HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օբամայի անվստահելիությունը խանգարում է

Ցեղասպանությունը կանխարգելելու նրա նախաձեռնությունը

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Եթե Նախագահ Օբաման չվերընտրվի երկրորդ ժամկետում, ապա դրա համար Օբաման պետք է մեղադրի միայն իրեն: Ճիշտ է, Օբամային ժառանգություն մնաց Բուշի վարչակազմի կողմից նախաձեռնված պատերազմները Իրաքում և Աֆղանստանում, ինչպես նաև քայքայված տնտեսությունը, սակայն նրան չհաջողվեց ոչ միայն երկիրը դուրս հանել այդ ճահճից, այլև որոշ առումներով, խնդիրներն էլ ավելի խորացրեց:

Թեկուզ նախագահ Օբամայի ամենամեծ անհաջողությունը ամերիկյան հասարակության հույսերի ու սպասելիքների ի դերև անելն էր: Թեև շատ քաղաքական գործիչներ պարբերաբար խոստումներ են տալիս, որոնք այդպես էլ չեն կատարում, ընտրողները վստահել են այս յուրահատուկ նախագահի հավաստիացումներին, որ «Այո, մենք կարող ենք» անել «փոփոխություն»:

Ցավոք, պաշտոնը ստանձնելուց շատ չանցած նախագահ Օբաման ապացուցեց, որ ինքը ևս անսկզբունք մի քաղաքական գործիչ է` չհարգելով Հայոց ցեղասպանությունն ընդունելու իր լուրջ խոստումը և օգտագործելով անբարո բառախաղեր, որի համար ինքն անցյալում խստորեն մեղադրել էր իր նախորդներին: Ինքը նաև չի կատարել հարյուրավոր այլ հարցերի կապակցությամբ տված իր խոստումները` դրանով իսկ վտանգելով իր վստահելիությունը և որի հետևանքով իր ժողովրդականությունն մեծ անկում ապրեց:

Կորցնելով իրենց վստահությունը Նախագահ Օբամայի նկատմամբ` ամերիկացիներն այլևս լուրջ չեն վերաբերում նրան նույնիսկ, երբ նա փորձում է ճիշտ քայլեր կատարել: Անցյալ շաբաթ նա արձակեց Զանգվածային վայրագությունները և ցեղասպանությունը կանխարգելելու մասին կարևոր «նախագահական հրամանագիր»` հանձնարարելով 120 օրվա ընթացքում ստեղծել «Վայրագությունները կանխարգելման միջգերատեսչական խորհուրդ»:

Այս նորաստեղծ խորհրդի կազմում այլոց շարքում պետք է ընգրկված լինեն ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները` ներառյալ փոխնախագահը, արտաքին, պաշտպանության, գանձապետարանի և ներքին անվտանգության հարցերով պետքարտուղարները,  գլխավոր դատախազը, ազգային անվտանգության հարցերով խորհրդատուն, Կենտրոնական հետախուզության վարչության և Պաշտպանության հետախուզության վարչության տնօրենները:

Այս հրամանագրում նախագահ Օբաման նշում է, որ «զանգվածային վայրագությունները և ցեղասպանության կանխարգելումը Միացյալ Նահանգների գերագույն ազգային անվտանգության հարցն է և  գերագույն բարոյական պատասխանատվությունը»: Նա առանց ծիծաղելու հայտարարեց, որ «պատմությունը մեզ սովորեցրել է, ցանկանալ տեսնել մի աշխարհ, որտեղ պետությունները պարբերաբար չեն կոտորում քաղաքացիներին, հաջողության չի հասնի առանց համաձայնեցված և համակարգված ջանքի»:

Նախագահ Օբամային պետք է հիշեցնել փիլիսոփա Ջորջ Սանտայանի իմաստուն խոսքերը. «Ովքեր չեն կարողանում հիշել անցյալը, դատապարտված են այն կրկնելու»: ԱՄՆ-ի պաշտոնյաները ի՞նչպես  կարող են ապագայի ցեղասպանությունները կանխարգելելու որևէ արժանահավատ քայլ անել, եթե նրանք հրաժարվում են ճանաչել անցյալի ցեղասպանությունները:

Որպեսզի այս «Զանգվածային վայրագությունների» հարցերով գերատեսչությունը վստահություն ձեռք բերի, նախագահ Օբաման պետք է նախ վերջ տա ցեղասպանության հետ քաղաքական խաղեր խաղալուց, ճանաչի նախկին «զանգվածային վայրագությունները» և համապատասխան դասեր քաղի դրանցից: Այլապես, նրա նոր հրամանագիրը կդառնա պարզապես իր վատ վարկանիշը բարձրացնելու մեկ այլ ճարպիկ հնարք:

Ի դեպ, Նախագահ Օբաման բավականին ճիշտ բաներ էր ասում իր Հրամանագրում, երբ մեջբերում էր զանգվածային վայրագությունների և ցեղասպանության պատմական օրինակներ. «Հոլոքոստից հետո վաթսուն տարի և Ռուանդայից հետո 17 տարի ի վեր, Միացյալ Նահանգները դեռևս չունի զանգվածային վայրագությունները և ցեղասպանությունը կանխարգելելու և արձագանքելու համար համապարփակ քաղաքականություն և համապատասխան միջգերատեսչական մեխանիզմ»:

Հետաքրքիր է, որ Նախագահ Օբաման սկսեց ցեղասպանության պատմական վկայակոչումը Հոլոքոստից` խուսափելով հիշատակել Հայոց ցեղասպանությունը` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Եթե ԱՄՆ լուրջ է տրամադրված զանգվածային վայրագությունները և ցեղասպանության դեմ պայքարելու հարցում, ապա պետք է սկսի հրաժարվել քաղաքական նկատառումներով պատմական փաստերը հերքելուց և խեղաթյուրելուց:

 Իր հրամանագրում նախագահ Օբաման առաջարկում է, որ ծրագրված միջգերատեսչական խորհուրդը հաշվի առնի նախկին պետքարտուղար Մադլեն Ք. Օլբրայթի և նախկին պաշտպանության քարտուղար Ուիլյամ Քոհենի կողմից նախագահվող Ցեղասպանության կանխարգելման հարցերով հանձնախմբի առաջարկությունները:

Սա մեծ սխալ է, քանի որ այս երկու պաշտոնատար անձինք նամակ էին ուղարկել Կոնգրես, դեմ արտահայտվելով Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը: Ի՞նչպես կարող են ցեղասպանություն ժխտողները ապագա ցեղասպանությունները կանխարգելելու համար ճիշտ ուղղություն տալ: Այս նախկին երկու բարձրաստիճան պաշտոնյաները կորցրել են ցեղասպանության վերաբերյալ  որևէ հայտարարություն կատարելու բարոյական իրավունքը:

 Նախագահ Օբաման անցյալ շաբաթ նաև  ընդունեց հռչակագիր, որով արգելում է Միացյալ Նահանգներ մուտքը այն անձանց, ովքեր մասնակցել են քաղաքացիների դեմ իրականացված «համատարած կամ շարունակական բռնությունում» և իրականացրել են «պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ ոճիրներ կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումներ»:

Ահա նախագահի վերոհիշյալ երկու նախաձեռնությունների կապակցությամբ իմ համեստ առաջարկությունները`

1)      քանի որ ցեղասպանության զոհերի հետնորդներն ունեն յուրահատուկ զգայունություն զանգվածային բռնության գործողությունների կապակցությամբ, նախագահ Օբաման պետք է «Վայրագությունների կանխարգելման միջգերատեսչական խորհրդի» կազմում նշանակի այդ տուժած խմբերից մեկական անդամ, առնվազն խորհրդատվական ձայնի իրավունքով և

2)      նոր ցեղասպանությունները կանխարգելելու նպատակով, նախագահ Օբաման պետք է արգելի Միացյալ Նահանգներ ոչ միայն այն անձանց մուտքը, ովքեր մասնակցել են մարդու իրավունքների խոշոր խախտումներին, այլև ցեղասպանությունը ժխտողների, քանի որ հերքումը ցեղասպանության գործընթացի վերջին քայլն է և հետագա ցեղասպանություններ գործելու արտոնագիրը:

Թարգմանիչ` Կարինե Գևորգյան

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter