HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապերջանիկ իմ հայրենիք

16_02-casinoԱրդի երիտասարդության խոսակցական լեզվում կան արտահայտություններ, որոնք նոր են՝ քառասուն-հիսնամյա մարդկանց համար անհասկանալի։ Օրինակ՝ «դուդուկ դեմք»։ Սա նշանակում է տխուր մարդ։ Այս արտահայտությունը չէի հիշի, եթե մի քանի օր առաջ «Հակական ժամանակ» օրաթերթում աչքովս չընկներ World Values Survey-ի կատարած ուսումնասիրության մասին լուրը,

համաձայն որի երջանկության ցուցիչով Հայաստանն աշխարհի երկրների ցանկում զբաղեցնում է վերջից երրորդ տեղը՝ մեկ քայլ առաջ լինելով Զիմբաբվեից։ Հասարակական բոլոր տեսակի հարցումների հավաստիությունը սովորաբար ստուգում եմ առօրյա շփումներից ստացած տպավորությամբ։ Ցավոք, այս անգամ հարցախույզի արդյունքն ու անձնական տպավորություններս համընկնում են։

«Ինչո՞ւ մենք երջանիկ չենք» հարցը կարող է մի քանի պատասխան ունենալ, բայց ամենակարեւորն ինքնադրսեւորման անհնարինությունն է։ Սա նաեւ արտագաղթի հիմնական պատճառն է։

Մարդիկ Հայաստանից հեռանում են ոչ թե սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով, այլ որովհետեւ կյանքի ճանապարհը մեզ մոտ լավագույն դեպքում հորիզոնական է։ Վերցնենք, օրինակ, գյուղը։ Վերջին տարիներին գյուղն իբր հայտնվել է պետության եւ տարբեր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, բայց նախագծված կամ մասամբ իրականացված ծրագրերը միտված են սոսկ ճանապարհի հորիզոնականության պահպանմանը։

Սոցիալական ծրագրերի տակ շատ հաճախ հասկացվում են այնպիսի աշխատանքներ, որոնք վերաբերում են կենցաղի բարելավմանը։ Օրինակ՝ խմելու ջրագծերի անցկացման, գազիֆիկացման, դպրոցի, բուժկետի կամ մշակույթի տան նորոգման ծրագրեր։

Բարելավելով կենցաղը` դրանք, ըստ էության, որեւէ փոփոխություն չեն բերում սոցիալական ոլորտում։ Սոցիալական իրավիճակի բարելավում ասելով առաջին հերթին պետք է հասկանալ մարդու կենսագործունեության ապահովումը։ Կենսագործունեությունը ոչ միայն եւ ոչ այնքան զբաղվածությունն է (աշխատանք ունենալը), որքան մարդու դերը, ներգրավվածությունը հասարակական գործընթացների մեջ։ Եթե մարդը ներգրավված չէ, ուրեմն կրավորական է։ Այսինքն՝ պետության կամ տարբեր կազմակերպությունների իրականացրած ծրագրերն ընկալում է որպես նվեր, որպես ողորմածություն, որպես գթասրտություն։ Այսպես վերեւից իջած հրամանով բարելավում են բանտախցի պայմանները՝ «բնակիչների» հետ քննարկումներ չանցկացնելով։ Եթե համայնքն ընդամենը մարդկանց համախմբում է եւ ոչ կենսագործունեության դաշտ, որտեղ յուրաքանչյուրի դերն ու նշանակությունը որոշվում է ներգրավվածության աստիճանով, ապա երջանկության մասին խոսք լինել չի կարող, եթե անգամ իդեալական լինեն կենցաղային պայմանները։ Մարդը հեռանում է ոչ այն պատճառով, որ աշխատանք չունի (թեեւ սա նույնպես կարեւոր է), այլ որովհետեւ անելիք չունի։ Նրա պահանջարկը չկա։ Եւ նա հեռանալով ոչ թե այդ պահանջարկն է փնտրում, այլ նյութական բարեկեցություն։ Ռուսաստանի քաղաքներում կամ գյուղերում սեւագործ աշխատանքով զբաղվող մարդը վաստակելուց բացի այլ խնդիր չունի։ Նրան առաջխաղացում պետք չէ, նա վերընթաց ճանապարհի կարիք չունի։ Հորիզոնական ուղիղն օտար միջավայրում Աստծո պարգեւ է, որովհետեւ շատ ու մեծ են վտանգները։ Այնտեղ մարդը կարող է հարստանալ, կարող է անգամ գերշահույթներ ունենալ ու մեծ կարողություն դիզել, բայց կարգավիճակ ձեռք բերել գրեթե անհնար է։ Լինի Ռուսատանում թե այլուր` շատ քչերին է հաջողվում ներգրավվել կենսագործունեության դաշտում, դառնալ հասարակության լիիրավ անդամ։ Սա ամենեւին պետք չէ շփոթել բարձրաշխարհիկ կապերի կամ շփումների հետ։ Դրանք, որպես կանոն, կայանում են ոչ թե հասարակական ազդեցիկության, այլ՝ փողի ուժով։ Քիչ չեն դեպքերը, երբ արտասահմանում հարստացած հայը գալիս է Հայրենիք` կարգավիճակ փնտրելու։ Նա կարող է արժանանալ երկրի նախագահի, վարչապետի կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաների ընդունելությանը, կարող է եկեղեցի կառուցել, որը կօծվի Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ, կարող է գիրք հրատարակել իր գերդաստանի պատմության մասին, բայց այս ամենը դիպված է եւ ոչ կարգավիճակ։ Առիթով կամ անառիթ գյուղերում շրջելիս հաճախ եմ լսել այսպիսի խնդրանք. «Մեր գյուղի համար մի հովանավոր (սպոնսոր) ճարեք, որ մեր հարցերը լուծի»։

Հասկանո՞ւմ եք` հովանավոր։ Հովանավոր կարող է ունենալ անապահով ընտանիքի վճարովի սովորող ուսանողը, հովանավոր կարող է ունենալ նվագախումբը, հովանավոր կարող է ունենալ մեկն, ով փորձարարական նախաձեռնություն է ուզում կյանքի կոչել։

Բայց գյուղը, համայնքը, որն ինքն իրենով պետք է կենսագործունեության դաշտ լիներ, ո՞նց կարող է հովանավոր ունենալ։ Ահա այստեղ էլ հանդիպում են համայնքի եւ օտարահայ մարդու ցանկությունները։ Առաջինի կարիքը դառնում է երկրորդի կարգավիճակը, եւ արատավոր շրջանը փակվում է։

Այս պայմաններում երջանկության մասին մտածելն անգամ ավելորդ է, որովհետեւ դժվար է պատկերացնել մի երջանկություն, որի աղբյուրն ուրիշի բարեսիրտ նվիրատվությունն է կամ կարգավիճակ ստանալու նպատակով արված ներդրումը։ Առանց ներքին բավարարվածության չի կարող լինել երջանկություն, իսկ ներքին բավարարվածությունը չի կարող լինել առանց կանոնավոր կենսագործունեության։

Ամերիկացի հոգեբան Ջոն Մաքֆերին «Երազանք եւ արկածախնդրություն» երգիծական էսսեում գրում է. «Ես շատ եմ տեսել կազինոյից դուրս եկող դժբախտների, բայց ինձ երբեք չի պատահել երջանիկ խաղամոլ, եթե անգամ նա միլիոն է շահել»։ Որովհետեւ խաղամոլի կենսագործունեության ոլորտը խաղատունն է, իսկ ներգրավվածությունը` արկածախնդրությունը։

Չգիտեմ` World Values Survey-ն իր ուսումնասիրությունը երբ է կատարել, բայց վստահ եմ, որ երջանկության ցուցիչն ավելի նվազ կլիներ, եթե հասարակության տրամադրությունն ուսումնասիրվեր ՀԴՄ կտրոններով անցկացվող խաղարկությունից հետո։

Շահավետ մի միջոցառում, որը պետության ձեռքով վերջնականորեն ջնջում է կենսագործունեության հնարավորությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter