«Ճգնաժամից բոլորը միանշանակ կերպով չեն տուժում»,- ասում է հոլդինգի նախագահը
«Ճգնաժամը ժողովրդի մոտ մի տեսակ սարսափ է առաջացնում, ու մտածում են, թե մեզ մոտ ինչ է լինելու, բայց դա միանշանակ չի, որ բոլոր պետությունները կարող են դրանից տուժել, միանշանակ չի, որ բոլոր ոլորտները ճգնաժամից անկում են ապրում, և միանշանակ չի, որ բոլոր արտադրությունները կարող են ընկնել վատ վիճակի մեջ»,- հայտարարեց գործարար Հրանտ Վարդանյանը այսօր «Հայելի» ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:
Որպես ասվածի վառ օրինակ` նա մատնանշեց իրեն պատկանող ընկերությունների աշխատանքը, որոնք «ճգնաժամային ժամանակաշրջանում նույն ձև, եթե ոչ ավելի լավ, աշխատել են, ու նույն տեմպն էլ լինելու է այս տարի»: Հրանտ Վարդանյանի խոսքով` դեռ տարեվերջին ինքն անձամբ խոսք է տվել իր գործարանների աշխատակիցներին, որ «ոչ մի աշխատատեղ այդ տարի չի պակասի, ոչ մի լումա աշխատավարձից չի պակասի, ընդհակառակը` կարող է ավելացվել և' աշխատակիցների թիվը, և' աշխատավարձը»: Միայն «Գրանդ Քենդի», «Գրանդ Տոբակո» գործարաններում, ըստ նրա, 200 դոլար միջին աշխատավարձով այսօր աշխատում է մոտ 4300 մարդ:
Հրանտ Վարդանյանը տեղեկացրեց մեծաթիվ ծրագրերի մասին, որ պատրաստվում են այս տարի կատարել, և որոնց մեկնարկը արդեն տրվել է: Հրանտ Վարդանյանի խոսքով` այս տարի «Գրանդ Հոլդինգը» սիգարետի արտադրության համար ձեռք է բերելու նոր սերնդի արդիական մեքենաներ, «Պրատոս» ֆիրմայի հատիկ արտադրող հոսքագծեր: Ըստ նրա` սիգարետ արտադրող բոլոր սարքավորումներն իրենք փոխարինում են նոր սերնդի սարքավորումներով, որոնք միջազգային շուկայում կդիմանան 30 տարի:
«Այսինքն` ապագա 30 տարում Հայաստանը կունենա ծխախոտի արտադրության լավագույն հոսքագծերը,- հայտարարեց Հրանտ Վարդանյանը եւ հիշեցրեց, որ ծխելը վնասակար է առողջությանը,- մարդիկ թող չծխեն, մենք հրուշակեղեն արտադրելով էլ յոլա կգնանք»:
Այս տարի «Գրանդ Հոլդինգը» սկսելու է անձեռոցիկի և զուգարանի թղթի արտադրություն. «Մինչ այդ թուղթը մենք ստանում էինք Պարսկաստանից ու Ուկրաինայից, հիմա մենք ենք արտադրելու»,- ասաց նա: Գործարարը լրագրողներին առաջարկեց շնորհավորել Բնապահպանության նախարարությանը, քանի որ իրենք անցյալ տարվա ընթացքում արդեն 4000 տոննա թուղթ են վերամշակել:
Այս տարի հոլդինգը ավարտելու է սպորտային ակումբի կառուցումը: Ըստ գործարարի` ակումբը լինելու է անվճար և նախատեսված է իրենց գործարանների աշխատակիցների և Շենգավիթի բնակիչների համար: Շենգավիթում նաև բնակելի շենք է կառուցվելու, որտեղ տեղափոխելու են նույն համայնքում անմարդկային պայմաններում ապրող բնակիչները:
Իսկ Տավուշի մարզում մրգերի պահեստամասեր են կառուցվում: Պահեստամասերից մրգերը կտեղափոխվեն և' Վրաստան, և' Հայաստանի խորքերը. «Մենք ուզում ենք, որ ծխախոտի հետ մեկտեղ գյուղացին որևէ պրոբլեմ չունենա նաև միրգ աճեցնելու և այն առաքելու առումով»,- ասաց նա:
Արտադրվելու են նաև հյութեր. «Մեր մոտ աբսուրդ վիճակ է ստեղծվել, մենք էկոլոգիապես մաքուր մրգեր շատ-շատ ունենք, բերում են այստեղ կոնցենտրատ են սարքում, տանում են դուրս, դրանից հյութեր են ստանում և արտասահմանյան պիտակներով նորից ներմուծում են Հայաստան, դա տրամաբանական չի»:
Հրանտ Վարդանյանը նկատել է նաև, որ չնայած Հայաստանում օղի արտադրողները շատ են, բայց մեծահարուստները շարունակում են խմել ռուսական օղի, և որպեսզի մեր ապրանքը դառնա մրցունակ, ինքն այս ոլորտում էլ «ինչ-որ բան կանի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել