HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասնավոր հատվածի ներկայացուցիչները վարչապետին ներկայացրել են իրենց մտահոգությւնները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել շինարարության ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր հանդես են գալիս ե՛ւ իբրեւ կառուցապատողներ, ե՛ւ ներդրողներ։ Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքաշինության եւ ֆինանսների նախարարները, Երեւանի քաղաքապետը, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամլո ծառայությունը: Քննարկվել են ոլորտում առկա կարողություններին, համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ներդրումային հնարավորություններին ու հեռանկարներին, ստեղծված իրավիճակում պետություն-մասնավոր հատված համագործակցությանն առնչվող հարցեր։ Ներկայացնելով խորհրդակցության նպատակը` վարչապետը նշել է, թե վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ տնտեսական աճի կարեւորագույն շարժիչներից մեկը եղել է շինարարության ոլորտը։ Այդ շինարարությունն իրականացվել է հիմնականում մասնավոր ներդրումների միջոցով, որի մի զգալի մասն ապահովվել է արտասահմանյան գործընկերների միջոցների հաշվին: «Այն գնահատականները, որ դուք ունեք, այն սպասումները, ծրագրերը, որոնք առկա են, մեզ համար, իհարկե, էական նշանակություն ունեն, որպեսզի ճիշտ կանխատեսենք 2009-2010 թվականների մեր ֆինանսական հոսքերը մի կողմից, եւ մյուս կողմից` տնտեսական աճի հնարավոր սցենարները։ Դուք շատ լավ գիտեք ինչպիսի՞ն է իրավիճակը շուկայում, ի՞նչ ծավալի պատվերներ կան, որոնք գալիս են ներքին շուկայի պահանջարկից ու նաեւ դրսից», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` առաջարկելով խորհրդակցությանը մասնակցող կառուցապատող-ներդրողներին իրենց տեսակետներն ու առաջարկությունները ներկայացնել ստեղծված իրավիճակում պետության կողմից աջակցության ձեւերի վերաբերյալ` շինարարության ոլորտում որոշակի աշխուժացում ապահովելու եւ համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները մեր շուկայի վրա համատեղ ուժերով հնարավորինս մեղմելու համար։ Մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ պայմանավորված իրենց մտահոգություններն ու խնդիրները, որոնք հիմնականում վերաբերել են վարկավորման քաղաքականությանը, շուկայում առաջիկայում բնակարանների գների կտրուկ անկման վերաբերյալ անիրատեսական եւ չափազանցված կանխատեսումներին ու սպասումներին, որոնք բացասական ազդեցություն են ունենում ոլորտի վրա։ Ամփոփելով խորհրդակցությունը, վարչապետն ընդգծել է, թե առաջին անհրաժեշտ միջոցառումը հիփոթեքային շուկայի զարգացումն է, որը թույլ կտա լուծել կառուցապատողների կողմից առաջ քաշված խնդիրները։ Երկրորդը, ըստ կառավարության ղեկավարի, պետական ծրագրերի շրջանակներում նախատեսվող շինարարությունը, այդ թվում` աղետի գոտում, շարունակելն ու ավարտին հասցնելն է, որն ամեն դեպքում պետք է իրականացվի։ Դրա շրջանակներում եւս հնարավոր է դիտարկել մասնավոր հատվածի ընկերությունների կարողությունների օգտագործմամբ` նրանց աջակցելու հարցը։ Վարչապետն առաջարկել է կառուցապատողներին` այս ընթացքում սերտորեն համագործակցել նաեւ կենտրոնական բանկի հետ եւ վերջինիս կողմից մշակվող համապատասխան հայեցակարգը պատրաստ լինելուց հետո` նախաձեռնել նմանատիպ եւս մեկ քննարկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter