
«Չենք լռելու»-ն կոչ է անում երիտասարդներին անտերության մատնված սրբավայրերի լուսանկարները փակցնել Երևանում կառուցվող Կաթողիկոսի նստավայրի երկաթե ցանկապատին
Հարյուրավոր հնադարյա սրբավայրեր Հայաստանի ողջ տարածքում գտնվում են կործանման եզրին: Ո՛չ Հայ առաքելական եկեղեցու վերնախավի, ո՛չ էլ աշխարհիկ իշխանությունների կողմից գործուն քայլեր չեն ձեռնարկվում դրանց փրկության համար:
Պետական բյուջեով այս խնդրին հատկացվող գումարը չնչին է: Մայր Աթոռն էլ անընդհատ հայտարարում է, որ միջոցներ չունի ողբալի վիճակում հայտնված սրբավայրերի վերականգնման համար` ավելացնելով, որ այդ հարցում կախման մեջ է գտնվում բարերարներից:
Եթե եկեղեցու միջոցներն իսկապես սուղ են, ապա որքանո՞վ է արդարացված, որ դրանք ուղղվում են ոչ թե կործանման եզրին գտնվող վանքերի նորոգմանը` թեկուզ մեկ հուշարձան ավելի նորոգելու սկզբունքով, այլ գալիս են Երևանի կենտրոն և դառնում կաթողիկոսական նստավայր: Մի՞թե դրա նշանակությունը կարելի է համեմատել հազարամյա պատմություն ունեցող և այժմ անտերությունից կործանվող ժառանգության արժեքի հետ: Մի՞թե Հայ Առաքելական Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսը չեն գիտակցում, որ առավել գերադասելի է գումարն ուղղել հնադարյա վանքերի պահպանությանը: Չէ՞ որ եթե միջոցները սուղ են, ապա դրանք առավե՛լ ևս պետք է նպատակային ծախսել:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը մի քանի օր առաջ հանրության դատին էր ներկայացրել սլայդշոու անտերության մատնված վանքերի և եկեղեցիների վերաբերյա, որը լայն արձագանք գտավ Facebook-ում: Առանձնապես ուրախալի է, որ խնդիրը լայն հնչեղություն ստացավ երիտասարդության շրջանում:
Այժմ նախաձեռնությունը դիմում է երիտասարդությանը սլայդշոուի մեջ ներկայացված անտերության մատնված սրբավայրերի լուսանկարները տպելու և Երևանի Սայաթ-Նովա – Աբովյան փողոցների խաչմերուկում կառուցվող Կաթողիկոսի նստավայրի երկաթե ցանկապատին փակցնելու կոչով:
Լուսանկարները JPEG ֆորմատով ստանալու համար անհրաժեշտ է դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով:
Փրկե՛նք մեր պապերի ժառանգությությունը հանուն մեր թոռների:
«Չենք լռելու»-ի սլայդշոուն այստեղ:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել