HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Համայնքի բնակչության հետ մտրակով աշխատել հնարավոր չէ»

Լուսինե Թոփլաղացյան

Գանձակի նոր համայնքապետի պաշտոնավարման 100 օրը

Մեզանում խիստ հազվադեպ են ընտրություններն ավարտվում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակով: Նման նախադեպ տեղի ունեցավ 2008 թ. հոկտեմբերի 26-ի ՏԻՄ ընտրություններին Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում, երբ համայնքի ղեկավար ընտրվեց Վանիկ Հարությունյանը:

Նոր համայնքապետը ներկայացնում է Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը: Այս առումով զարմանալի չէ, որ ընդդիմադիր լինելու ծանրությունը ճաշակած հայ քաղաքացին կարեւորում է ավագանու` համայնքի ղեկավարին հակակշիռ լինելու նշանակությունը: Մինչդեռ ավելի տարածված երեւույթ է այն, երբ համայնքապետերի թեկնածուները միաժամանակ առաջադրում են ավագանու իրենց անդամներին կամ հովանավորում են ինքնակամ առաջադրվածներին: Օրերս կլրանա նոր համայնքապետի պաշտոնավարման 100 օրը: Այդ ընթացքում նորընտիր համայնքի ղեկավարին հաջողվել է իրականացնել համայնքի փողոցների լուսավորում շուրջ 1350 մ երկարությամբ եւ կազմակերպել աղբահանությունը: Համայնքապետարանի համար ձեռք է բերվել «Նիվա» մակնիշի 3,6 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենա: Վանիկ Հարությունյանը, կարեւորելով օրենքը հարգելու աշխատաոճը, որոշել է եռամսյակը մեկ հաշվետու հանդիպումներ ունենալ համայնքի բնակչության հետ «իրենց գործունեությունը թափանցիկ դարձնելու», «կասկածները բացառելու» եւ բյուջեի կատարման մասին համայնքի անդամներին տեղեկացնելու նպատակով: Սակայն մինչ այժմ նման հանդիպումներ տեղի չեն ունեցել` կապված թե՛ 2008 թ. բյուջեի կատարման, թե՛ 2009 թ. բյուջեի քննարկման հետ: Առաջնային են դարձել հարկահավաքման աշխատանքները: Հարկերի հավաքագրումը դարձել է ինչպես շատ եւ շատ համայնքների ղեկավարների, այնպես էլ Գանձակի համայնքապետի գերխնդիրը: Տարիների ընթացքում հսկայական ապառքներ են կուտակվել, ավագանին տեղական տուրքեր չի սահմանել, ինչի հետեւանքով մարդիկ հարկեր չվճարելու սովորույթ են ձեռք բերել: Նորընտիր համայնքի ղեկավարը փորձում է յուրաքանչյուր հարկատուի հետ անհատական աշխատանք տանել: «Համայնքի բնակչության հետ մտրակով աշխատել հնարավոր չէ, ամբողջ համայնքին դատարան տանել հնարավոր չէ, առավել արդյունավետ է հասարակության հետ երկխոսության գնալը, ինչը մեզանում բացակայում է»,- նշում է Վանիկ Հարությունյանը: Գանձակն ունի շուրջ 4500 փաստացի բնակիչ: Համայնքում հիմնականում զբաղվում են բուսաբուծությամբ եւ անասնապահությամբ: Սակայն այս տարում, համաշխարահային տնտեսական ճգնաժամից բացի, համայնքի հողագործներին սպառնում է կարտոֆիլի շուրջ 4000 տոննա բերքի չիրացման վտանգը: Կարտոֆիլի 1 կգ-ի շուկայական գինն իջել է մինչեւ 50 դրամ, սակայն անգամ այդ գնով չի իրացվում: «Մարդկանց ստեղծած նյութական բարիքն իրենց իսկ համար վերածվել է չարիքի»,- նկատում է Գանձակ համայնքի ղեկավարը` արդար չհամարելով հողագործին իր խնդիրների հետ մեն-մենակ թողնելը: Նա այստեղ տեսնում է գյուղատնտեսության նախարարության կարգավորիչ դերը. այսինքն` պետք են հաշվարկներ, կանխատեսումներ, որոնք ժամանակին հողագործներին կհուշեն, թե ինչ մշակաբույսերի ցանքով պետք է զբաղվեն: Մարդիկ զգալի ներդրումներ են կատարում ցանքի բոլոր փուլերում, սակայն անգամ չեն կարողանում զրոյացնել իրենց կատարած ծախսերը: Հարկադրված հրաժարվում են ցանքս կատարելուց, իսկ գյուղում վաստակելու այլ աղբյուրներ չկան: Գանձակի համայնքապետը նշում է, որ խոշոր եղջերավոր ունեցող 6-7 միջին ֆերմերային տնտեսություններ, որոնք ունեցել են 10-30, անգամ 45 գյուխ խոշոր եղջերավորներ, 1-2 տարվա ընթացքում դադարեցրել են իրենց գործունեությունը, քանի որ անասնապահությունը նույնպես եկամուտներ չի բերում: Կաթի 1 լ-ը 50 դրամով էժան է 1 լ հանքային ջրից, սակայն կաթ ստանալու համար յուրաքանչյուր գյուղացիական տնտեսություն բավականաչափ ներդրումներ է կատարում` փոխարենը եկամուտներ չստանալով:

Երբ թերթում ես «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը», որն արդեն կնքվել է նոր` «Կայուն զարգացման ծրագիր» անունով, ապա «սահուն» անցում ես կատարում դեպի «Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր», որը տեղայնացնում ու նեղացնում է աղքատության նվազեցման ջանքերը, չես կարողանում, ի վերջո, գտնել այն պարզ հարցերի պատասխանները, որոնք հուզում են շարքային հողագործին...

Նաեւ` ավագանու նիստերի մասին

Համայնքապետ Վանիկ Հարությունյանի պաշտոնավարման շուրջ 3 ամիսների ընթացքում Գանձակի ավագանին չորս անգամ նիստ է հրավիրել, որից 2-ը` արտահերթ: Համայնքի ղեկավարը հայտնեց, որ ավագանու նիստերի օրակարգերը նիստից 7 օր առաջ ուղարկվում են մարզպետարան, որպեսզի համապատասխան վարչությունը նախապես կարողանա խորհրդատվական աջակցություն տրամադրել համայնքապետարաններին` օրենսդրության խախտումներ թույլ չտալու նպատակով: Համայնքապետը նշում է, որ նման մոտեցումը պայմանավորված է ՀՀ Վերահսկիչ պալատի` Գեղարքունիքի մարզում կատարած վերջին ուսումնասիրություններով, ու թեեւ որոշումների ընդունումը միմիայն ավագանու գործառույթն է, սակայն համայնքներն իրենք են շահագրգիռ նման հնարավորության համար: Այդուհանդերձ, նշենք, որ նման մոտեցումն իր դրական նշանակությունից զատ` ունի օրենքին հակասող տարրեր: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանվում է. «Նիuտի oրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը եւ համապատաuխան փաuտաթղթերը նիuտը uկuվելուց առնվազն յոթ oր առաջ տրամադրվում են ավագանու անդամներին:

Նիuտի oրակարգը հաuտատվում է համայնքի ավագանու որոշմամբ»: Փաստորեն, ավագանու նիստի օրակարգն ավագանու անդամներին տրամադրելու օրը տրամադրվում է մարզպետարանին` մի մարմնի, որը վերահսկողական գործառույթներ ունի ավագանու որոշումների նկատմամբ, սակայն որոշումներն ընդունելուց հետո միայն:

Ավագանու որոշումներն առաքվում են մարզպետարան յոթնօրյա ժամկետում, իսկ oրենuդրությանը հակաuող որոշումները փոփոխելու ընթացակարգերը սահմանված են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77.5-րդ հոդվածով: Ի դեպ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է ավագանու արտահերթ նիստից յոթ օր առաջ մարզպետարանին ներկայացնել ավագանու նիստի օրակարգը, երբ նույն օրենքով. «Արտահերթ նիuտի oրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը եւ համապատաuխան փաuտաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են նիuտից մեկ oր առաջ»:

Ողջունելի է, որ Գեղարքունիքի մարզպետարանը փորձում է իրավական օգնություն տրամադրել համայնքապետարաններին, սակայն նման օգնությունը չպետք է հակասի օրենսդրության պահանջներին: Եթե մարզպետարանները հետեւեն, որ ավագանիների բոլոր որոշումները ժամանակին առաքվե, եւ իրենք էլ իրականացնեն օրենքով սահմանված վարչական հսկողության իրենց գործառույթները, ապա չեն լինի այնպիսի իրավախախտումներ, որոնք նկարագրված են ՀՀ Վերահսկիչ պալատի վերջին հաշվետվություններում: Այլ ընթացակարգերի անհրաժեշտությունը պետք է հիմնավորված լինի օրենքով, իսկ մինչ այդ պետք է կիրառել գործող օրենքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter