HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համագործակցություն` ուղղված երեխաների պաշտպանության հարցերում իրազեկվածության բարձրացմանը

socap Այսօր ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում /ԱՍՀՆ/ տեղի ունեցավ «Երեխաների պաշտպանության համակարգը Հայաստանում» տեղեկագրքի ներկայացումը: Ներկա էին ՀՀ տարածքային կառավարման, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, առողջապահության նախարարությունների, ՀՀ Ազգային Ժողովի, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի, ՏԻՄ կառույցների և ՀԿ-ների ներկայացուցիչներ: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն, ի թիվս այլ գործառույթների, աշխատանքներ է տանում երեխաների պաշտպանության առավել արդյունավետ համակարգ ստեղծելու ուղղությամբ: Հիմնական մարտահրավերներից մեկը երեխաների պաշտպանության հարցերում գլխավոր դերակատարների` պետական գերատեսչությունների, ՏԻՄ սոցիալական ծառայությունների և քաղաքացիական հասարակության համագործակցության անկատար մեխանիզմն է, որն առանցքային դեր ունի սոցիալական աջակցության ռեսուրսների հասանելիությունն ապահովելու գործում: Ոչ պակաս կարևոր է նաև բնակչության իրազեկվածության մակարդակը: Սոցիալական իրավունքների մասին անբավարար իրազեկվածությունը հաճախ հանգեցնում է հնարավոր չարաշահումների` մեծացնելով բնակչության կախվածությունը սոցիալական ծառայություններից: Այս համատեքստում առանձնանում է սոցիալական գովազդի խնդիրը, որը դեռևս չի արժանանում պատշաճ պետական ուշադրության: Ներկայումս նախարարությունը և այդ հարցով զբաղվող ՀԿ-ները ջանքեր են գործադրում պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ուշադրությունը խնդրո առարկայի վրա հրավիրելու ուղղությամբ` փորձելով լուծման ուղիներ գտնել պետական բյուջեից հատկացումների, քաղաքականության մասին որոշումների տեսքով: Այս ջանքերին աջակցելու նպատակով Հայ օգնության միությունը (ՀՕՄ) ԱՍՀՆ-ի և Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ մշակել է «Երեխաների պաշտպանության համակարգը Հայաստանում» տեղեկագիրքը, որն իրենից ներկայացնում է գործուն տեղեկատվական միջոց: Տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի ԱՍՀՆ ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության կողմից` ազգային ինստիտուտի հետ համատեղ եւ հասանելի կլինի սոցիալական աշխատողներին, քաղաքացիական հասարակությանը եւ հանրությանը` տպագիր եւ առցանց տեսքով: Ողջունելով ուղեցույցի համահեղինակներին` ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նշեց. «Սա հասարակական վերահսկողության և մոնիտորինգի նոր ձևաչափ է: Այս աշխատանքով գույքագրվել են այն բոլոր հնարավորությունները, որ մեր պետությունն ունի այս ոլորտում»: «Երեխաների պաշտպանության ոլորտում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ջանքերը համընթաց են և միայն համատեղ աշխատանքով հնարավոր կլինի լուծել այդ խնդիրները: Հանրապետությունում այսօր ունենք պաշտպանության ճյուղավորված, եռաստիճան համակարգ, անհրաժեշտ է բովանդակությունը զարգացնել», - շեշտեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը: Ներկայացնելով կատարված աշխատանքը` ՀՕՄ ատենապետ Ալվարդ Պետրոսյանը համահեղինակների անունից վստահություն հայտնեց, որ միջոցառումը կնպաստի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների ջանքերի համախմբմանն` ուղղված մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանության կայացած համակարգի ստեղծմանն ու սոցիալական ծառայությունների որակի բարձրացմանը: Այս մասին հայտնում է ԱՍՀՆ կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter