
Պետական հիգենիկ և հակահամաճարակային հսկողության Սյունիքի տեսչության մասնագետները անասնաբուծության ու սննդի անվտանգության պետական տեսչության Սյունիքի կենտրոնից ահազանգ են ստացել Ծղուկ գյուղում բրուցելիոզի հայտնաբերման մասին եւ անմիջապես մեկնել են` հետազոտելու բնակչությանը:
Հետազոտված 206 մարդուց 35-ի մոտ կասկածում են բրուցելիոզ. «Հիվանդության մասին առաջին անգամ մենք ստացել ենք այս տարվա փետրվարին, բայց վարակը դեռ նկատվել է անցած տարվանից: Հետազոտվածներից միայն 15 հոգու մոտ է հայտնաբերվել, ու նրանք ստանում են տնային բուժում»,-ասում է հիգենիկ և հակահամաճարակային հսկողության Սյունիքի տեսչության պետ Լենա Մալինցյանը:

Ըստ նրա` կանխարգելման աշխատանքների հետ միաժամանակ կատարվում է քարոզչական աշխատանք: Մարդկանց բացատրում են, թե ինչ պետք է անել բրուցելիոզի դեպքում, ինչպես ախտահանել կաթի ամանները, ինչպես իրականացնել կիթը: Լ. Մալինցյանի համոզմամբ` Ծղուկի դեպքում մի փոքր ուշացել են, ու արդյունքը 15 հիվանդների առկայությունն է: «Ով է ուշացել» հարցին նա պատասխանում է. «Ինձ թվում է` անասնաբուժական տեսչությունը: Կիսամյակը մեկ մեզ տեղեկատվություն էին ներկայացնում, ու դրանց մեջ վարակի մասին փաստեր չկային: Միայն այս փետրվարին ստացանք ու սկսեցինք միջոցներ կիրառել»,- ասում է Լ. Մալինցյանը:
Հիգենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետը չի կիսում անասնաբույժների այն տեսակետը, որ Ծղուկում արձանագրվածը համաճարակ չէ. «Համաճարակ է, քանի որ բրուցելոիզը հատուկ վտանգավոր հիվանդություն է, ուստի մեկ գրանցված դեպքից էլ պետք է զգոն լինել»,- ասում է բժշկուհին:
Ծղուկցիները հիվանդ անասունները մորթել են գյուղում ու միսն էլ վաճառել են այլ տեղերից եկած մսագործներին: Նրանց պատմելով` մորթել են գետի կամ հոսող ջրի մոտ, որպեսզի արյունը ջուրը տանի: Գլխավոր սանիտարական բժիշկի կարծիքով` նման եղանակով իրականացված մորթն ու վաճառքը նույնպես հիգենիկ նորմերի խախտում են: «Անասնաբուժական տեսչությունը պիտի հարկադիր մորթ իրականացներ մսի կոմբինատներում, որպեսզի հետո հիվանդ անասունի միսը մշակվեր: Նորից եմ կրկնում`ժամանակին պիտի մեզ ասեին, որպեսզի այս իրավիճակը չստեղծվեր»,-նշեց Լ. Մալինցյանը` ավելացնելով, որ գյուղում դեռ վարակված հորթեր կան, որոնք պետք է սպանդի ենթարկվեն:
Ինչպես նշեց Ծղուկ համայնքի ղեկավար Մեսրոպ Ամիրջանյանը, երբ հայտնաբերվեցին հիվանդ անասունները, վերջիներս խարազանվեցին, որպեսզի տարբերվեն առողջներից:

Հիմա ծղուկցի Սամվել Նիկոլայանի գոմում 3 խարազանված հորթ կա, որոնք ապրում են հնդկահավերի հետ: «Վաղը մյուս օրը մորթելու եմ: 20 կով մորթեցի, հիմա ինչ ա լինելու, ով ա ծախսերը հոգալու»,- մեր հանդիպման ժամանակ ասում էր Ս. Նիկոլայանը:
Մասնագետների խոսքով, այս հիվանդությունը մարդու մեջ կարող է խրոնիկ լինել ու երկար ժամանակ չարտահայտվել: Սակայն Լենա Մալինցյանը հավաստիացնում է, որ բակային շրջայցերը շարունակվում են, ու ամեն ինչ արվում է վարակվածներին հայտնաբերելու ուղղությամբ. «Մեկ առ մեկ պարզում ենք մարդկանց գանգատները` հաշվի առնելով հիվանդության գաղտնի շրջանը, հնարավոր վարակման ժամանակաշրջանը, բոլորին հետազոտում ենք»,- ասաց Լ. Մալինցյանը:
Ի դեպ, նշենք, որ բրուցելիոզով հիվանդները շրջապատի համար վտանգավոր չեն, ու վարակը մարդուց մարդուն չի փոխանցվում:
Լուսանկարները` Նվեր Զելյայի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել