HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Դրամն արժևորվում է, գործարանները` փակվում

16_02-tosp«Տոսպ» ԲԲԸ տրիկոտաժի ֆաբրիկան տնտեսական ճգնաժամի և դրամի արժևորման պատճառով գրեթե դադարեցրել է իր գործունեությունը: Ֆաբրիկայում կարում են մանկական հագուստ, շապիկներ, գիշերանոցներ, ներքնաշորեր, համազգեստներ և արտահանում: «Տոսպի» նախագահ Ռիմա Բեկիրսկայի խոսքերով` դեռ անցյալ տարվա օգոստոսից արտահանվող արտադրանքի ծավալը նվազել է, քանի որ ընկերության իտալական գործընկերը հրաժարվել է  համագործակցությունից` նշելով, որ Հայաստանում եվրոյի ոչ կայուն դիրքերն իրենց չի բավարարում:  «Երբ իտալացիների հետ սկսեցինք աշխատել, եվրոն 750 դրամ էր, իսկ հիմա  400 էլ չկա, չէ որ 750 դրամով էինք մենք հաշվել, որ բանվորին այսքան պիտի վճարենք, հիմա որտեղից վճարենք, որ 350 դրամ մենք կորցրել ենք»,- ասում է ընկերության նախագահը: Իտալացիների հետ գործարքի կասեցումից հետո աշխատանքից ազատվել է մոտ 150 բանվոր. «Իտալացիներն ասացին, թե դադարեցումը ժամանակավոր է, բայց ինչպես տեսնում եք` շարունակություն չի սպասվում»,- ասում է տիկին Բեկիրսկան: Նա պատվերների դադարեցումը կապում է նաև այն բանի հետ, որ «միգուցե Իտալիայում արդեն օգոստոսին կային ճգնաժամային ինչ-որ տարրեր, սակայն մենք դա դեռ չգիտեինք»: Ֆաբրիկայի հաջորդ խոշոր գործընկերը ռուսական ընկերություններն են: Ռուսաստանից անցյալ տարի խոշոր պատվեր են ստացել. «Մեզ թվում էր, թե պատվերները կշարունակվեն, բայց փաստացի եղավ այն, որ հոկտեմբերից Ռուսաստանն էլ ընկավ ճգնաժամի մեջ, հոկտեմբերին պատվեր ունեինք, նոյեմբերին ինչ-որ կարել էինք ուղարկեցինք, հիմա երևի կուղարկենք այն, ինչ կարել ենք անցյալ տարի, բայց նոր պատվերների համար դեռ վաղ է խոսել»,- ասում է «Տոսպի» նախագահը: Ռ. Բեկիրսկան հավելում է նաև, որ իրենք ռիսկ էլ չեն անում Ռուսաստանից պատվերներ վերցնել. «Ռուսաստանում դոլարը բարձրանում է, մեզ մոտ իջնում է, դա մեզ համար ուղղակի վնասաբեր է դառնում, դեռ ճանապարհի հարցը չի լուծված, մենք չգիտենք` ինչպես պիտի արտահանենք, երբ սկսեցինք մեր ապրանքը վաճառել Ռուսաստանում, այդ ժամանակ մի ռուբլին 11.5 դրամ էր, այսօրվա դրությամբ 7.9 դրամ է, այսինքն` եթե մենք120 հազար ռուբլի ստանայինք ու  հնով փոխեինք, պիտի լիներ 1մլն 300.000, իսկ հիմա մենք կունենաք 900.000, այսինքն` մենք 30 % կորուստ ունենք, ոնց աշխատենք, ով կվերականգնի, չէ որ ես բանվորին չեմ կարող ասել` 30 տոկոս քիչ եմ ստացել, քո աշխատավարձը պիտի նվազի»,- մտահոգվում է նախագահ Բեկիրսկան: Մինչև տնտեսական ճգնաժամը ֆաբրիկան ամսական արտահանում էր 9-10 տոննա արտադրանք 30 մլն դրամ շրջանառությամբ: Տիկին Բեկիրսկայի խոսքերով` իրենք աշխատելիս երբեք 10-15%-ից ավելի շահութաբերություն չեն նախատեսել, բայց այդ 10-15% շահութաբերությունն էլ այժմ «մաշվում» է դրամի տատանումներից, ու ընկերությունն էլի «գալիս կանգնում է մինուսի վրա»: Ներկայումս աշխատում է ֆաբրիկայի մի փոքրիկ հատված միայն` տեղական շուկայի համար. «Մեր գործարանը շատ մեծ է, մենք միշտ էլ արտադրել ու արտահանել ենք, տեղական շուկայում սպառում ենք մեր արտադրանքի 2-3%-ը, եթե մենք միայն տեղական շուկայի վրա աշխատենք, մեր բանվորների քանակը պիտի 10 անգամ պակասի, մեզ 23-30 հոգին բավական է, քանի որ փոքր է տեղական շուկան»: Այսօր գործարանում փաստացի գրանցված է 220 աշխատող, սակայն աշխատում է 30-40-ը: Մյուսներն իրենց հաշվին պարապուրդի մեջ են: Ռիմա Բեկիրսկայի խոսքերով` շատ քիչ մարդիկ են ազատվել աշխատանքից, քանի որ իրենք որևէ մեկին ստիպողաբար չեն ազատում, իսկ եթե պատվեր է լինում,  նորից հրավիրում են աշխատելու: Ներկայումս աշխատողների աշխատավարձը 20-30%-ով պակասել է. «Եթե 5 մայկայի փոխարեն 2-ն են արտադրում, հո 5-ի համար չեն վարձատրվելու»,- բացատրում է գործարանի նախագահը: Պարապուրդի մեջ գտնվող գործարանի աշխատակցուհիներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ տեղեկացրեց, որ ինքը, ինչպես և գործարանի աշխատակիցների մեծամասնությունը, հոկտեմբերից այս կողմ աշխատավարձ չեն ստացել. «Հոկտեմբերի աշխատավարձի կեսն են տվել, իսկ մնացածը մինչ այսօր չենք ստացել, մենք աշխատել ենք մինչև դեկտեմբերի 25-ը, իրենց ասածներից ոչինչ չենք հասկանում, ասում են` հենց ստացվի` կտանք, ոչ մի կոնկրետ բան մեզ չեն ասում, մենակ ասում են` ճգնաժամի հետ է կապված»,- դժգոհում է աշխատակցուհին: Գործարանում վճարում են միավոր գումար ժամում կատարված  աշխատանքի համար: Անհայտ մնալ ցանկացող աշխատակցուհու խոսքերով` եթե նորմալ ամեն օր աշխատանքի են գնում, ամենացածր աշխատավարձը կազմում է 15-20 հազար դրամ, իսկ ամենաբարձրը` 40-45 հազար դրամ. «Դա կախված է նրանից, թե ինչքան արագ մենք կկատարենք մեր գործը»,- ասում է նա: Նախագահ Բեկիրսկան, սակայն, հավաստիացնում է, որ շատ քիչ է այն աշխատակիցների թիվը, ում իրենք աշխատավարձ չեն վճարել. «Կան դեպքեր, որ իրենք չեն եկել, կան դեպքեր, որ մենք չենք հասցրել վճարել, իսկ մեծ մասը ստացել է, եթե շարունակում են գալ մեզ մոտ աշխատելու, երևի ձեռք է տալիս»: Դեռեւս չվարձատրված աշխատակիցներին «Տոսպի» ղեկավարությունը կվճարի Ռուսաստան ուղարկված պատվերից ստացվելիք գումարով: Ֆաբրիկան գումարներ ունի ստանալու նաև ԱՄՆ-ից, որտեղից ևս մի փոքրիկ պատվեր են ունեցել և արտահանել: ԱՄՆ-ից երկրորդ պատվերը սպասվում է ապրիլ ամսին: Տիկին Բեկիրսկան ասում է, որ մինչև մարտի կեսերը հաստատ պատվերներ չեն ունենա, իսկ թե ինչ կլինի հետո, դժվար է կանխատեսել. «Մեր տնօրենը Մոսկվայում է, հայթայթում է նոր աշխատանք, ուզում է աշխատելու նոր ճանապարհներ գտնել, մենք հո չենք նստել ու սպասում ինչ կլինի, ձեզ թվում է մարդիկ, ովքեր սեփականատեր են հանդիսանում, նստում ու սպասում են, երբ ինչ-որ մեկը իրենց ինչ-որ բան կտա, մենք փնտրում ենք, բայց ամեն ինչ կապված է դրամի կայունության հետ` որ ուղղությամբ կգնա, ինչ պայմանագրեր կկապենք, քանի մարդ կկարողանանք վերցնել»,- մեկնաբանում է գործարանի նախագահը: Տիկին Բեկիրսկան չի բացառում, որ ֆաբրիկայի արտադրամասերը կարող են միավորել` ծախսերը կրճատելու նպատակով. հատկապես, որ արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ ապրիլի 1-ից գազի եւ էլեկտրաէներգիայի գները թանկանալու են. «Մենք հիմա ուզում ենք ամեն ինչ անել, որ մեր ծախսերը պակասացնենք, ամբողջ աշխարհն է դրա վրա աշխատում, եթե միավորումը կբերի ծախսերի կրճատման, այն ծախսերը, որ կարելի է քիչ անել`լույս, գազ, ջուր, դա պետք է պակասեցնենք, ուրիշ ձևով մենք չենք կարող աշխատել, հատկապես, եթե մեր մրցակիցներն այսօր 20 անգամ ավելի էժան ապրանք են առաջարկում»,- պարզաբանում է նա: Ֆաբրիկան հիմնականում հումքը ստանում է Թուրքիայից և Թուրքմենստանից: Չնայած միջազգային շուկայում որոշակի միտումներ կան գների անկման, ըստ Բեկիրսկայի` իրենք շարունակում են հումքը ստանալ նախկին գներով: Ֆաբրիկայի ղեկավարությունը հույս ունի, որ հումքը կէժանանա ու իրենք գոնե անցյալ գների մեջ կկարողանան տեղավորվել. «Եթե ուրիշ բան էլ չլինի, գործարանի կեսը կծախենք, հո չենք մնա առանց գումարի, բայց ճանապարհները ես այսօր հստակ չեմ տեսնում, մենք միշտ էլ ունեցել ենք պրոբլեմներ, բայց ճգնաժամը մեր բոլոր կնքած պայմանագրերի վրա խաչ քաշեց: Եթե մինչև ճգնաժամը մենք պլանավորում էինք ամսական ունենալ 250-300 բանվոր, այսօր մենք չգիտենք` 120-ին կկարողանանք պահել, թե ոչ»,- մտահոգվում է տիկին Բեկիրսկան եւ հավաստիացնում, որ շատ ծանր է գործարանի համար կադրեր պատրաստելը ու հետո նրանց ստիպված կրճատելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter