«Գոլդ» պետհամարանիշերով նախագահը կզբաղվի
Անցյալ շաբաթ մամուլը տեղեկատվություն էր հրապարկել, որ գործարար Հրանտ Վարդանյանը աճուրդում 35 մլն դրամ է վճարել «99 999» «գոլդ» պետհամարանիշը ձեռք բերելու համար: Ասյօր լրագրողները փորձեցին գործարարից ճշտել` իսկապես նա գնել է այդ պետհամարանիշը:
«Երբ դիմեցինք այդ համարի աճուրդին մասնակցելու, ոստիկանության պետի տեղակալն ասաց, որ այդ «գոլդ» պետհամարանիշերով ոստիկանապետն է զբաղվում, բայց նախարարը իմ շատ մտերիմ բարեկամն է, ես գիտեմ իր տնտեսական, սոցիալական հնարավորությունները, նախարարն իրեն ոչ մի անգամ նման բան թույլ չի տա»,- պատմեց Հրանտ Վարդանյանը:
Ըստ նրա` իրականությունը ճշտելու համար նա մարդիկ է ուղարկել, որ մասնակցեն աճուրդին: Հրանտ Վարդանյանի խոսքով` ոչ ոստիկանական հագուստով երկու աշխատող կա ոստիկանությունում, որոնք սկսում են գինն այնքան շատ բարձրացնել, որ «մաքուր աճուրդ անողները թռնեն, դրա համար էլ մենք գինը բարձրացնում էինք, տեսնեինք` նրանց լպիրշությունը մինչև որ գինը կհասնի»: Բայց պետհամարանիշը, իր խոսքով, Հ. Վարդանյանը ձեռք չի բերել:
«Ինչու ինքը ոստիկանապետին չի դիմել անօրինականությունները կանխելու համար» հարցին Հրանտ Վարդանյանը պատասխանեց. «Դե կկանխեն երևի, ես նախագահին էլ եմ ասել, այնտեղ օրենքի սխալմունք կա, օրենքը կձևափոխեն, երևի կկարգավորեն այդ հարցը»:
Վերջերս թերթերից մեկում նաև տեղեկություն էր հայտնվել, որ Հրանտ Վարդանյանը հավակնում է վարչապետի պաշտոնին: Այս տեղեկությանը արձագանքելով` Հրանտ Վարդանյանն ասաց. «Ես արդեն համարյա անցել եմ թոշակի, ես շատ եմ աշխատել, ես կամաց-կամաց իմ աշխատանքը փոխանցում եմ իմ տղաներին, ես փորձում եմ դանդաղ տեմպով ակտիվ բիզնեսից դուրս գալ, ես այն վիճակում եմ, որ եթե կարողանամ իմ գործարաններում աշխատեմ, ահագին երջանիկ լինեմ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել