«Խաչատուր Սուքիասյանի դեմ գործի դրվեց «Օրենքի ընտրովի կիրառում» կոչված մահակը»
Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հայտարարությունը, որում մասնավորապես ասված է.
«Մեր հասարակությունը վերջին տասնամյակների ընթացքում հարմարվել է այն մտքին, որ քաղաքական շարժառիթներով ընդդիմադիր պահվածք ունեցող գործիչների հանդեպ իշխանությունը ծավալում է քրեական, հարկային-տնտեսական հալածանքներ, որոնց արդյունքում վարչակազմին դիմադարձող հասարակական-քաղաքական գործիչները ենթարկվում են ապօրինի սեփականազրկման, շատ դեպքերում` նաեւ ազատազրկման:
«Ժառանգություն» կուսակցությունը բազմիցս նշել է, որ արատավոր այդ գործելակերպը դատարաններում հանգեցնում է անարդարացիության մթնոլորտի գերխտացման: Հետեւանքը լինում է այն, որ վարչակազմի եւ հասարակության միջեւ ընթանում է հյուծիչ հակամարտություն, որից ոչ մի իշխանություն դեռեւս հաղթանակով դուրս չի եկել: Ապօրինի եւ արատավոր այսպիսի քաղաքականության մի բացառիկ օրինակ է «Բջնի» գործարանի սնանկացումը եւ հարկադիր աճուրդով նրա վաճառքը: Փաստորեն ընդդիմադիր վարքագիծ դրսեւորած Խաչատուր Սուքիասյանի ու նրա տնտեսական համակարգի դեմ գործի դրվեց «Օրենքի ընտրովի կիրառում» կոչված մահակը:
ՀՀ իշխանությունները, լավ գիտակցելով, որ քաղաքական հաշվեհարդարի այս նողկալի ակտի հետեւում հարյուրավոր մարդկային ճակատագրեր են, հագուրդ տվեցին վրեժխնդրության եւ քաղաքական ընդդիմախոսներին ոչնչացնելու մղումներին: Համանման աղաղակող քաղաքական մարդաորսի գործողությունները մեզ քայլ առ քայլ հեռացնում են հասարակական կոնսոլիդացման, հնարավոր երկխոսության հանգրվանից եւ տանում են առճակատման ու քաղաքական բախումների ճանապարհով: Մեր խորին համոզմամբ` այս ամենը ներկայիս իրավիճակում անթույլատրելի եւ պետականակործան ուղեգիծ է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել