շրջանին, Արմեն Աղայանի համոզմամբ, 2001 թ. Քի Վեստից սկսած` նախկին Լաչինի շրջանը հանձնվում էր Հայաստանին. «Ադրբեջանը դրա հետ ոչ մի կերպ չի համաձայնում և տարբեր ձևերով քննարկում է այդ շրջան ադրբեջանցիների վերադարձի հարցը, կամ գոնե այդ շրջանը իրավաբանորեն Ադրբեջանինը համարել: Այս դեպքում իրենք թույլ կտան հայերին ակտիվորեն տեղափոխվել այդտեղ»,- կարծում է նա: Ղարաբաղի խնդրի շուրջ գործընթացների ակտիվացումը Արմեն Աղայանը պայմանավորում է ՀՀ նոր ղեկավարության նախաձեռնությամբ: Ռուսական կողմն էլ, տեսնելով Սերժ Սարգսյանի զիջողական նախաձեռնությունները, ճնշում է նրան`խաղաղարարի դերը ստանձնելով և ռազմական ներկայությունը տարածաշրջանում ավելացնելով: «Երբ պարզվեց, որ հայերը, այնուամենայնիվ, պատրաստ չեն ամեն ինչ զիջել, ռուսների նախաձեռնողականությունը մարեց»,- ասում է բանախոսը: Ըստ նրա` իրեն անհայտ պատճառներով Սերժ Սարգսյանն այսօր շատ վճռականորեն է տրամադրված ինչ-որ բան զիջելու, պարզապես նրան չեն հասկանում ո'չ դրսում, ո'չ ներսում: «Ներսում ասում են, որ Սերժ Սարգսյանը շատ թույլ է և ուզում է մի կերպ իր իշխանությունը պահել, և նրան քննադատելով Ղարաբաղը ծախելու մեջ` քաղաքական դիվիդենտներ են շահում, դրսում էլ չեն հասկանում Սերժ Սարգսյանին, քանի որ մտածում են, որ Հայաստանում այնպիսի վատ վիճակ է, որ պատրաստ են այս աստիճանի զիջումների գնալ, իսկ Թուրքիան և Ադրբեջանը ուզում են օգտվել առիթից և ավելին են պահանջում»,- կարծում է նա: Ըստ Ա. Աղայանի` այսօր Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ամբողջովին կախված են ՀՀ իշխանություններից. «Բայց իշխանության ներսում կա ընդդիմություն Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը, որի մի մասը գտնվում է ԼՂ-ում, և այսօր Ղարաբաղի իշխանությունները չեն կարող դա հաշվի չառնել, հատկապես, որ իրենք էլ այդ գաղափարի կրողներն են և վերջերս ավելի ազգանպաստ կեցվածք են որդեգրել, քան ՀՀ իշխանությունները»: Նա գտնում է, որ ընդդիմության առկայությունը և այն, որ Թուրքիան և Ադրբեջանը ավելի մեծ պահանջներ կներկայացնեն Սերժ Սարգսյանին, կստիպեն նախագահին հրաժարվել իր զիջողական նախաձեռնություններից: Արմեն Աղայանը հայտարարեց նաև, որ Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի, քանի որ պատերազմն անավարտ է մնացել և պետք է ավարտվի. «Այդ ընտրությունը պատկանում է Ադրբեջանին, Հայաստանը ընտրություն չունի, Ադրբեջանը չի կարող կորցրած համարել այն, ինչ մենք մեր հաղթանակն ենք համարում, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սկսելուն, չի սկսում այդ պատերազմը, քանի որ միշտ վերջին րոպեին մտածում է, թե արդյոք կկարողանա հաղթել: Նա կարող է շատ երկար պատրաստվել ու միշտ պատրաստ չլինել, այդ դեպքում դա կլինի հաղթանակ»,-եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter