HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Լեհաստան

eduard-nalbandyanԵրեկ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ հանդիպումով մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Լեհաստան: Երկու երկրների արտգործնախարարների առանձնազրույցից հետո տեղի են ունեցել ընլայնված կազմով բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են հայ-լեհական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ: Նախարարներ Նալբանդյանն ու Սիկորսկին կարեւորել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ կանոնավոր խորհրդատվությունների անցկացումը` որպես արդյունավետ համագործակցության եւս մեկ ձեւաչափ: Էդվարդ Նալբանդյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերը: Մասնավորապես, մտքեր փոխանակել առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղիների եւ մշակութային փոխանակումներ իրականացնելու վերաբերյալ: Հայաստանի եւ Լեհաստանի արտգործնախարարները բովանդակալից զրույց են ունեցել Հայաստանի եւ Եվրոպական միության համագործակցության ընթացքի եւ այդ ոլորտում կատարվելիք քայլերի վերաբերյալ: Ողջունելով ԵՄ Արեւելյան գործընկերության առաջարկությունը` նախարար Նալբանդյանը կարեւորել է ԵՄ հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման, ինչպես նաեւ ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը եւ այդ հարցում Լեհաստանի կողմից հնարավոր աջակցությունը: Էդվարդ Նալբանդյանը Լեհաստանի արտգործնախարարին ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները: Երկուստեք նշվել է, որ արցախյան հիմնախնդրի խաղաղ քաղաքական կարգավորումը այլընտրանք չունի: Ընդունելով Հայաստան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը, Ռադոսլավ Սիկորսկին ասել է, որ մտադիր է Հայաստան այցելել 2009թ.: Հանդիպումից հետո նախարարներ Նալբանդյանն ու Սիկորսկին ստորագրել են հուշագիր Հայաստանի եւ Լեհաստանի ԱԳՆ-ների միջեւ Եվրոպայի հետ մերձեցման բնագավառում համագործակցության վերաբերյալ: Նախարարների հանդիպմանը հետեւել է համատեղ մամուլի ասուլիս: Երեկոյան Ռադոսլավ Սիկորսկին պաշտոնական ճաշ է տվել Էդվարդ Նալբանդյանի պատվին: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հյուրըկալվել է Վարշավայի համալսարանում, ուր Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես է եկել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների առջեւ` պատասխանեց բազմաթիվ հարցերի: Պատասխանելով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին` Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Ադրբեջանի կողմից իր իսկ ղեկավարների ստորագրած փաստաթղթերում ամրագրված դրույթների անտեսումը, շարունակվող ռազմատենչ հայտարարությունները, սպառազինությունների մրցավազքի սանձազերծումը, ԵՍԶՈւ պայմանագրով նախատեսված սպառազինությունների սահմանափակումների բացահայտ խախտումները, ուժի հնարավոր կիրառման արդարացման եւ հիմնավորման փորձերը, ազգային թշնամանք սերմանող քարոզչությունը ոչ միայն խոչընդոտներ են ստեղծում բանակցային գործընթացի համար, այլեւ լուրջ սպառնալիք են հանդիսանում տարածաշրջանային կայունության եւ անվտանգության համար, ինչը պահանջում է համարժեք արձագանք միջազգային հանրության կողմից: Այսօր նախատեսվում են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու եւ Սենատի նախաgահ Բոգդան Բորուսեւիչի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter