Հայաստան. կրոնական փոքրամասնությունները բողոքում են խտրականության դեմ
Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում մտահոգություններ կան, որ օրենսդրական հնարավոր փոփոխությունները կարող են վատթարացնել իրավիճակը:
Արդեն մեկ տարի է, որ Մագարիտա Հովհաննիսյանը զրկված է իր երեխային տեսնելու իրավունքից, քանի որ Եհովայի վկա է:
Ըստ Մարգարիտայի` երկու անգամ դատարան դիմելու իր փորձերն անհաջողությամբ են ավարտվել: Մարգարիտան ենթադրում է, որ Հայաստանի դատական համակարգն այնքան էլ անաչառ չէ իր նկատմամբ՝ դավանած հավատքի պատճառով:
«Ամուսինս առեւանգել է անչափահաս երեխայիս` պատճառաբանելով, որ չի ուզում նրան թողնել «Եհովայի վկա մոր» խնամքի տակ»,-ասում է Մարգարիտա Հովհաննիսյանը:
Կնոջ հայցադիմումները մերժող դատական որոշումներում հստակորեն նշվում է, որ մոր մոտ վերադառնալը կարող է վնասակար լինել երեխայի համար:
Դատական ատյաննների ներկայացուցիչները Մարգարիտայի մեղադրանքները համարելով հերյուրանք, ասում են, որ դատարանը արդարադատություն իրականացնող մարմին է միայն:
«Մենք ոչ քաղաքական, ոչ էլ կրոնական մարմին ենք: Դատարանի մեկնաբանությունը վճիռն է: Իսկ մենք վճիռ չենք կայացնում` հիմնվելով, թե մարդն ինչ կրոնի է դավանում եւ այլն… ,- ասում է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում նշված գործով դատավոր Նառա Հովսեփյանը:
Հայաստանում կրոնական փոքրամասնություն կազմող Եհովայի վկաները դժգոհում են, որ իրենց նկատմամբ հասարակության բացասական մոտեցումը աստիճանաբար աճում է:
Կրոնական կազմակերպությունը, որը ստեղծվել է 19-րդ դարում Աստվածաշնչի ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկյան խմբի հիման վրա, այսօր 7 միլիոն հետեւորդներ ունի ողջ աշխարհում: Այն բազում վեճերի եւ տարակարծությունների տեղիք է տվել իր անդամների` զինվորական ծառայությունից խուսափելու եւ արյան փոխներարկումներից հրաժարվելու պատճառով:
«Եհովայի վկաների նկատմամբ բացասական վերաբերմունքը Հայաստանում գնալով մեծանում է, հատկապես 2004-ից, երբ կազմակերպությունը Հայաստանում գործելու պետական գրանցում ստացավ»,-IWPR-ին ասել է Հայաստանում կազմակերպության հանրային տեղեկատվության քարտուղար Տիգրան Հարությունյանը:
Փետրվարի 5-ին Հայաստանի Ազգային Ժողովում սկսվել էին «Խղճի ազատության եւ կրոնական փոքրամասնությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին քննարկումները: ԱԺ կրթության, գիտության, մշակույթի երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, ասաց, որ վերջին տարիներին բազմաթիվ փոփոխությունների էին ենթարկվել Հայաստանի քաղաքացիական ինստիտուտները, իսկ հոգեւոր ոլորտում դա տեղի չի ունեցել եւ դրա կարիքը կա:
«Մենք փորձել ենք ձեւակերպել հոգեորսություն հասակացությունը: Ըստ այդմ մենք այն ձեւակերպել ենք այսպես. հոգեորսություն է համարվում այլ կրոնական դավանանք կամ դավաբանական հայացքներ ունեցող կամ դրանք չունեցող քաղաքացիների նկատմամբ այն քարոզչական ներգործությունը, որի ընթացքում առաջարկվում կամ տրամադրվում է նյութկան խրախուսանք, գործադրվում է ֆիզիկական, բարոյական, հոգեբանական կամ նյութական հարկադրանք, ձեւավորվում է անվստահություն կամ ատելության այլ կրոնական կազմակերպությունների, նրանց դավանանքի անձանց եւ կամ անձը հետապնդվում է իր աշխատավայրում, բնակավայրում, հանգստի եւ այլ վայրերում, հեռախոսազրույցով` առանց իր նախնական ցանկության եւ խնդրանքի»:
Օրինագծի համահեղինակները առաջարկում են նաեւ վերանայել կրոնական կազմակերպությունների անդամների նվազագույն շեմը` 200-ից 1000 հոգի. սա, իր հերթին, կարող է խնդիրներ առաջացնել կրոնական փոքր համայնքների համար:
Օրենքն ընդունելուց հետո եռամսյա ժամկետում վերագրանցում է իրականացվելու:
Արեւմտյան արմատներ ունեցող Քրիստոնեական տարբեր ուղղություններ քարոզող կրոնական խմբերը Հայաստանում եւ այլ երկրներում բացահայտ կերպով
սկսեցին գործել 1991թ.-ին Խորհրդային Միության փլուզման հետեւանքով ձեավորված ավելի ազատ մթնոլորտում:
Շատերը պարզապես տանել չեն կարողանում պարբերաբար դռները թակող իրենց հավատքը քարոզող զանազան կրոնական խմբերի ներկայացուցիչներին:
«Դուռը շրխկացնում եմ բոլոր տիպի աղանդավորների երեսին»,-ասում է Երեւանի բնակչուհի Հասմիկ Քոսյանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի վարչության պետ Վարդան Ասատրյանը նշում է, որ այս մոտեցումը բավական տարածված է այսօր երկրում:
Նրա խոսքերով՝ մարդիկ հոգնել են կրոնական խմբերի այս վարմունքից. հոգերսությունը սահմանափակող օրենքը վաղուց պետք է ընդունեին:
«Օրենքի բացթողումներից մեկն այն է, որ չի նախատեսում, թե ոլորտում հսկող մարմինն ով պետք է լինի: Հիմա մի տեսակ բարձիթողի վիճակ է ստեղծվել եւ մտածում ենք` չլինի այնպես, որ փոքրամասնության շահերն ավելի պաշտպանենք, քան մեծամասնությանը. պետք է հավասարակշիռ լինի` ի շահ մեր հասարկության խաղաղ եւ բերեկեցիկ զարգացման»:
Եհովայի վկաների հավասատմամբ՝ իրենք ոչ ոքի չեն պարտադրում իրենց հավատքը եւ չեն ստիպում մարդկանց դառնալ իրենց կազմակերպության անդամ:
Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները դժգոհում են, որ երկրում տարածված խտրականությունը պետական հիմքեր ունի. այս հանգամանքը մշտապես բացասական ազդեցություն ունի իրենց վրա:
«Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցուն» (մորմոններ) հարող 24-ամյա անգլերենի մասնագետ Հասմիկ Մխիթարյանը չի կարողանում աշխատանք գտնել իր ծննդավայր Վանաձորում: Նա կարծում է` պատճառը իր դավանանքն է.
«Ես մեկ տարի մեր կրոնը քարոզել եմ Լոնդոնում եւ իմ ինքնակենսագրականներում գրել եմ, թե անցած 1,5 տարին ինչով եմ զբաղվել: Իսկ դա կարդալով՝ ինձ հարցազրույցների չեն կանչում. երբ փորձում եմ հետաքրքրվել, ասում են` դու աղանդավոր ես, դպրոցում քեզ չի կարելի աշխատել…»,-ասում է Հասմիկը:
Նա կարծում է, որ Հայ առաքելական եկեղեցին պարզապես խոչընդոտում է բոլոր տեսակի այլ դավանանքների տարածմանը:
«ՀՀ տարածքում ցանկացած կրոնական ուսմունք, որ չի գործում հայ առաքելական եկեղեցու դավանանքի համաձայն, կոչվում է աղանդ. հայորդիներին պոկում Է մայր եկեղուց: Ժողովուրդը մասնատվում է, դրան գումարած քաղաքական մասնատումները, որ անցանկալի են 3 մլն.-ոց ժողովրդի համար»,- IWPR-ին ասում է Երեւանի սբ. Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր Շմավոն քահանա Ղեւոնդյանը:
Շմավոն քահանա Ղեւոնդյանը վտանգավոր է համարում հատկապես Եհովայի վկաներին: Հոգեւորականի կարծիքով, կրոնական ազատություն կոչվածը փոքրիկ մի ֆարս էր, որն ուղղակի կատարվեց եվրոպական կառույցների պահանջները բավարարելու համար:
Հայաստանը Եվրոպայի խորհդի առաջ պարտավորվեց նաեւ ընդունել այլընտրանքային ծառայության մասին օրենք: Նշենք, որ համաշխարհային կառույցի կանոնակարգը պարտադրում է իր անդամ-երկրներին երաշխավորել հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:
Օրնեսդրությունը այլընտրանքային ծառայության իրավունք է տալիս կրոնական հայացքների կամ այլ համոզմունքների պատճառով ռազմական ծառայությունից հրաժարվողներին:
Խորհրդի կանոնակարգի համաձայն՝ կրոնական հայացքների կամ այլ համոզմունքների պատճառով ռազմական ծառայությունից հրաժարվողների իրականացրած օրինական այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը չպետք է գտնվի ռազմական հովանավորության կամ վերահսկողության տակ:
Այնուամենայնիվ, այլընտրանքային ծառայության մեկնած Եհովայի վկաները դժգոհում են, որ նույնիսկ նոր օրենքների գործելու պայմաններում, այն զինվորական բնույթ ունի. նրանք գտնվում են զինվորական վերահսկողության տակ, ենթակա են զինվորական հրամաններին ու ռազմական ոստիկանությանը:
26-ամյա Հայկ Խաչատրյանը հրաժարվելով նման պայմաններում իրականացվող այլընտրանքային իր ծառայությունից, 2005թ.-ին դատապարտվել է 2-3 տարվա ազատազրկման դասալքության եւ ծառայության վայրը լքելու մեղադրանքով:
Այսօր Հայաստանի բանտերում գտնվում են եւս 7-8 Եհովայի վկաներ, որոնք հրաժարվում են այլընտրանքային ծառայությունից:
«Բայց որքանո՞վ կհետեւեմ մեր պատվիրաններին, երբ ես՝ այստեղից, Ադրբեջանից էլ՝ իմ հավատակիցները` Եհովայի վկկաները, իրար վրա կրակ բացենք»:
Մարդու իրավունքների ոլորտում գործող մի շարք ակտիվիստների հավաստմամբ՝ Հայաստանն այնքան էլ մեծ ջանքեր չի գործադրում Եհովայի վկաների պահանաջները բավարարելու համար՝ չնայած Եվրոպայի Խորհրդի կողմից գործադրվող ճնշմանը:
«Զինվորական բնույթ ունենալու պատճառով է, որ այլընտրանքային ծառայության ոչ ոք չի մեկնում», -ասում է Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Եվրոպայի խորհուրդը 2007 թ. հունվարի 23-ի 1532 բանաձեւով կոչ է անում Հայստանի իշխանություններին վերանայելու այլընտրանքային ծառայության մասին օրենքը, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել»:
Այնուամենայնիվ, նույնիսկ Եհովայի վկաների դավանանքի պաշտպանությանն ուղղված օրենսդրական փոփոխությունները չեն փրկի նրանց հասարակության՝ հետզհետե խորացող բացասական վերաբերմունքից:
Մարգարիտա Հովհաննիսյանի ամուսինը՝ Արթուր Թորոսյանը, ասում է, որ թույլ չի տա նրան շփվել իրենց երեխայի հետ, քանի դեռ նա Եհովայի վկաների հետեւորդն է:
«Նա խելագարվել է այդ աղանդի մեջ ներգրավվելով. երեխայիս ծնունդ անգամ չէր շնորհավորում, նրան տանում էր ժողովների: Այս ամենն ինձ պատմել է որդիս»:
«Անչափահաս երեխային չի կարելի մեծացնել ժողովներում` միանգամից Եհովայի վկա: Ես կմեծացնեմ նրան, իսկ երբ հասուն կլինի, ինքը կորոշի»:
Գիտա Էլիբեկյան, Սեդա Մուրադյան, Երեւան, (Կովկասյան Լրատու # 480, 13-ը փետրվարի, 2009թ.)Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի IWPR «Կովկասյան լրատու» պարբերականից www.iwpr.net :
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել