HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ներսես Երիցյան. «Համաշխարհային վիճակը ամեն ինչի վրա ազդում է, պետք է կարողանաս հաղթանակած դուրս գալ»

Մարիոթ-Արմենիա հյուրանոցում այս պահին ընթանում է ԵՄ փաստահավաք առաքելության Երեւանում աշխատանքային գործունեության ամփոփիչ նիստը: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ից եռօրյա այցով Երեւանում է Եվրոպական հանձնաժողովի արտաքին առեւտրի գլխավոր տնօրինության երկկողմ առեւտրային հարցերով տնօրեն Եվա Սինովիչի գլխավորած փաստահավաք առաքելությունը, որի կազմում են 23 փորձագետներ: Այցի նպատակն է երկկողմ փորձագիտական հանդիպում-քննարկումներ անցկացնելով, նախապատրաստել ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման հետագա բանակցային աշխատանքները: Մինչ ամփոփիչ նիստը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ներկայացրեց սպասելիքները. «Կարծում եմ իրենց փաստահավաք առաքելությունը հաջող է անցել եւ կկարողանանք  մեզ համար օրակարգ ձեւավորել, որովհետեւ այն հավակնությունները, որ մենք ունենք զարգացման ծրագրերի մասով, համահունչ են եվրոպական չափանիշներին, օրենսդրությանը եւ ինստիտուցիոնալ առումով համապատասխանեցված իրենց պատկերացումներին, այսինքն՝ եթե մենք այդ զարգացումը ապահովելու ենք, ապա դա նաեւ եվրոպական չափանիշներին համապատասխանեցումն է ապահովելու, որովհետեւ ձգտելու ենք միջազգային չափանիշների»,-նկատում է նախարարը: Ներսես Երիցյանը, սակայն, հստակ ժամկետների մասին չի կարող ասել. «Չեմ կարծում, որ այսօր հստակ ժամկետներ կարող ենք ֆիքսել, ուղղակի ձեւավորել ենք  ակնկալիքները եւ սա էլ կապված է արեւելյան համագործակցության ծրագրի հետ եւ այդ քաղաքական համագործակցության հաստատումից հետո  արդեն ամբողջական ազատ առեւտրի ժամկետները կհստակեցվի, երկու տիպի ժամկետ է լինելու` նախապատրաստական եւ բանակցային փուլ, եթե գնանք այս ճանապարհով»: Լրագրողների խնդրանքով նախարարը կիսվեց իր ամենալավատեսական կանխատեսմամբ. «Ռեֆորմների շրջանակը նայելով 3-5 տարի կտեւի ամբողջ գործընթացը, բայց այդ ընթացքում մենք լուրջ փոփոխություններ կտեսնենք եւ բիզնես միջավայրի, եւ առանձին ինստիտուտների կայացման, արտահանման խթանման, եւ եվբրոմիության շուկաներ մուտք գործելու առումով»: Ն. Երիցյանն ասում է, որ «այսօր մենք տարիֆներով արդեն զրոյական ունենք, իրենց շուկան բաց է մեզ համար, 90 տոկոսը ապրանքների ռեֆերենցիաների ներքո են գտնվում, մեր խնդիրը այդ շուկաները իրականում հասանելի դարձնելն է, որովհետեւ կան ինտելեկտուալ սեփականության, տեխնիկական բարդույթների հետ կապված հարցեր, իսկ այս համագործակցությունը թույլ կտա, որ ամբողջապես շուկայական ենթակառուցվածքները համապատասխանեն եվրոպականին եւ կարողանանք մտնել այդ շուկա»: Իսկ այն հարցին, թե հնարավոր է, որ համաշխարհային ճգնաժամը ազդի այս գործընթացի վրա, նախարարն ասաց. «Համաշխարհային վիճակը ամեն ինչի վրա ազդում է, պետք է կարողանաս հաղթանակած դուրս գալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter