HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Նոր պատգամավորական խումբ` ԼՂՀ Ազգային ժողովում

ԼՂՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում արդեն պարզ դարձավ այն 5 պատգամավորների «ճակատագրերը», որոնք հունվար ամսում դիմում էին ներկայացրել Ազգային ժողովի թվով ամենամեծ` «Ժողովրդավարություն» խմբակցությունից դուրս գալու համար: Այդ 5 պատգամավորները` Ռուդոլֆ Մարտիրոսյանը, Գարիկ Գրիգորյանը, Արծվիկ Սարգսյանը, Գառնիկ Միրզաբեկյանը եւ Սերգեյ Սեյրանյանը ստեղծել են առանձին պատգամավորական խումբ`«Արցախատուն» անունով: Պատգամավորական խմբի ղեկավար է ընտրվել  Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գարիկ Գրիգորյանը: Այսօրվա նիստում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, անդրադառնալով այդ թեմային, հայտարարեց. «Որպես Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ ուզում եմ հայտնել, որ կուսակցությունը Ազգային ժողովում իր խմբակցության թվակազմից եւ ցանկացած այլ փոփոխությունից վեր է համարում հավատարմությունը իր իսկ հռչակած ժողովրդավարության սկզբունքին, ինչը ենթադրում է նաեւ իր անդամների ազատ քաղաքական կողմնորոշում»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հետքին տված հարցազրույցներում պատգամավորներից ոմանք պնդում էին, որ ոչ մի խմբակցության չեն միանալու եւ հանդես են գալու որպես  անկախ պատգամավոր, սակայն այսօր պարզվեց, որ խումբ է ստեղծվում: Ինչով էր պայմանավորված դա: Այս առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նշված պատգամավորներից, որոնցից ի դեպ ԱԺ նիստին ներկա էին 3-ը: Գառնիկ Միրզաբեկյանը եւ Սերգեյ Սեյրանյանը չէին ներկայացել նիստին: Պատգամավոր Ռուդիկ Մարտիրոսյանը լրագրողներին տված ճեպազրույցում նշեց. «Դա պարզապես պայմանավորված է պատգամավորական գործունեության հետ` երբ դու կաշկանդված ես լինում խմբակցական եւ կուսակցական որոշումների ներքո: Անկախ պատգամավոր լինելը հնարավորություն է տալիս , որպեսզի համագործակցես ոչ միայն խորհրդարանի ներսում գտնվող, այլեւ արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ, եւ ըստ այդմ էլ կշահի պետությունը եւ ժողովուրդը»: Նա շարունակելով թեման ընդգծեց, որ պատգամավորական խումբը ի տարբերություն խմբակցության կուսակցական սկզբունքներով չի ձեւավորված եւ շատ հարցերում նրանք կքվեարկեն ոչ միասնական որոշմամբ, այլ իրենց կարծիքը կարտահայտեն առանձին: Պատգամավոր Արծվիկ Սարգսյանն այս անգամ էլ հրաժարվեց մեկնաբանություն տալ լրագրողներին` մատնանշելով խմբակցությանը ներկայացրած իր դիմումը: Իսկ թե ինչ էր գրված դիմումի մեջ` նա նախընտրեց չասել, այլ պարզապես նշեց, որ դիմումի մեջ կա հիմնավորումը: Մեզ հաջողվեց ծանոթանալ դիմումի տեքստի հետ, որտեղ հիմնավորումը դարձյալ վերաբերում էր 2009թ. պետական բյուջեի մասին «Ժողովրդավարություն» խմբակցության կողմից հնչեցված տեսակետին, որի հետ, ըստ դիմումի, համամիտ չէ պատգամավորը: Իսկ թե ինչու ժամանակին չեն արտահայտել իրենց դիրքորոշումները նույն այդ պատգամավորները, որոնցից մեկն էլ ինքն է ներկայացրել տեքստը, ինչու են կողմ քվեարկել նախագծին` թերեւս մեկնաբանությունների ու ենթադրությունների տեղիք կարող է տալ: Այսպիսով, 33 պատգամավոր ունեցող Ազգային ժողովում թվով ամենամեծ խմբակցությունն արդեն «Հայրենիք»-ն է, որը ունի 12 պատգամավոր, երկրորդը` «Ժողովրդավարությունը»` 11 պատգամավորով, երրորդը` նորաստեղծ «Արցախատուն»-ը 5 պատգամավորով: 2 պատգամավոր ունի «ՀՅԴ-Շարժում 88»-ը, իսկ անկախ պատգամավորների թիվը 3-ն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter