225-րդ եւ 300-րդ հոդվածներում փոփոխությունների եւ լրացումների գործընթացը շարունակվում է
Փետրվարի 16-ին հերթական նիստն է գումարել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ այլընտրանքային կարգով Քրեական օրենսգրքի «Իշխանությունը յուրացնելը» (300) հոդվածի երկու տարբերակներ կներկայացվեն:
Դ. Հարությունյանի առաջարկած տարբերակով` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորությունները ստանձնելը կամ տիրանալը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով: Նախատեսվում է հանցագործության նախապատրաստության փուլում դրա մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձին ազատել քրեական պատասխանատվությունից:
Աշխատանքային խմբի ղեկավարն ընդգծեց, որ օրենսդրորեն նախապատրաստության եւ հանցափորձի փուլերը տարանջատված են, ուստի 3-րդ կետը տարակարծությունների առիթ չի տա: Քանի որ պահանջվել է պատժամիջոցների մասով հստակեցումներ կատարել, ուստի ամրագրվել են օրենսդրությունում գործող պատժամիջոցները:
Իշխանությունը պահելուն վերաբերող կետում առաջարկվում է Հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը պատժել ազատազրկմամբ:
«Սահմանադրական կարգը տապալելը» (300/1) հոդվածով եւս նախատեսվում է ազատազրկում 10-15 տարի ժամկետով:
«Տարածքային ամբողջականությունը խախտելը» (300/2) հոդվածով` բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասը առանձնացնելուն կամ ՀՀ տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելիս եւս 10-15 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում:
«Զանգվածային անկարգությունները» (225) հոդվածով` բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված եւ հասարակական անվտանգությանը սպառնացող խմբային գործողություններ կազմակերպելը պատժվում է ազատազրկմամբ:
Դավիթ Հարությունյանն իրազեկեց, որ աշխատանքային խումբը փոփոխությունների վերջնական տարբերակը ներկայացնելու է ԱԺ նախագահին, որից հետո կազմակերպվելու են քննարկումներ կոալիցիոն ուժերի հետ: Դ. Հարությունյանը գտնում է, որ պետք է հնարավորություն ստեղծել, որպեսզի Վենետիկի հանձնաժողովի փորձագետները եւս ներկայացնեն դիտողություններ եւ եզրակացություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել