HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կառավարությունը 10 միլիոն դոլարի չափ վարկ է տրամադրելու

Այսօր Նովոստի մամուլի միջազգային կենտրոնում կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը ներկայացրեց, թե ինչպես են ծախսելու այդ գումարը: Նա նախ ներկայացրեց կոմբինատի գործունեությունը, ըստ որի, 4 տարի առաջ, երբ մասնավորեցվեց կոմբինատը, կառավարության հետ կնքվել էր պայմանագիր` զարգացնելու տվյալ ճյուղը: Ծրագիրը փուլային է եւ առաջին փուլում` 4 տարվա  ընթացքում,  ստեղծվեց 400 աշխատատեղ, իսկ արտադրանքի ծավալները ավելացան 50 տոկոսով. «Այսօրվա հատկացվելիք գումարը ներդրվելու է  ծրագրի երկրորդ մասի` ձեռնարկության զարգացման, ծավալների ավելացման, գոյություն ունեցող աշխատատեղերի եւ աշխատավարձի չափի պահպանման խնդիրների լուծման համար»,-վստահեցնում է բանախոսը: «Հետք»-ի հարցին, թե արդյոք վարկը բավարար է վերը նշվածներն իրականացնելու համար, Մ.Հակոբյանը պատասխանեց. «Մենք շինարարական մեծ ծավալի աշխատանքներ ենք կատարում` վերջին 4 տարիների ընթացքում ձեռնարկությունը մոտ 330 միլոն ԱՄՆ դոլարի համարժեք ներդրումներ է կատարել, բայց այդ աշխատանքներն ավարտին հասցնելու համար պետք են 40-50 միլիոն, որի 70-80 տոկոսը վճարել ենք, մնացած 20 տոկոսի համար էլ այդ գումարը բավարար է»: Տնօրենը նշում է, որ գումարը ոչ թե գործարանի գործունեության ապահովման, այլ նոր աշխատատեղերի պահպանման համար է. «Ծրագիրը իրականացնելու դեպքում ունենալու ենք մոլիբդենի արտադրության աճ, պղնձի` 70 տոկոս, ապահովելու ենք ճյուղի 10 000 աշխատողների մշտական աշխատանքը, ինչպիսի ճգնաժամ էլ որ լինի, մոտ 200-300 նոր աշխատատեղ էլ ստեղծելու ենք»: Մաքսիմ Հակոբյանը ասում է, որ այսօր իրենց գործարանը կարող է ապահովել իր սեփական գոյությունը, սակայն կառավարության որոշումը կօգնի, որպեսզի 2000 աշխատողներ, ովքեր ծառայություն են մատուցում գործարանին, շարունակեն իրենց աշխատանքը: «Իսկ մեր աշխատողի միջին աշխատավարձը 215 հազար դրամ է»,-նշում է բանախոսը, ինչին էլ արձագանքեց լրագրողներից մեկը, ասելով, թե Սյունիքից է գալիս եւ տեղեկացված է, որ 30 տոկոսով գործարանում աշխատավարձի կրճատում է եղել. «Եթե գտնեք մեկին, որ ասածը ապացուցի, ես նրա աշխատավարձը 300 տոկոսով կավելացնեմ»,-խոստանում է Մ. Հակոբյանը: Կոմբինատի տնօրենը չբացահայտեց, թե ինչ պայմաններով է տրամադրվել վարկը, միայն ի պատասխան հարցի, նշել է, որ կոմբինատի գերմանացի բաժնետերը տվել է իր համաձայնությունը եւ չէր կարող ավելի էժան վարկ գտնել, քանի որ «տոկոսների մասին կարող եմ ասել, որ ամենալավագույններից է»: Մ. Հակոբյանը ասում է, որ միջազգային ճգնաժամը բոլորի վրա է ազդել, սակայն կոմբինատը  շահույթ է ապահովել, երբ պղնձի եւ մոլիբդենի գինը  բարձր էր. «Մեկ ամսվա ընթացքում 3.76 անգամ մոլիբդենի գինը իջավ, իսկ պղնձի գինն էլ ` 3.3 անգամ, բայց մենք առաջին անգամ չէ, որ նման վիճակ ենք ընկել, պատրաստված ենք եղել: Մենք բավականին լուրջ շահույթներ ունենալուց անցել ենք մի ձեռնարկության, որը փոքր շահույթներ ունի եւ հազիվ կարողանում ենք մեր համաչափ գործունեությունը ապահովել»: Իսկ այս տարի, ըստ բանախոսի կանխատեսման, 3-4 անգամ պակաս շահույթ են ստանալու: Տնօրենը, լրագրողների խնդրանքով, որպես ոլորտի փորձագետ, անդրադարձավ Կապանի եւ Ագարակի կոմբինատներին եւ գտնում է, որ գործարանները իրավունք չունեն չաշխատել. «1999-2001թ այդ ձեռնարկությունները մենք ենք կառավարել եւ հասցրել իրենց նախագծային հզորություններին, դրանից հետո փոփոխություններ եղել են, բայց ես համոզված եմ, տեսնելով այսօրվա կառավարության գործունեությունը,որ ամեն ինչ անելու են, որպեսզի այդ գործարանները աշխատեն: Լավ մասնագիտական մոտեցման դեպքում այս կոմբինատները  հնարավորություններ ունեն աշխատելու»,-հավելեց Մաքսիմ Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter