HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Հովհաննես Թումանյանի հրապարակախոսությունը ժամանակի զուգահեռականներում

Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ նախաձեռնեց  «Հովհաննես Թումանյանի հրապարակախոսությունը ժամանակի զուգահեռականներում» խորագրով երկօրյա գիտաժողովը, որը մեկնարկեց այսօր: Գիտաժողովը նվիրված է մեծանուն գրողի 140 եւ ԵՊՀ 90-ամյակներին:

Բացման խոսքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց. «Նա որպես հայ մարդ, որպես հրապարակախոս եւ գիտնական մշտապես մեզ հետ է, ոչ թե միայն իմ սերնդակիցների, այլեւ ձեզ` երիտասարդության, Թումանյանի  ավանդը անգնահատելի է նաեւ համալսարանի ստեղծման գործում»:

Մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանն էլ նշեց, որ Թումանյանի էության բնութագրականը  կյանքս դարձրի հրապարակ արտահայտությունն է. «Նա,իրոք, շատ լավ տեսնում էր աշխարհը, հայ մարդուն եւ ժողովրդին, նա ճշմարիտ քաղաքացի էր, քանի որ նրա չափանիշը մարդն էր եւ ժողովուրդը, մենք ճանապարհ ունենք առաջ դեպի Թումանյան»: Փոխնախարարը տեղեկացրեց, որ հանրապետությունում տեղի կունենան Թումանյանի պոեզիայի եւ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի փառատոն: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը ասում է, որ Թումանյանը լուրջ մտահոգություն ուներ, որ մեզ խանգարում է ոչ միայն արտաքին թշնամին, այլ նաեւ ներքին թշնամին` տգիտությունը, չարակամությունը, հոգու մաղձը. «Նա համոզված էր, որ ամենից առաջ վաղվա մեջ գոյատեւելու համար ինքնամաքրում է պետք եւ դրանից պայմանավորված` քայլենք ժամանակի մեջ, որովհետեւ դա է փրկության ճանապարհը»:

Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը գտնում է, որ լայն հասարակությունը գիտաժողովից ազդակներ կստանա վերջին հատորները բացելու համար. «Այս մարդը` թերի քառամյա կրթությամբ,  հասկացել էր մեր դժբախտությունների պատճառը եւ այնքան պատգամներ է մեզ թողել, որոնք մենք չենք անում` մենք էլի չար ենք, էլի նախանձ ենք, էլի իրար ատում ենք, մեր մամուլում այսօր մարդկանց ոչնչացնելու տենդենցը կա, իսկ Թումանյանը թեեւ անուններ տալիս էր, բայց ասում էր, թե «ինքը պուճուր մարդ է, ես սրան ինչպես քննադատեմ»»:

Ն. Թուխիկյանը ուրախ է, որ Թումանյանը մեր ժամանակակիցը չէ, որ չի տեսնում այսօրվա բարոյազրկությունը: Հովհ. Թումանյանի անվան թանգարանը նախատեսել է մի շարք միջոցառումներ.  աշնանը, օրինակ, կկազմակերպվի այցելություն Դսեղ,  կան նաեւ սոցիալական ծրագրեր` տեսողության խնդիրներ ունեցողների համար մատչելի դարձնել Թումանյանի ստեղծագործությունները: «Մենք երկու հատոր` բանաստեղծություններ, քառյակներ, պատմվածքներ, հեքիաթներ ենք տպագրել, որի շնորհանդեսն է այսօր», ասաց Ն.Թուխիկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter