Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են դատապարտյալների պահման պայմանները
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները փետրվարի 17-ին այցելել են «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ), հանդիպել հացադուլ հայտարարած դատապարտյալներ Մ. Հ.-ին, Վ. Ս.-ին, կալանավորներին ու դատապարտյալներին, ուսումնասիրել վերջիններիս պահման ընդհանուր պայմանները:
Պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Մ. Հ.-ն այցելության պահին արդեն դադարեցրել էր հացադուլը: Նա Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ հինգ ամիս է` գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում և այդ ընթացքում իրեն երբևէ զբոսանքի չեն հանել, երկու ամիս չեն տրամադրել հասանելիք նախաճաշը, իսկ այժմ տրամադրվող հացաբաժինը նախատեսվածից էականորեն պակաս է: Հայտնել է նաև, որ գտնվում է վատառողջ վիճակում:
Պաշտպանի ներկայացուցիչները դատապարտյալի առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու համար հանդիպել են քրեակատարողական հիմնարկի բուժմասի պետ Հրանտ Մուրադյանին, ով հայտնել է, որ դատապարտյալի մոտ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն (լարման և հանգստի ստենոկարդիա), նա ստանում է համապատասխան բուժում և դրա համար անհրաժեշտ դեղորայք:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող հացադուլ հայտարարած մեկ այլ դատապարտյալ Վ.Ս.-ն այցելության պահին նույնպես դադարեցրել էր հացադուլը: Վերջինս Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի դեմ որևէ բողոք չունի և հացադուլ էր հայտարարել այն պատճառով, որ իրեն անհիմն դատապարտել են ազատազրկման մեկ տարի վեց ամիս ժամկետով` քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար, հաշվի չառնելով իր կողմից արարքի կատարման բուն դրդապատճառները: Հայտնել է նաև, որ ներկայումս որևէ բողոք կամ պահանջ չունի:
«Վարդաշեն» ՔԿՀ կատարած այցելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են քրեակատարողական հիմնարկի բուժմասի, խոհանոցի, լվացքատան, գրադարանի, կալանավորված և դատապարտված անձանց պահման խցերի պայմանները:
Բուժմասը հագեցած էր անհրաժեշտ բուժսարքավորումներով, դեղորայքով, գործում էր ատամնաբույժի սենյակը: Ընդհանուր առմամբ խոհանոցի և լվացքատան պայմանները կարելի է համարել բարվոք: Գրադարանը հագեցած էր գեղարվեստական գրականությամբ (մոտ 4000 կտոր գիրք), վարչակազմի ջանքերով գրադարանում ստեղծվել էր ֆիլմադարան և ձայնադարան:
Խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ ՔԿՀ-ում նախատեսված 154 անձանց փոխարեն պահվում են 67 կալանավորված և 130 դատապարտված անձինք` այսինքն 43 հոգի ավելի, ինչի արդյունքում մի շարք խցերում ավելի կալանավորներ են պահվում: Վարչակազմի հավաստմամբ իրավիճակը հնարավորինս շտկելու համար ստիպված են եղել պատժախցերը և բուժմասի հիվանդասենյակները պահանջվող համապատասխան փոփոխությունների կատարմամբ վերածել կալանախցերի:
Ընդհանուր պահման պայմաններն ուսումնասիրելուց հետո, Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են ընդունելություն ցանկացող բոլոր կալանավորված և դատապարտված անձանց:
Դատապարտյալ` ՌԴ քաղաքացի Ռ. Վ.-ն Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ նախաքննական և դատական մարմինների կողմից կոպտորեն խախտվել են իր դատավարական և նյութական իրավունքները, մասնավորապես իր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս, կամ դրա ժամկետը երկարացնելիս ինքը դատարան չի տարվել և դատարանը նշված միջնորդությունները քննել է իր բացակայությամբ, ինչպես նաև իրեն դատապարտել են իր կողմից չկատարած արարքի համար: Հայտնել է նաև, որ արդեն երեք շաբաթ է չի կարողանում հեռախոսակապ հաստատել ՌԴ-ում բնակվող իր կնոջ և որդու հետ: Տրամադրելով կնոջ և որդու հեռախոսահամարները խնդրել է որպեսզի Պաշտպանի աշխատակիցները հեռախոսազրույց ունենան նրանց հետ և վերջիններիս որպիսության վերաբերյալ տեղեկացնեն իրեն:
Կալանավոր Ս.Հ-ն տեղեկացրել է, որ խախտվում է իր` ազատ ստեղծագործելու իրավունքը, քանի որ արգելում են իր շարժական համակարգիչը հանձնել իրեն:
Կալանավոր Վ. Թ.-ն խնդրել է հնարավորության դեպքում իրեն տրամադրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքների պատճենները:
Կալանավոր Ա. Հ.-ն հայտնել է, որ 21.08.2008 թվականին իրեն դաժան ծեծի են ենթարկել ինչպես ձերբակալման պահին, այնպես էլ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում, սակայն իր բազմաթիվ բողոքները նշված իրավախախտման վերաբերյալ որևէ արձագանք չեն ստացել: Հայտնել է նաև, որ տառապում է շաքարային դիաբետ հիվանդությամբ: «Վարդաշեն» ՔԿՀ-ի բուժծառայության պետ Մանուչարյանը Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ ԱՆ քրեակատարողական վարչությունը դիմել է առողջապահության նախարարությանը` կալանավորին մասնագիտական հիվանդանոցում պետպատվերի շրջանակում անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալու միջնորդությամբ:
Առանձին զրուցելով բոլոր ցանկություն հայտնած կալանավորված և դատապարտված անձանց հետ` այցելություն կատարած խումբն արձանագրել է, որ նրանց հիմնական մասը վարչակազմից դժգոհություններ չի հայտնել, հայտնված գանգատների մեծ մասն ուղված են եղել անհիմն առաջադրված մեղադրանքներին կամ նշանակված պատժաչափի անհամաչափությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել