Հ.Աբրահամյան. «Ձեռք բերված յուրաքանչյուր պայմանավորվածություն պետք է արժանանա ԼՂ-ում բնակվող մեր հայրենակիցների հավանությանը»
ԼՂՀ Ազգային նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է ԼՂՀ-ՀՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցելու նպատակով Արցախ է ժամանել Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետը, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ֆինանսների նախարարի առաջին տեղակալը, արտաքին գործերի փոխնախարարը, Սյունիքի մարզպետը, «ԲՀԿ», «ՀՅԴ», «ՀՀԿ», «ՕԵԿ», «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներ:
Բացման խոսքում ողջունելով հյուրերին եւ նիստի մասնակիցներին, ԼՂՀ ԱԺ նախագահը հիշեցրեց, որ 1996թ. ստորագրվել է ԼՂՀ եւ ՀՀ միջխորհրդարանական համագործակցության առաջին, 1998թ.` երկրորդ եւ 2003-ին`երրորդ համաձայնագիրը:
Խոսելով երկու հանրապետությունների խորհրդարանների համագործակցության մասին Աշոտ Ղուլյանը հույս հայտնեց, որ ներկա նիստով սկսվելու է հանձնաժողովի աշխատանքի որակական նոր փուլ` ուղենիշ ունենալով երկու հայկական պետությունների միջխորհրդարանական համագործակցության խորացումը:
Իր խոսքում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մշտապես Հայաստանի խորհրդարանի ուշադրության կենտորնում է, եւ բազմաթիվ լսումներ ու քննարկումներ են անցկացվել այդ հարցի շուրջ:
«Սկզբունքը մեկն է` ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռք բերված յուրաքանչյուր պայմանավորվածություն պետք է արժանանա ԼՂ-ում բնակվող մեր հայրենակիցների հավանությանը: Ղարաբաղը պետք է անխափան, հայկական կողմի իրավազորության ներքո ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ, ԼՂ բնակչության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի միջազգայնորեն»,-այս դիրքորոշումն է արտահայտել ՀՀ ԱԺ նախագահը:Ա
Նիստի ընթացքում կքննարկվեն Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը եւ խորհրդարանական դիվանագիտության անելիքները, զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենսդրության առանձնահատկությունները ԼՂՀ-ում եւ նրա կատարելագործման հնարավորությունները, կրթության եւ գիտության խնդիրները` օրենսդրական կարգավորման շրջանակներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել