HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունն ամփոփել է անցյալ տարվա աշխատանքները

Այսօր տեղի է ունեցել դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նիստում քննարկվել են դատախազության 2008 թ. աշխատանքի արդյունքները: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: Նիստին մասնակցել են ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանը, ոստիկանության պետի տեղակալները, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի  եւ պաշտպանության նախարարության քննչական վարչությունների ղեկավարները: Ըստ աշխատանքի ուղղությունների` զեկուցումներով հանդես են եկել գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Թամազյանը, Մնացական Սարգսյանը, Արմեն Դանիելյանը, զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանը: Պարզվել է, որ 2007 թ. համեմատությամբ 2008 թ. 10 տոկոսով աճել է արձանագրված հանցագործությունների թիվը (2007թ՝ 8428, 2008թ.՝ 9271): Միաժամանակ 113 դեպքով աճել են նաեւ մարդու դեմ ուղղված հանցագործությունները: Ընդ որում՝ աճել են  սպանության (71-78), սպանության փորձի (28-30), առողջությանը ծանր վնաս հասցնելու (185-215),  սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները (33-63): Նվազել են միայն դիտավորությամբ առողջությանն այլ վնաս հասցնելու դեպքերը (521-505): Հանրապետությունում մարդու դեմ ուղղված  հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորված է  Երեւան քաղաքում արձանագրված հանցագործությունների բարձր ցուցանիշով: Այսպես՝ եթե 2008 թ. ընթացքում հանրապետության բոլոր մարզերում արձանագրված մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմել է 3.8 տոկոս, ապա Երեւան քաղաքում այն կազմել է 21.3 տոկոս: Վերլուծությունը ցույց է տվել, որ 2007 թ. համեմատությամբ սպանության դեպքերի աճ է գրանցվել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն, Շենգավիթ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում, ինչպես նաեւ Արագածոտնի, Արարատի, Լոռու, Տավուշի  մարզերում: Սպանության դեպքերը նվազել են  Ավան եւ Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա համայնքներում, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում: Մարդու դեմ ուղղված ընդհանուր հանցագործությունների աճին զուգընթաց որոշակի բացասական տեղաշարժ է արձանագրվել նաեւ այդ հանցագործությունների բացահայտման աշխատանքներում:  2008 թ. 2.3 տոկոսով նվազել է բացահայտումը. 2007 թ. բացահայտվել էր նշված հանցատեսակի 87.8, իսկ 2008 թ. 85.5 տոկոսը: Միայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների տարածքում արձանագրված նշված հանցատեսակների դեպքերի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց զգալի մասը կատարվել են ժամանցի վայրերում՝ չնչին առիթով ծագած վիճաբանությունների ժամանակ: Նշվածը վկայում է, որ ոստիկանության ստորաբաժանումների կողմից գործնական միջոցներ չեն ձեռնարկվում ժամանցի վայրերում հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների նախականխման, ինչպես նաեւ այդ վայրերում  ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների պատշաճ հրահանգավորման ուղղությամբ: Ոստիկանության աշխատանքներում դեռեւս նկատելի են լուրջ թերություններ, որոնք արտահայտվում են հիմնականում հանցագործությունների նախականխման աշխատանքների անբավարար վիճակի եւ հանցագործությունների բացահայտման աշխատանքներում ոչ բոլոր հնարավորություններն օգտագործելու մեջ: Մարզերի եւ համայնքների դատախազությունների կատարած աշխատանքների վերլուծությունը միաժամանակ ցույց է տվել, որ հանցագործությունների բացահայտման աշխատանքների վրա լուրջ ազդեցություն ունեն նաեւ այնպիսի սուբյեկտիվ պատճառներ, ինչպիսիք են քննիչի եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող աշխատակիցների համագործակցության մակարդակը, կոնկրետ քրեական գործերով իրականացվող քննության որակը, քննչական եւ օպերատիվ-հետախուզական աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպումը, քննության նկատմամբ իրականացվող գերատեսչական վերահսկողությունն ու դատախազական հսկողությունը: Շարունակում է անհանգստացնող մնալ նաեւ  հանցագործությունների հաշվառման խնդիրը: Թեեւ այս հարցը բազմիցս բարձրացվել է, սակայն, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քրեական գործի հարուցումը մերժելու դեպքում այն չի  հաշվառվում ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում որպես հանցագործության դեպք: Միայն 2008 թ. ընթացքում հանրապետության տարածքում արձանագրված անձի առողջությանը թեթեւ եւ միջին ծանրության վնաս պատճառելու վերաբերյալ 1096 դեպքերով քրեական գործի հարուցումը մերժվել է նշված հիմքով, սակայն այդ դեպքերը չեն հաշվառվել: Հաշվետու ժամանակահատվածում գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, Երեւան քաղաքի, մարզերի և համայնքների դատախազությունները որոշակի աշխատանքներ են կատարել նաեւ պետական շահերի պաշտպանության ոլորտում պետությանը պատճառված վնասը վերականգնելու, իրավախախտումները հայտնաբերելու, հայցեր եւ քրեական գործեր հարուցելու, անհիմն ու անօրինական դատական ակտերը բողոքարկելու ուղղությամբ։ Հաշվետու ժամանակահատվածում հանրապետության դատախազության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, ներառյալ պետական շահերի պաշապանության վարչության կողմից կատարվել է 357 ստուգում, որի արդյունքում հայտնարերվել է 480 իրավախախտում, օրենքի խախտման անթույլատրելիության մասին նախազգուշացվել է 213 անձ,  հարուցվել է 286 հայց, կամովին պետական  բյուջե է վերականգնվել  555 մլն 152 հազար  դրամ։ Նշված ոլորտում համեմատաբար դրական ցուցանիշներ են ապահովել Արմավիրի, Շիրակի մարզերի,  Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատախազությունները:  Էականորեն ցածր են Ավան և Նոր-Նորք, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն  համայնքների դատախազությունների ցուցանիշները: Պետական շահերի խախտման վերաբերյալ ստացված հադորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով պետական շահերի պաշտպանության վարչությունում դիտարկվող ժամանակահատվածում հարուցվել է  19 քրեական գործ (2007թ.՝16)։ Հարուցված քրեական գործերով պետբյուջե է վերականգնվել  549 մլն. 245 հազար դրամ, որից ավարտված քրեական գործերով՝ 16 մլն. դրամ, մինչդատական վարույթի  ընթացքում 533 մլն.245 հազար դրամ (2007 թ. ընթացքում հարուցված քրեական գործերով գումար չի վերականգնվել): Քրեական գործերից 8-ը հարուցվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հատկանիշներով: 2008 թ. որոշակի դրական տեղաշարժ է նկատվել  կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահատման աշխատանքներում: Եթե 2007 թվականի ընթացքում հանրապետությունում հարուցվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ ընդամենը 69 քրեական գործ (2006 թ. փոխանցված կամ վարույթները նորոգված գործերի հետ միասին քննվել է այդ բնույթի 120 քրեական գործ), ապա  2008 թ. ընթացքում հարուցվել է 390 քրեական գործ: Ուսումնասիրությունների համաձայն՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման թվաքանակի կտրուկ ու էական ավելացումը պայմանավորված է լատենտային այդ բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների համագործակցված ու օպերատիվ աշխատանքների ակտիվացմամբ: Հանրապետությունում հարուցված կոռուպցիոն բնույթի քրեական գործերից 40-ը վերաբերել  է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված  հափշտակություններին, 181-ը՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն, 14 քրեական գործ՝ առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն, 56-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ, 35-ը՝ կաշառք ստանալու վերաբերյալ, 23-ը՝ պաշտոնեական կեղծիքներին եւ այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter