Վարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում են Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը, ԱՄՀ Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Լորենսո Պերեսը, ԱՄՀ գործադիր տնօրեն Ահ Բաքքերը, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լուիսը եւ առաքելության մի շարք տնտեսագետներ։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:
ԱՄՀ առաքելության այցը, ըստ պատվիրակության ներկայացուցիչների, համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում նպատակ ունի` առկա իրավիճակում եւ նաեւ Հայաստանի առաջիկա տարիների հեռանկարի ֆոնին, կառավարության հետ քննարկելու հետագա համագործակցության հարցերը, որոնք ամփոփված են «Տնտեսական եւ ֆինանսական քաղաքականությունների հուշագրի» նախագծում։
Կառավարության ղեկավարը եւ ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են Հուշագրում ներկայացված` հիմնադրամի գնահատականներին, եզրակացություններին եւ առաջարկություններին, մոտեցումների առումով ընդհանուր համաձայնություն ունենալով` քննարկել առաջարկությունների մանրամասները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել