Սյունիքի հանքագործները` սպասման մեջ
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հարկադիր պարապուրդում գտնվող 325 աշխատակից մարտի 9-ից կհամալրի գործազուրկների բանակը: Այս մասին նրանց գրավոր զ•ուշացվել է փետրվարի 9-ին: Մեր զրուցակից հանքագործների հավաստմամբ` կոմբինատում պարբերաբար կրճատումներ են արվելու:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ձեռնարկության սեփականատեր "Գեոպրոմայնինգ գրուպ"-ի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանն ասել էր, որ ընկերությունը գործում է ՀՀ օրենսդրության շրջանակներում, և ֆինանսական միջոցների սղության դեպքում միջոցներ կձեռնարկվեն` կրճատումների դեպքում նախատեսվող վճարումները կատարելու համար: "Կոնկրետ Ագարակի դեպքում նախընտրում ենք, որ աշխատանքով ապահովվի գոնե 400 մարդ, քան չաշխատի ոչ ոք",- ասել էր Ռ. Գրիգորյանը: Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի` "Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի" ընկերության 41 աշխատակից ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև օրս հաշվառվել են Կապանի զբաղվածության մարզային կենտրոնում: Վերջիններս ոչ թե կրճատվել են, այլ պարզապես չեն երկարաձգվել նրանց աշխատանքային պայմանագրերը: Զբաղվածության կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանի փաստմամբ` գործող կարգի համաձայն, սպասվող կրճատումների դեպքում ձեռնարկության տնօրինությունը պարտավոր է 3 ամիս առաջ գրավոր տեղեկացնել այդ մասին Զբաղվածության տարածքային կենտրոնին, իսկ 2 ամիս առաջ` տվյալ աշխատակցին. "Անցած տարվա նոյեմբերին ձեռնարկության տնօրինությունը գրություն էր ուղարկել սպասվող կրճատումների մասին: Հետո մեկ այլ գրությամբ խնդրել էր անվավեր ճանաչել նախորդ գրությունը: Դրանից հետո կենտրոնը նոր կրճատումների մասին չի տեղեկացվել",- ասաց Ռուբեն Պողոսյանը: Մեր ունեցած տվյալներով` փետրվարի 19-ին ձեռնարկության սեփականատերը` "Դանդի Փրեշս Մեթալս"-ի նախագահները, Կանադայում խորհրդակցություն են հրավիրել, որտեղ վերջնականապես ճշտվելու է կոմբինատի ճակատագիրը:
Մեկնաբանել