Պաշտպանության նախարարությունը պատասխանում է ընդդիմությանը
Ի պատասխան փետրվարի 18-ին «Ուրբաթ» ակումբում «Բանակի մասնակցությունը մարտի 1-ին» թեմայով Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի մեկնաբանությունների, պաշտպանության նախարարությունը ներկայացնում է որոշ պարզաբանումներ:
Սահմանադրության 117-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` մինչև արտակարգ դրության իրավական ռեժիմի օրենքով սահմանումը, սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին:
Զինված ուժերի օգտագործման համար հիմք է ծառայել նախագահի 2008թ. մարտի 1-ի հրամանագիրը` «Արտակարգ դրություն» հայտարարելու վերաբերյալ` համաձայն Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ կետերի:
Վերոնշյալ հրամանագրի 3-րդ կետի համաձայն` արտակարգ դրության իրականացման ապահովումը վերապահվել է ոստիկանությանը և պաշտպանության նախարարությանը: Ելնելով վերոնշյալ հրամանագրի 3-րդ կետից, ինչպես նաև ըստ «ՀՀ ԶՈՒ կայազորային և պահակային ծառայության» կանոնագրքի 17-րդ հոդվածի` Երևանի կայազորի պետի կողմից մշակված և ԶՈՒ ԳՇ պետի կողմից հաստատված արտակարգ դրություն հայտարարելու դեպքերի համար միջոցառումների ծրագրի համաձայն` Երևանի կայազորի կազմում ընդգրկված ԶՈՒ ստորաբաժանումներն ընդգրկվել են պետական հատուկ նշանակության օբյեկտների պահպանության միջոցառումներում:
Զինծառայողների կողմից պետական հատուկ նշանակության օբյեկտների պահպանումը և պահպանվող օբյեկտի վրա բացահայտ հարձակման դեպքում զենքի կիրառումը նույնպես կանոնակարգվում է վերոնշյալ կանոնագրքի 120-րդ հոդվածի դրույթների համաձայն:
Պետական հատուկ նշանակության օբյեկտները պահպանության տակ վերցնելու գործընթացն զինված ուժերը սկսել են ժամը 22:25-ից` «Արտակարգ դրություն» հայտարարելու վերաբերյալ նախագահի հրամանագրի հայտարարումից հետո` այդ հրամանագրի կատարումն ապահովելու նպատակով: Պաշտպանության նախարարի հրամանի համաձայն` արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո ստեղծվել է Երևանի կայազորում ընդգրկված ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունները համակարգող շտաբ` Երևանի կայազորի պետի գլխավորությամբ:
Գործողություններում ներգրավվել են բացառապես Երևանի կայազորում ընդգրկված ԶՈՒ ստորաբաժանումները, որոնց ցուցակը հաստատում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը` «ՀՀ ԶՈՒ կայազորային և պահակային ծառայության» կանոնագրքի 7-րդ հոդվածի համաձայն: ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանումներ չեն օգտագործվել: ԶՈւ զինծառայողները ներգրավվել են պետական հատուկ նշանակության օբյեկտների պահպանության գործընթացում, որը որևէ հատուկ պատրաստություն չի պահանջում:
Երևանի կայազորում ընդգրկված ԶՈՒ ստորաբաժանումներին տրվել է ուժի կիրառումից ձեռնպահ մնալու հրաման: ԶՈՒ ստորաբաժանումները ոչ միայն հրազեն չեն կիրառել, այլև չեն իրականացրել հասարակական կարգի վերականգնման որևէ գործողություն: Այդպիսի գործողություններ իրականացրել են ոստիկանության ստորաբաժանումները, այդ թվում` նաև ոստիկանության զորքերը: Վերջիններիս անձնակազմը կրում է նույն դաշտային համազգեստը` ինչ զինված ուժերի անձնակազմը: Այդ պատճառով ոմանց մոտ առաջանում է զինված ուժերի` հասարակական կարգի վերականգնման գործողություններին մասնակցելու մասին թյուր կարծիք:
Հիշեցնենք, որ ըստ ՀԱԿ-ի հայտարարության եւ ներկայացրած տեսանյութերի` մարտի 1-ին ցուցարարների դեմ ՊՆ զինված ուշերն օգտագործվել են դեռեւս ժամը 14:00-ին, ուստի, ընդդիմությունը մարտի 1-ին կատարվածը որակում է իբրեւ ռազմական հեղաշրջում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել