HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Տակտիկական մանեւրնե՞ր, թե՞ ներիշխանական ճգնաժամի սկիզբ

Այն հարցը, թե ինչ խնդիր էր ուզում լուծել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը անցյալ շաբաթ հրավիրած իր 4-րդ համագումարի միջոցով, շարունակում է մնալ անպատասխան։ Համագումարն իրականում առկա հարցադրումներին պատասխանելու փոխարեն առնվազն երկու նոր խնդիր առաջադրեց, որոնք առաջիկայում կլինեն ներիշխանական խմորումների հետ կապված թիվ մեկ քննարկումների առարկան։

Առաջին՝ ի՞նչ հարաբերություներ ունեն ԲՀԿ-ն եւ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ի՞նչ պլաններ ունեն նրանք միմյանց հետ կապված, երկրորդ՝ արդյո՞ք որոշակի հակասություններ են ի հայտ եկել Ռ. Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, որոնք կարող են իշխանական բուրգի փլուզման պատճառ դառնալ։ Ակնհայտ էր, որ ԲՀԿ-ն իր համագումարի ընթացքում փորձում էր հնարավորինս ընդգծել նախագահ Սերժ Սարգսյանի դերը։ Վերջինս ոչ պատահականորեն հատկապես ԲՀԿ-ի համագումարն օգտագործեց երկարաշունչ ելույթով մի քանի հրատապ թեմաների շուրջ իր սկզբունքային մոտեցումները ներկայացնելու համար, ինչն ընդհանրապես աննախադեպ էր ողջ քաղաքական դաշտի առումով։ Սակայն այդ ելույթի ընթացքում նա միտումնավոր ոչ մի խոսք չասաց ներքաղաքական խնդիրների մասին՝ այնպիսի տպավորություն թողնելով, թե դա ընդհանրապես քննարկման ենթակա չի կարող լինել, որովհետեւ իրավիճակը գտնվում է իր լիակատար վերահսկողության տակ։ Ընդհանրապես նկատելի էր, որ նախագահը փորձում է իրեն այնքան ազատ պահել, ինչքան կարող է իր տանն ազատ զգալ տանտերը։ Նախագահականը կատարյալ վերահսկողություն էր սահմանել համագումարին լրագրողների հավատարմագրման գործընթացի նկատմամբ, եւ իրենք էին որոշում՝ որ լրատվամիջոցները հնարավորություն ունեն լուսաբանելու այն։ Չնայած դա հիմնավորվեց նրանով, որ այսուհետ նախագահի մասնակցությամբ բոլոր միջոցառումներին լրագրողների հավատարմագրումն իրականացնելու է նախագահականը, սակայն չպարզաբանվեց, թե ինչու՞ է որոշվել այդ գործընթացը սկսել հենց ԲՀԿ համագումարից։ Իսկ երբ կուսացության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ն շարունակելու է սատարել Սերժ Սարգսյանի բարեփոխումներին, պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն ինքն է ձգտում ընդգծել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իշխանության միատարրության եւ միասնականության հանգամանքը։ Այս ամենի խորապատկերին խիստ ակնառու էր համագումարին ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլեւ նրա թիմի ներկայացուցիչների բացակայությունը։ Չնայած համագումարին ներկա էր ողջ պետական իշխանական վերնախավը, սակայն նրանց թվում չէր Քոչարյանի «մոխրագույն կարդինալը» համարվող Արմեն Գեւորգյանը։ Իշխանության քոչարյանական թեւի նման «դեմարշն» այդքան ակնառու չէր լինի, եթե մինչեւ համագումարի սկիզբը հենց ԲՀԿ-ի ակտիվ մասնակցությամբ անընդհատ տեղեկատվական «փուչիկներ» չարձակվեին, որոնք հաստատում էին ԲՀԿ-ի միջոցով ակտիվ քաղաքականություն Քոչարյանի վերադարձի եւ վարչապետի պաշտոնի նկատմամբ նրա հավակնությունները։ Հարց է առաջանում՝ ու՞մ կամ ինչի՞ էր պետք նման ապատեղեկատվության տարածումը, եթե, այնուամենայնիվ, Քոչարյանի մասնակցությունն այդ համագումարին նախատեսված չէր ի սկզբանե։ Պետք է ենթադրել, որ իրականում «խաղի» ընթացքը կտրուկ փոխվել է, թերեւս ամենավերջին պահին, համագումարից մեկ-երկու օր առաջ։ Դրա մասին վկայում է երկու իրողություն։ Առաջին՝ մինչ այդ պահը ԲՀԿ որեւէ ներկայացուցիչ որեւէ անգամ կտրուկ չհերքեց համագումարին Քոչարյանի մասնակցության մասին խոսակցությունները, որոնք զուգորդվում էին համագումարի ընթացքում ինչ-որ մեծ անակնկալի մասին հենց ԲՀԿ-ից ելնող հայտարարություններով։ Երկրորդ՝ համագումարից ընդամենը երկու օր առաջ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը պաշտոնապես հայտարարեց, որ երկրորդ նախագահը ոչ ԲՀԿ-ի նախագահի, եւ ոչ էլ վարչապետի պաշտոնների նկատմամբ որեւէ հավակնություն չունի։ Թե ինչու՞ էր մինչ այդ Քոչարյանի գրասենյակը լռում, պարզ չէ։ Այս ամենը նշանակում է, որ կա երկու հնարավոր տարբերակ։ Կամ ԲՀԿ-ի հետ կապված Ռ. Քոչարյանի մտադրությունները ժամանակավորապես ձախողվել կամ հետաձգվել են միայն վերջին պահին՝ ինչ-ինչ իրողություններից ու հանգամանքներից ելնելով, կամ այդ մտադրությունների մասին տեղեկատվության «արտահոսքը» կազմակերպված կերպով իրականացվում էր իշխանության կողմից, որտեղ ներգրավված են թե այսպես կոչված սարգսյանական, թե քոչարյանական շրջանակները։ Վերջինս չափազանց վտանգավոր պետք է համարել, որովհետեւ առանց այն էլ անորոշության մեջ գտնվող նոմենկլատուրային-օլիգարխիկ համակարգը կարող է ցնցումների ենթարկվել իրական «տիրոջ» փնտրտուքներում եւ կորցնել դիմադրողականությունը։ Ամենայն հավանականությամբ, գործ ունենք առաջին տարբերակի հետ։ Քոչարյանի պլաններիի հետ կապված նման կտուկ շրջադարձը կարող էր տեղի ունենալ միայն շատ ուժեղ գործոնների ազդեցությամբ։ Նման գործոններից մեկը կարող է լինել այն, որ Քոչարյանը դրսից, թերեւս կոնկրետ Մոսկվայից, չէր ստացել «մեծ խաղ» վերադառնալու համապատասխան ազդակները։ Եթե դա այդպես է, ապա Ռուսաստանի կողմից Հայաստանին 500 մլն դոլար կայունացնող վարկի տրամադրումը Սերժ Սարգսյանի համար ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական հաղթանակ կարելի է համարել, թեեւ առայժ պարզ չէ՝ ինչով է նա փոխհատուցելու այդ հաղթանակների համար։ Մյուս հնարավոր գործոնը կարող է պայմանավորված լինել մարտի 1-ին ընդդիմության կողմից հրավիրված հանրահավաքով եւ դրան հաջորդող որոշակի սրացումների սպասելիքներով։ Քոչարյանը չի կարող չհասկանալ, որ այդ հանրահավաքից առաջ իշխանության «առաջին գիծ» վերադառնալով՝ անպայման գրգռելու է հասարակության ակտիվ ընդդիմադիր շրջանակներին եւ նրանց նոր թափով գործելու խթան է հաղորդելու։ Ընդդիմության հրավիրած այդ հանրահավաքը ցույց կտա, թե ինչպիսի դիմադրողական ուժ կարող է կանգնած լինել Քոչարյանի վերադարձի ճանապարհին։ Սակայն անկախ նրանից՝ այս տարբերակներից որ՞ն է իրականը, Քոչարյանի վերցրած «ֆալշ-ստարտն» ընդամենը ժամանակավոր բնույթ է կրում։ «Երբ որ ինքը կներկայանա, կներկայացնի իր համախոհներին, այդ ժամանակ կարելի կլինի քննարկել դա, հիմա այդ մասին խոսելը շուտ է եւ անիմաստ»,- խոսելով ԲՀԿ-ի հենքի վրա Քոչարյանի ակտիվացման հնարավորության մասին՝ համագումարից հետո հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։ Այն, որ առայժմ ընդամենը «շուտ ու անիմաստ է այդ մասին խոսելը», հաստատեց նաեւ Ռ. Քոչարյանը, ում գրասենյակի մամուլի խոսնակը ԲՀԿ նախագահի այս հայտարարությունից անմիջապես հետո արձագանքեց. «Ծառուկյանն ամեն ինչ ասաց»։ Բացի դրանից, հենց համագումարում ԲՀԿ-ն նաեւ շատ նրբորեն ընդգծեց այդ իրողությունը։ Քննադատելով կառավարությանը հարկային սխալ քաղաքականություն իրականացնելու համար՝ Ծառուկյանը փաստացի ցույց տվեց, որ չնայած քաղաքական կոալիցիային եւ Սերժ Սարգսյանին նախապատվություն տալուն՝ չի այրում կամուրջները նախկին նախագահի հետ, եւ կառավարության հրաժարականի պահանջը ցանկացած պահի ԲՀԿ-ի կողմից կարող է դառնալ քաղաքական օրակարգի հարց։ Ներիշխանական այս փոխատեղումներում, սակայն, առավելապես շահում է ԲՀԿ-ն, որը փորձելով դիրքավորվել կշեռքի երկու նժարների մեջտեղում՝ ստանձնում է հավասարակշռողի դերը եւ հավասարապես կարեւոր արժեք ձեռք բերում երկու թեւերի համար էլ։ Սակայն անկախ նրանից՝ իր վերադարձն ապահովելու նպատակով Ռ. Քոչարյանը ԲՀԿ-ին կօգտագործի՞ որպես գործիք, թե ոչ, գրեթե կարելի է բացառել Սերժ Սարգսյան - Ռոբերտ Քոչարյան սկզբունքային դիմակայության հնարավորությունը։ Տեղի են ունենում պարզ տակտիկական մանեւրներ, որոնք կարող են ուղղված լինել միայն ներքին ազդեցության գոտիների վերաբաժանմանը։ Հակառակ դեպքում այս խմորումները շատ արագ կարող են հանգեցնել ներիշխանական խորը ճգնաժամի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter