HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները դժգոհում են պետական վերահսկողությունից

Լեռնային Ղարաբաղի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները դժգոհում են, որ նոր օրենքը խիստ վերահսկողություն է սահմանում եւ չի ապահովում այլընտրանքային կրոն դավանելու ազատություն: Նոր ընդունված օրենքը սահմանում է, որ բոլոր կրոնական կազմակերպությունները միայն իշխանությունների համապատասխան թույլտվություն դեպքում կարող են արտասահմանից հրավիրել օտարերկրյա կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այս հանգամանքը մտահոգություններ է առաջացնում, որ նոր օրենքի միջոցով իշխանությունները փորձում են սահմանափակել այլընտրանքային կրոն դավանելու ազատությունը:  Անցյալ տարվա նոյեմբերին ընդունված նոր օրենքն իշխանություններն արդարացնում են ազգային անվտանգության պահպանման նպատակներով, սակայն կրոնական փոքրամասնությունների` հատկապես Եհովայի վկաների համար չափազանց դժվար է հարմարվել այս ամենին: Ըստ օրենքի` կրոնական կազմակերպությունները պարտավորվում են օտարերկյա իրենց հյուրերին (օրինակ` քարոզիչներին) Ղարաբաղ հրավիրել միայն կառավարությանն առընթեր ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով բաժնի թույլտվության միջոցով: «Այսինքն` կրոնական կազմակերպության ներկայացուցիչը նախօրոք պետք է տեղյակ պահի մեր բաժնին, որ, օրինակ, մեկնում է սեմինարի կամ հանդիպումների, ինչպես նաեւ, մեր համաձայնության դեպքում միայն կարող է հյուր ունենալ»,- բացատրում է ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով բաժնի պետ Աշոտ Սարգսյանը: Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները, սակայն, դժգոհում են, որ Ղարաբաղում 140,000 հետեւորդ (բնակչության մեծամասնությունը) ունեցող Հայ առաքելական եկեղեցին չի ենթարկվում այս օրենքին: «Դա սահմանափակում է կրոնական կազմակերպության իրավունքները, դա պետության կողմից ստացվում է գրաքննություն»,- կարծում է Եհովայի վկա Արայիկ Խաչատրյանը: Ա. Խաչատրյանը, օրինակ բերելով օրենքից, նշում է, որ այն նույնիսկ սահմանափակում է գրանցված կրոնական կազմակերպությունների` ժողովներ անցկացնելու նպատակով դահլիճներ վարձակալելու իրավունքը, քանի որ սա էլ պետք է համաձայնեցվի կառավարության կից կրոնի հարցերով բաժնի հետ: Մյուս կրոնական կազմակերպությունները նույնպես բողոքում են օրենքի սահմանած խիստ վերահսկողությունից. «Արթնության կրակ եկեղեցին» Ղարաբաղում ունի տասը տարվա կենսագրություն: Եկեղեցի հաճախողների թիվը, եկեղեցու առաջնորդ Լեւոն Սարդարյանի խոսքերով` 350 է: Լեւոն Սարդարյանը կարծում է, որ իրենց գործունեության վրա չափազանց խիստ պետական վերահսկողություն է սահմանվել. «Կախված դրանից սահմանափակումներ կամ շատ կլինեն, կամ քիչ` նայած թե այդ գործընթացն իրականացնող մարմիններն ինչպես կլինեն տրամադրված այս կամ այն կրոնական կազմակերպության նկատմամբ»: «Ավետարանական քրիստոնյա բապտիստներ» կազմակերպության ներկայացուցիչ Արեն Բաղդասարյանը համաձայն է Սարդարյանի արտահայտած կարծիքի հետ. «Չ՞է որ մենք ապրում ենք ազատ ու անկախ երկրում: Եվ եթե իմ հոգեւոր եղբայրներից մեկի գալը օգուտ կբերի մեր գործին, ապա մենք պարտավոր ենք դա անել եւ ոչ ոք, կարծում եմ, իրավունք չունի միջամտել այդ հարցերում»,- համոզված է Արեն Բաղդասարյանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այդպես էլ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից: Բաքվի հետ 1994-ին ստորարված զինադադարից հետո շրջանը համեմատաբար խաղաղ վիճակում է գտնվում: Այնուամենայնիվ, ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով բաժնի պետ Աշոտ Սարգսյանը հիշեցնում է, որ քանի դեռ խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել, անհրաժեշտ է հնարավորինս պահպանել ազգային միասնությունը: «Մենք շատ դեպքում մոռանում ենք, որ մեր երկիրը պատերազմական դրության մեջ է: Եվ այդ պատճառով կրոնական կազմակերպության ներկայացուցիչները պարտավոր են լինելու հաշվետվություն ներկայացնել, թե ում են հրավիրել, ով է գնացել եւ այլն, քանի որ աշխարհում գործող մի շարք կրոնական կազմակերպությունների առաքելությունը լրիվությամբ բացահայտված չէ»,-նշում է Աշոտ Սարգսյանը: Լեռնային Ղարաբաղում գործող Եհովայի վկաները հրաժարվում են զինվորական ծառայությունից. այս հանգամանքը վեճերի տեղիք է տալիս, ահա թե ինչու այսօր կրոնական հայացքների պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվող Եհովայի վկաները դատապարտվում են 4-5 տարվա ազատազրկման: Իշխանության ներկայացուցիչների կարծիքով՝ նրանց նման վարվելակերպը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո անկախության կայացմանը: Հայաստանյաց Առաքելական եկեղեցին ողջունելի է համարում պետության ոչ անտարբեր կեցվածքը նման հարցերի հանդեպ՝ նշելով, որ նոր օրենքը կոչված է ապահովելու, որպեսզի այլընտրանքային կրոնները չսպառնան երկրի անվտանգությանը: «Լավ կլիներ, եթե օրենքը լիներ գործող եւ բոլոր այն կրոնական կազմակերպությունները, որոնք կխափանեն մեր երկրի ազգային անվտանգությունը լինեին պետության հսկողության տակ: Պետությունը օրենքը հրապարակում է այն կրոնական կազմակերպությունների գործը սահմանափակելու, որոնք դեմ են զինապարտության օրենքին»,-ասում է Տեր Հակոբ աբեղա Անդրեասյանը: Նա նաեւ ավելացրել է, որ ի տարբերություն այդ կրոնական կազմակերպությունների, Հայ Առաքելական եկեղեցին զբաղվում է ազգի ինքնության պահպանմամբ: «Ղարաբաղը ճանաչված չէ աշխարհի կողմից: Եվ ամեն մի կրոնական կազմակերպություն` ֆինանսավորվելով դրսից, մի դեսպանատուն է ներկայացնում Ղարաբաղում: Ներսից ինֆորմացիա են փոխանցում, հաշվետվություն տալիս, հյուրեր կանչում եւ այլն»,- ասում է Հայր Հակոբը: Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը կիսում է այս կարծիքը, սակայն թերեւս ավելի լիբերալ մոտեցում է ցուցաբերում հարցի նկատմամբ, քան եկեղեցական պաշտոնյաները: Սստեփանակերտի բնակիչ 28-ամյա Կարեն Գալստյանը առաքելական եկեղեցու հետեւորդ է. «Ես ոչ թե ուզում եմ նրանք չլինեն, այլ ուզում եմ, որ նրանք դարձի գան»: Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ (Կովկասյան Լրատու # 480, 13-ը փետրվարի, 2009թ.) Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի IWPR «Կովկասյան լրատու» պարբերականից www.iwpr.net :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter