HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

120 պաշտոնատար անձ նախազգուշացվել է

ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի երեկվա նիստում, որին հրավիրվել էին նաեւ լրագրողներ, ներկայացվեց ազգային վիճակագրական ծառայության 2008 թ. տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունը: «Տարվա ընթացքում ծառայության տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումները վիճակագրական աշխատանքների իրականացման ընթացքում փորձել են ապահովել մեր համակարգի կողմից հաշվարկվող ցուցանիշների միջազգային համադրելիությունը, պետական բյուջեով հատկացված միջոցների հետ համաչափությունը եւ հիմնական մակրոցուցանիշների կայուն պարբերականությունը»,-հաշվետվության ներկայացման խոսքում նշեց ԼՂՀ ԱՎԾ նախագահ Մանուշ Մինասյանը: Նրա տեղեկացմամբ` տարվա ընթացքում տնտեսության հինգ կարեւոր հատվածներում (իրական, ֆինանսական, հարկաբյուջետային, արտաքին եւ սոցիալ-ժողովրդագրական) իրականացվել են 312 վիճակագրական աշխատանքներ, որոնց հիմքում ընկած են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններից ստացված հաշվետվությունները: Վիճակագրական հաշվետվությունների ներկայացման կարգապահության բարձրացմանն նպատակով  հուլիսի 1-ին «Պետական վիճակագրության մասին» օրենքում որոշ փոփոխություններ են կատարվել, որոնց արդյունքում աճել է վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողների թիվը: Երկրորդ կիսամյակի ընթացքում նշված հաշվետվությունների հանձնման մասով գրանցված խախտումների արդյունքում 120 պաշտոնատար անձինք նախազգուշացվել են, 81-ը` ենթարկվել վարչական տուգանքի: Ընդհանուր առմամբ, պետբյուջե է հաշվեգրվել 1մլն 620 հազար դրամ վարչական տուգանք, որի 83 տոկոսն արդեն հաջողվել է վերականգնել: Խոսելով  չկատարված աշխատանքների մասին, վիճակագրական ծառայության նախագահը տեղեկացրեց, որ մասնակի է իրականացվել հիմնական միջոցների եւ դրանց մաշվածության հաշվառման հետ կապված ծրագիրը, որն իրականացվել է միայն առեւտրային կազմակերպությունների ընդգրկմամբ: Այդ շարքում են նաեւ հանրապետությունից արտահանվող եւ ներմուծվող ապրանքների հաշվառման աշխատանքները: Անդրադառնալով տեղեկատվության նկատմամբ հետաքրքրության ցուցաբերմանը, Մ.Մինասյանը ցավով նշեց, որ մեր հանրապետությունում այն շատ ցածր մակարդակի վրա է գտնվում: Նրա հավաստմամբ` պետական կառույցներից բացի, ոչ ոք ԱՎԾ-ին չի դիմում տեղեկատվություն ստանալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter