HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

«Երազում եմ»

16_02-h_zakaryan

«Երազում եմ». այսպես է կոչվում երիտասարդ ռեժիսոր Հրաչյա Զաքարյանի կարճամետրաժ ֆիլմը: Ֆիլմի գաղափարը ծնվեց, երբ ռեժիսորը ծառայում էր Պաշտպանության նախարարության տեղեկատվական վարչությունում: «Զինուժ հաղորդաշարում էի աշխատում, հաճախ էինք գնում առաջին գիծ` նկարահանումների, ու ծնվեց գաղափարը, թե երբ առաջին անգամ զինվորին դիրք են բարձրացնում, ինչպիսին է նրա հոգեբանական վիճակը, ինչպես է հաղթահարում վախը»,- պատմում է Հրաչյան:

Ֆիլմի ռեժիսորը նաեւ սցենարի հեղինակն է. «Սցենարը երկու ընկերներով ենք գրել: Գրել ենք զինվորների պատմածով: Երկար զրուցում էինք նրանց հետ, հարցեր տալիս իրենց ունեցած ապրումների մասին»: ֆիլմը նկարահանվեց առաջին գծում, ռեկորդային ժամանակում` 3 օր:

«Սիրողական ոչ մի բան չենք արել, երաժշտությունն էլ էքսկլյուզիվ էր, որոշել էինք, որ ոչ մեկից ոչ մի բան չվերցնենք, որ ամեն ինչ օրինական լինի»,- ասում է Հրաչյա Զաքարյանը:

Նա պատմում է, որ ֆիլմում արտահայտել է այն, ինչը ներսում հասունացել էր եւ դարձել իրեն հարազատ. «Ես իմ հոգեկան աշխարհը վերարտադրել եմ էկրանին, իսկ թե ինչքանով է լավ ստացվել, չեմ կարող ասել, քանի որ ամեն մեկն այդ ներսում կուտակվածը արտահայտում է տարբեր միջոցներով»: Հրաչն էլ օգտագործել է անկեղծության միջոցը եւ գլխավոր հերոսի մենախոսության միջոցով բացահայտել դիրքերը պաշտպանողների վախն ու դրանց հաղթահարման ճանապարհը. «Մեր հերոսն ամբողջ ընթացքում միայն երկու անգամ է խոսում, իսկ ամբողջ ֆիլմը ներքին մենախոսություն է, որտեղ արտահայտված է դիրք գնալու վախը, որի մասին, սակայն, հերոսը ոչ մեկին, նույնիսկ ընկերներին չի խոստովանում»:

Վախի հաղթահարման միակ ճանապարհն էլ, ըստ ռեժիսորի, ներքին ուժն է. «Իրավիճակին մոտեցել եմ հոգեբանության եւ նաեւ հումորի տեսանկյունից, չնայած ֆիլմը դրամա է»:

Քսան րոպե տեւողությամբ ֆիլմը 2008 թ. մասնակցեց Նյու Յորքի միջազգային անկախ կինո եւ վիդեո փառատոնին, որտեղ հաղթող ճանաչվեց «Տարվա լավագույն կարճամետրաժ երեւակայական ֆիլմ» անվանակարգում, այնուհետեւ 2009 թ. Լոս Անջելեսում կայացած փառատոնում մրցանակ ստացավ որպես լավագույն ռեժիսորական դեբյուտ: Ֆիլմի հաղթարշավը կարող է շարունակվել, քանի որ առաջարկ կա ֆիլմն ուղարկել Կաննի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի փառատոն:

«Սակայն ֆինանսական խնդիրներ կան` 25.000 դոլարի չափ գումար է պետք»,- ասում է Հրաչյան ու խոստովանում, որ ոչ մեկին չեն դիմել օգնության համար:

«Աշխարհում ճգնաժամ է, եւ հույս չունենք, որ մեզ ինչ-որ մեկը փող կտա»,- պատճառաբանում է ռեժիսորը: Սուղ միջոցներով նկարահանված ֆիլմը Պաշտպանության նախարարության եւ աշխատանքային խմբի համատեղ աշխատանքի արդյունք է:

«Միացյալ Նահանգներում հարցնում էին, թե ինչ միջոցներ ենք ծախսել եւ չէին հավատում. Պաշտպանության նախարարության տեխնիկական աջակցությամբ` տանկեր են տրամադրել, նաեւ` նկարահանման համար անհրաժեշտ տեխնիկա, եւ մեր աշխատանքային խմբի ջանքերով (ի դեպ, բոլորն աշխատում էին հասարակական հիմունքներով) ստացվեց ֆիլմը»,- ասում է Հրաչյան: Ֆինանսական խնդիրները, թերեւս, կարելի էր հարթել, քանի որ առաջարկվեց այն սահմանափակ քանակով հանել վաճառքի:

«Մենք ֆիլմը նկարահանելիս ցանկություն չենք ունեցել գումար վաստակելու, մեր ցանկությունն էր ուղղակի մի լավ բան անել»,- խոստովանում է երիտասարդ ռեժիսորը: Ֆիլմում արծարծվում է նաեւ Ղարաբաղյան հակամարտության թեման, ինչը պատահական չէ:

«Ես ծառայել եմ Ազգային բանակում եւ ինչ-որ բաներ ինձ հարազատ են դարձել, գիտակցել եմ, որ զինադադարը ոչ պատերազմ է, ոչ էլ խաղաղություն, հետո էլ` գտնում եմ, որ առաջին գծում ծառայող զինվորի հոգեբանությունն ուրիշ է, ինքն այլ ձեւով է ծառայում` դա իսկական ծառայություն է»,- մեկնաբանում է Հրաչյան:

Ֆիլմի վերջաբանը հայ երիտասարդության եւ դիրքերը պաշտպանող յուրաքանչյուր զինվորի ցանկության խտացումն է. «Ֆիլմը հակապատերազմական է, եւ դա է ապացուցում վերջաբանը, որը մեծ հավանության արժանացավ թե այստեղ, թե արտասահմանում. տանկի կրակոցով է ավարտվում ամեն ինչ, բայց կոնֆետի (զանազան գույնի մանր թղթիկներ` պարահանդեսներում իրար վրա շաղ տալու համար - Շ. Ս.), ծաղիկներ է կրակում տանկը, մեզ ասում էին, թե այդ տեսարանը շատ բնական ենք ստացել համակարգչի միջոցով, բայց երկար տանջվեցինք՝ տանկի համապատասխան համակարգը քանդեցինք, որպեսզի մտահղացումն իրականություն դառնա, եւ ամեն ինչ իրական էր»: Հրաչյան ֆիլմից նյութական ոչ մի օգուտ չի ստացել, բայց չի տրտնջում. «Չեմ սիրում խոսել խնդիրների մասին, նույնիսկ երբ ինձ հարցնում էին, թե ինչպես եմ ապրելու իմ մասնագիտությամբ, ասում եմ`շատ լավ»:

Սիրած գործով զբաղվելու ցանկությունն էլ նրան մղեց դեպի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի ֆակուլտետ, որտեղ սովորեց մինչեւ 2005 թ., Ալբերտ Մկրտչյանի կուրսում. «Ալբերտ Մկրտչյանը միշտ էլ ինձ աջակցում է բարի խոսքով, միշտ իմ կողքին է, ուստի երիտասարդների եւ ավագ սերնդի իրար չհասկանալու փաստը միայն ժամանակի խնդիր եմ համարում»:

Ուսանողական տարիներին 5 կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել, նաեւ նկարահանված 10 «սկետչ» ունի, սակայն գտնում է, որ մեծ գործերը դեռ առջեւում են: Իր հավատն էլ, ինչպես Հրաչյան է ասում, ապրելակերպից գոհ լինելու արդյունք է. հաճախում է թատրոն, հատկապես Հենրիկ Մալյանի, որտեղ որպես դերասանուհի հանդես է գալիս մայրը` Կարինե Ոսկանյանը, նաեւ Մհեր Մկրտչյանի թատրոն, այստեղ էլ աշխատում է քույրը՝ Քնարիկը: «Ռեժիսոր դառնալու ցանկություն առաջացավ, երբ դիտեցի Բերնարդո Բերտոլուչիի «Հպանցիկ գեղեցկություն» ֆիլմը»,- ասում է Հրաչյան:

Երիտասարդ ռեժիսորը համոզված է, որ այսօր Հայաստանում կան տաղանդավոր ռեժիսորներ եւ դերասաններ, կան արտահայտման արժանի գաղափարներ եւ իրադարձություններ, իսկ ոլորտի միակ խնդիրը համարում է ֆինանսների պակասը. «Բայց չի նշանակում, որ անընդհատ դրա մասին պիտի խոսես ու ոչ մի բան չանես, եթե գումար չունես` կարող ես կարճամետրաժ կինոներ նկարել: Ճիշտ է` գումար չկա, բայց այս տարի ուզում եմ անպայման ֆիլմ նկարահանել, ուզում եմ ու մի ձեւով իմ ուզածը կանեմ»,- վստահ ասում է ռեժիսորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter