HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Վարչապետը գյուղացիների հետ քննարկել է նրանց հուզող հարցերը

Արցախի բնակավայրերում տեղի են ունենում համայնքային տարեկան ժողովներ, որոնց ընթացքում ամփոփվում եւ գնահատվում են 2008թ. ընթացքում համայնքապետարանների կատարած աշխատանքները, նախանշվում առաջիկա անելիքները: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացված տեղեկության համաձայն, տեղերում իրավիճակին անմիջականորեն ծանոթանալու նպատակով ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ժամանակացույցով մասնակցում է համայնքային առանձին ժողովների: Գյուղաբնակների հետ վարչապետի առաջին հանդիպումը կայացավ երեկ Ասկերանի շրջանի Ավետարանոց եւ Ակնաղբյուր գյուղերում: «Հարեւանությամբ գտնվող այդ բնակավայրերում տիրող սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական իրավիճակների որոշակի նույնականությունը ուղեկցվում է ակնհայտ ու խորքային տարբերություններով: Ավետարանոցի համայնքապետ Կ.Միքայելյանի հաշվետվությամբ` հարկերի գանձումը հաջողությամբ է կատարվել (103.3%), բայց ահա գյուղական 874 հա վարելահողից մշակվել է ընդամենը 370 հեկտարը: Այս վերջին հանգամանքի առթիվ իր մտահովությունն ու տարակուսանքը հայտնելով` կառավարության ղեկավարը հակիրճ ներկայացրեց պետական այն ծրագրերը, որ ուղղված են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը»,-նշվում է տեղեկատվության մեջ: Ավետարանոցում բուռն դժգոհություն արտահայտվեց հատկապես այն խնդիրների կապակցությամբ, որոնք պետք է լուծվեն հենց համայնքի ուժերով, առանց կողմնակի աջակցության: Գյուղը գազիֆիկացված է, ունի ամբուլատոր բուժմիավորում, բայց ահա քանի տարի բժշկի հարցը չի լուծվում: Ավելի քան 1000 բնակիչ ունեցող բնակավայրում ցանկանում են վերականգնված տեսնել երբեմնի իրենց գործուն հիվանդանոցը լավ մասնագետի ներկայությամբ: Վարչապետը խոստացավ աջակցել այդ խնդրի կարգավորմանը, եղավ բուժհաստատությունում եւ ծանոթացավ աշխատանքային պայմաններին: Նա նաեւ հայտնեց, որ շուտով վերջնականապես կլուծվի խմելու ջրի հարցը, անհրաժեշտ քայլեր կկատարվեն մանկապարտեզի երկրորդ խմբի բացման համար: Ակնաղբյուրում պատկերը մի քիչ այլ է. հողերի մեծ մասը մշակվում է, շուտով կավարտվի գազիֆիկացումը, կա բարեկարգ մշակույթի տուն: Մարդկանց առաջնային պահանջն է, որ վերակառուցվի գյուղ բերող ճանապարհը, համայնքում գյուղատնտեսի հաստիքով մասնագետ աշխատի: Բողոքներ հնչեցին, որ գյուղի բարեկարգման եւ վնասված տների վերականգնման համար հատկացված պետական միջոցները նպատակային չեն օգտագործվում: Վարչապետ Ա.Հարությունյանը տեղացիներին պարզաբանեց, որ պետք է ակտիվորեն գործի համայնքային ավագանին, վերահսկի գյուղական միջոցառումները եւ իր իրավասությանը հանձնած հարցերը: Ի պատասխան գյուղաբնակների հարցադրումների, ԼՂՀ կառավարության ղեկավարը հայտարարել է, որ շուտով պետությունը հիպոթեքային վարկ կտրամադրի գյուղական տների վերականգնման համար: Իսկ 2009թ. վերջին կվերսկսվի անասնապահության վարկավորումը: Կառավարությունն այս տարի համապատասխան միջոցներ է հատկացրել նաեւ համայնքային գյուղատնտեսների համար: Նման հաստիքներ կտրամադրվեն այն համայնքներին, որտեղ կան համապատասխան մասնագետներ եւ աշխատանքի բավարար ծավալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter