Տնտեսագիտական կլասիկ բանաձևերն այլևս չեն աշխատում
«Բոլոր տեսակի ֆինանսատնտեսական օրենքները պետք է մոռանալ, կյանքն ապացուցեց, որ այդ բոլորը օրենքները սխալ էին, վերջին 20 տարում ամբողջ աշխարհում սխալ են աշխատել, այսօր ոչ մի կառավարություն չի կարող հաջողություն ունենալ, եթե տնտեսության կլասիկ բանաձևերից օգտվի»,- կարծում է գործարար Հրանտ Վարդանյանը:
Ըստ նրա` երկիրը ֆինանսատնտեսական ճգնաժամից փրկելու համար պետք է ոչ ստանդարտ, անհատական մոտեցում բոլորին` և' արտադրողին, և' սպառողին, և' ներմուծողին, և' արտահանողին: «Այդ դեպքում հայ ժողովրդի վիճակը բավականին կլավանա, մանավանդ եթե հաշվի առնենք, որ մենք ստեղծագործ ու դիմացկուն ժողովուրդ ենք, պետք է բոլորին աջակցենք և մեր ունեցածը պահպանենք շուկայի տեսքով, մենք մեր շուկան չափից ավելի ենք դեմոկրատացրել և տվել այլ երկրների»,- ասում է նա:
Հրանտ Վարդանյանը համոզված է, որ այսօր «միջին մասշտաբի» պետությունները կարող են անգամ հարստանալ ճգնաժամի պայմաններում, փոքրերի համար էլ հեշտ կլինի, միայն մեծերը դժվարություններ կունենան:
Նրա գնահատմամբ` ամենից շատ տուժել են մերձբալթյան երկրները, որտեղ ֆինանսաբանկային համակարգը շատ ուժեղ զարգացած է: Իսկ որպեսզի Հայաստանն էլ չտուժի, գործարարի խոսքերով, պետք է հետաձգել ֆինանսական կենտրոն ստեղծելու նախագիծը և աշխատատեղեր ապահովել բնակչության համար: «Ամեն մի աշխատատեղ այսօր ոսկու գին ունի»,- ասում է գործարարը:
Հրանտ Վարդանյանը համաձայն չէ կայուն դրամի քաղաքականության քննադատության հետ. «Եթե դրամը բաց թողնեին առանց ժողովրդին պատրաստելու, գները թռնելու էին, իջնելու էին, քաոս էր ստեղծվելու, մենակ օլիգարխները չեն, որ մեծ քանակով դրամ ունեն կուտակած, բա հասարակ ժողովուրդը ինչքան կկորցներ»:
Ըստ նրա` իշխանությունը դա հաշվի առնելով է այսքան ժամանակ դրամի կուրսը պահել. «Պահեցին, որ հասարակությունը ադապտացվի ու իր վաստակած երկու կոպեկ գումարը վերածի այն ունեցվածքի, որը ինքն է ցանկանում»: Բայցև հավելում է, որ չեն կարող դրամն անվերջ կայուն պահել, և փոքր քանակներով հետագայում դրամը բաց կթողնվի:
Ի դեպ, պրն Վարդանյանը ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ ռուբլով գործարքներ արվեն, և ստեղծվի ռուբլու գոտի, բայց ժողովրդին առաջարկում է իր գումարները պահել դոլարով:
Հետքի այն հարցին, թե գոհ է կառավարության իրականացրած հակաճգնաժամային քայլերից, Հ. Վարդանյանը պատասխանեց, թե պետությունն ավելին չի կարող անել, քան անում է. «Գիտեք տնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա ոնց կարող է ազդել` մի ոլորտ ավելի կզարգանա, մի ուրիշ ոլորտ միառժամանակ կընկճվի, կընկնի ծանր վիճակի մեջ, մենք պետք է կարողանանք ժամանակին զարգացնել այն ոլորտները, որոնցով մենք կարող ենք գումար աշխատել և երկիրը պահել»:
Նա հրաժարվեց նշել այդ ոլորտները` ասելով. «Ես էլ իմ գործարարական գաղտնիքներն ունեմ, ինչու ես այդ ոլորտները նշեմ, որ բոլորն անցնեն այդ ոլորտներին, մեր գործարար աշխարհը ինքը կգտնի այդ ոլորտները»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել