HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ո՞վ է պատասխանատու նորածինների ոչ լիարժեք «ոսկե ժամի» համար

Ապրիլի 23-30-ը մեկնարկում է իմունիազացիայի եվրոպական շաբաթը: Այդ առիթով ապրիլի 16-17-ը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ Հայաստանի լրագրողների համար կազմակերպել էին իրազեկման դասընթաց' մանկական առողջության եւ պատվաստումների թեմայով:

Նեոնատալոգիան բժշկության այն ուղղությունն է, որը զբաղվում է երեխայի ծնվելու պահից մինչեւ նրա 28 օրական դառնալու ժամանակահատվածում երեխայի մոտ ի հայտ եկած առողջական խնդիրներով: Դասընթացի բանախոսների ասելով' առաջին տպավորությունն այն է, թե անհեթեթ է 28 օրվա համար մասնագիտություն ստեղծելը, սակայն աշխարհի գրեթե բոլոր երկրներն ընդունել են այդ մասնագիտությունը, քանի որ, բժիշկների կարծիքով, կյանքի առաջին 28 օրերն են, որ մարդուն կարող են խոցելի դարձնել իր ամբողջ կյանքի ընթացքում:

Արատներով, ինչպես նաեւ անհաս ծնունդների գծով պահանջվում է բարձր որակավորում ունեցող մասնագետներ, բացի այդ' պահանջվում են այդ ժամանակահատվածի համար հատուկ դեղամիջոցներ եւ սարքավորումներ, ինչին կարող են տիրապետել նեղ մասնագետները:

ԱՆ գլխավոր մասնագետ, հանրապետության գլխավոր նեոնատալոգ Հրանտ Գալենթերյանն ասաց, որ այս ծառայությունն ամենածախսատարն է եւ արձանագրում է մահացության բարձր տոկոսներ ամբողջ աշխարհում:

«Զարգացած երկրներում նորածնային մահացությունը ընդհանուր մահացության թվի համեմատությամբ կազմում է 80-93 տոկոս: Դա բնական է, քանի որ գործ ունենք 500 գրամ ծնված երեխաների եւ այլ գործոնների հետ: Նորածնային մահացության ցածր տեմպերով աշխարհում մրցում են երկու պետություն' Ճապոնիան եւ Շվեդիան: Հայաստանի դիրքերը եւս վատ չէ»,-ասում է Հ. Գալենթերյանը' փաստելով, որ Հայաստանում նեոնատալ ծառայությունը դեռեւս զարգացած չէ;

2 տարի առաջ ԱՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, որի ղեկավարը հենց Հրանտ Գալենթերյանն է: Հանձնաժողովը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ հանրապետությունում անցկացրել է մոնիթորինգ: Ուսումնասիրվել է 40-ից ավել ծննդատուն:

«Մոտավոր պատկեր ունեինք, բայց որ ամեն ինչ հստակեցվեց, ոչ հուսադրող իրավիճակ ի հայտ եկավ»,-նշում է նախարարության աշխատակիցը և մասնավորեցնում մասնագետներով ապահովվածությունը: Ծննդատների 45 տոկոսն ունի ընդամենը մեկ նեոնատոլոգ:

Սա նշանակում է, որ ոչ բոլոր ծնունդների դեպքում կարող է ներկա գտնվել նեոնատալոգը, որը պատասխանատու է ծնվելուց հետո երեխայի առողջության առաջին րոպեների համար: Ծնվելու առաջին ժամը միջազգային գրականության մեջ կոչվում է «ոսկե ժամ»: Մինչդեռ Հայաստանի ծննդատներում ծնված շատ երեխաներ զրկված են «ոսկե ժամի» ընձեռած հնարավորությունից, ինչը կարող է հետագայում անդրադառնալ նրանց առողջության վրա:

2 նեոնատալոգ է աշխատում 19 տոկոս ծննդատներում, իսկ մնացած դեպքերում' 3-5 նեոնատալոգ: Հայաստանում մռայլ է վիճակը նաեւ մասնագետների տարիքային խմբի առումով: 40 տարեկանից ցածր նեոնատոլոգները կազմում են ընդհանուր թվի 13 տոկոսը, 6 տոկոսը թոշակային տարիքի է, 29 տոկոսն արդեն հասնում է թոշակային տարիքի, իսկ 52 տոկոսը թոշակային տարիքի կհասնի 10-12 տարի հետո:

Դաշտը մասնագետներով լրացնելու համար անհրաժեշտ է ընդամենը 10-12 տարի: Հ. Գալենթերյանի ասելով'մարզային բուժհաստատություններն ունեն մարզային պատկանելություն, եւ ԱՆ լծակները շատ փոքր են, որ ազդեն մասնագետներ ընտրելու գործին: Բացի այդ, մարզերում աշխատելու հետաքրքրություն չկա: Աշխատավարձը ցածր է, քանի որ մասնագետները վճարվում են ծնունդների թվով, իսկ մասնագետները նախընտրում են աշխատել Երեւանում, քան մեկնել մարզեր:

«Նեղ մասնագիտությունը կլինիկական օրդինատուրա անցնելն է, որը թանկ հաճույք է: Եթե այդ թանկ հաճույքը շատ արագ հետ բերելու հեռանկար չկա, ապա ոչ ոք այդ մասնագիտությունը չի ընտրում»,-ավելացնում է Հ. Գալենթերյանը:

ԱՆ մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանն էլ ասաց, որ անցյալ տարի կլինիկական օրդինատուրան ավարտել է 30 նեոնատալոգ: Նրանք պետպատվերով են սովորել: Նույնիսկ այս դեպքում դժվար է եղել տվյալ մասնագիտության համար ուսանողներ հավաքելը. ոչ ոք չի ցանկացել սովորել:

«Այս տարվանից արդեն պայմանագիր կկնքենք ավարտողների հետ, որ պարտադիր աշխատեն մարզերում: Պայմանագրի օրինակելի ձեւ չունենք, եւ հաճախ Արդարադատության նախարարությունը սա կապում էր մարդու իրավունքների հետ' ասելով, որ չպետք է պարտադրենք, որ նրանք հենց մարզերում աշխատեն: Այս հարցն արդեն կարգավորվել է, այս տարվանից նրանց հետ պայմանագրեր կկնքենք»,-ավելացրեց Կ. Սարիբեկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter