Քաղաքապետը տվել է մի շարք հանձնարարականներ
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Զախարյանը քաղաքապետարանի և թաղային համայնքների համապատասխան կառույցներին հանձնարարել է խստացնել վերահսկողությունը ինքնակամ շինարարության նկատմամբ և ուժեղացնել փողոցներում անօրինական առևտրի հսկողությունը: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը:
Խորհրդակցության ժամանակ «Երևան Ջուր» ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ համայնքների ջրամատակարարումը համապատասխանում է սահմանված ժամանակացույցին: Շինարարության և բարեկարգման վարչության պետի զեկույցի համաձայն էլ` ընթացքի մեջ է ստորգետնյա ավտոկայանատեղիների շինարարությունը:
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարումը, պահպանումը և շահագործումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով համայնքներին հանձնարարվել է մշակել միջոցառումների ծրագիր, տարանջատել առկա խնդիրները` դրանք լուծելով բնակիչ - համատիրություն - թաղապետարան սկզբունքով:
Նախորդ շաբաթ համայնքների կողմից 3 անձ տուգանվել է` չնախատեսված վայրերում աղբ դատարկելու համար: Քաղաքապետը հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել աղբահանության և քաղաքի սանմաքրման աշխատանքներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել