Եվրահանձնաժողովի փաստահավաք առաքելության ներկայացուցիչները Հայաստանում քննարկել են մրցակցության ոլորտի խնդիրները
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել հանդիպում` ազատ առեւտրի համաձայնագրի վերաբերյալ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի փաստահավաք առաքելության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:
Ազատ առեւտրի համաձայնագիրը նախատեսում է հայկական ապրանքների մուտքը Եվրամիության անդամ երկրների շուկա` առանց մաքսատուրքի (եւ հակառակը), ինչը որոշիչ նշանակություն ունի արտահանման խթանման եւ ներդրումների ավելացման համար: Միեւնույն ժամանակ, ազատ առեւտրի համար ազատ տնտեսական մրցակցության ապահովումը կարեւորագույն պայմաններից մեկն է:
ՏՄՊՊՀ նախագահ Աշոտ Շահնազարյանը շնորհավորել է բոլորին` գործընթացի սկսվելու կապակցությամբ, որովհետեւ «ազատ առեւտրի համաձայնագրին Հայաստանը երկար ժամանակ է` ձգտում էր: Մյուս կողմից, մենք հասկանում ենք, որ հատկապես օրենսդրության ներդաշնակեցման համար դեռեւս բավականին երկար ժամանակ կպահանջվի, հատկապես` հայկական կողմից»:
Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Ջերալդին Էմբերգերը նշել է, որ առաքելությունը դեռեւս գտնվում է փաստահավաք փուլում: Առաքելության ներկայացուցիչների խնդրանքով Հանձնաժողովի նախագահ Ա. Շահնազարյանը ներկայացրել է այն մարտահրավերները, որոնք առաջիկա 5 տարիների համար գոյություն ունեն մրցակցության ասպարեզում:
«Առաջինը` կան օրենսդրական բացեր, որոնց պատճառով ոլորտում Հանձնաժողովի փորձագիտական գնահատականները երկակի մեկնաբանության կամ քննարման առարկա կարող են դառնալ պետական այլ մարմինների կողմից: Երկրորդ` պատժաչափերի անհամապատասխանություն կա մրցակցային եւ վարչական իրավախախտումների մասին օրենքների միջեւ. դրանցից առաջինը կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով կոնկրետ խախտման համար նախատեսում է կոնկրետ եւ որոշակի պատժաչափ, մյուսը` համաչափության սկզբունք, երբ պատժաչափը պետք է համապատասխանի կատարված խախտմանը: Այստեղ առաջանում են որոշակի կոռուպցիոն ռիսկեր, եւ անհրաժեշտ է այնպիսի հստակություն, որպեսզի բոլոր մարմինները մրցակցության օրենքի էությունը հասկանան միանշանակորեն»,- հանձնաժողովի նախագահը: Ըստ նրա` նմանատիպ խնդիրներ առկա են նաեւ ֆինանսական շուկայում, պետական օժանդակության հարցերում:
Ա. Շահնազարյանը նաեւ ընդգծել է, որ Հանձնաժողովը կառավարության հետ համատեղ իրականացնում է ծրագրեր, որոնք կհանգեցնեն օրենսդրական եւ տնտեսական ոլորտներում Հայաստանի իրական ինտեգրմանը Եվրամիությանը` նոր հարեւանության քաղաքականության ներքո:
Ջ. Էմբերգերի փոխանցմամբ` այս խնդիրներն իրենց քաջածանոթ են «Եվրոպայի 60-ականներից»: Փաստահավաք խմբի ներկայացուցիչները ազատ առեւտրի համաձայնագրի պայմանների համատեքստում կարեւորել են մրցակցության մարմնի դերը, ինչպես նաեւ Հանձնաժողովի բարձրացրած խնդիրների լուծմանը Եվրամիության աջակցության անհրաժեշտությունը:
Նախատեսվում է, որ փաստահավաք խումբը ապրիլի վերջին ՀՀ կառավարությանը կներկայացնի երկրի առաջընթացի զեկույցը, որտեղ արծարծված կլինեն նաեւ տնտեսական մրցակցության հետ կապված հարցերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել