Նալբանդյանի Չեխիա կատարած այցն ավարտվել է
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 18-ին Չեխիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Սենատի նախագահ Պրեմիսլ Սոբոտկայի հետ: Վերջինս գոհունակություն է հայտնել երկու երկրների խորհրդարանների համագործակցության կապակցությամբ եւ նշել, որ այս տարի ՀՀ ԱԺ նախագահի` Չեխիա կատարելիք այցելությունը նոր թափ կհաղորդի դինամիկ զարգացող հայ-չեխական հարաբերություններին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը։ Նախարար Նալբանդյանը, ընգծելով վերջին շրջանում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման միտումները, ասել է, որ խորհրդարանները կարեւոր դեր ունեն երկկողմ համագործակցության ամրապնդման եւ խորացման գործընթացում:
Որպես խորհրդարանների միջեւ համագործակցության հաջողված օրինակ` նա նշել է 2008 թ. դեկտեմբերին Չեխիայի Սենատում Պրեմիսլ Սոբոտկայի աջակցությամբ եւ հովանավորությամբ Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառման կազմակերպումը եւ շնորհակալություն է հայտնել Սենատի նախագահին այդ նախաձեռնության համար:
Չեխիայի արտգործնախարար, ԵՄ արտգործնախարարների խորհրդի նախագահ Կարել Շվարցենբերգի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալդանդյանը քննարկել է երկկողմ համագործակցությանը, Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Բարձր գնահատելով վերջերս հայ - չեխական հարաբերությունների զարգացման միտումները` նախարարներ Նալբանդյանն ու Շվարցենբերգը նշել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը` որպես փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու կարևոր հանգամանք։
Զրուցակիցներն անդրադարձել են առևտրատնտեսական փոխգործակցության խորացման ուղիներին։ Այս ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ 2008 թ. հուլիսին Երևանում տեղի ունեցած հայ-չեխական գործարար համաժողովի արդյունքները վկայում են տնտեսության բնագավառում փոխգործացության խորացման կարեւոր ներուժի առկայության մասին։
Բանակցությունների ընթացքում մանրամասն քննարվել են նաև Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության տարբեր բնագավառները։ Կարել Շվարցենբերգը նշել է, որ մինչեւ մայիսին Պրահայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, Եվրոպական հանձնաժողովն ու ԵՄ նախագահությունը կոնկրետ առաջարկություններ կմշակեն այդ ուղղությամբ։
Նախարար Նալբանդյանը, ողջունելով «Արևելյան գործընկերության» առաջարկը, կարևորել է այդ նախաձեռնությամբ ընձեռնվելիք համագործակցության խորացումը և ոլորտների ընդլայնումը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Չեխիայի արտգործնախարարի հետ քննարկել է նաև արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները։ Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը ԵՄ արտգործնախարարների խորհրդի նախագահի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության վրա, ընգծելով, որ դա վնասում է Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված ԵՄ քայլերին։
Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարներն անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին։ Կարել Շվարցենբերգը ԵՄ անունից աջակցություն է հայտնել այդ ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերին։
Նախարարների հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիս։ Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը վերադարձել է Երևան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել