20 մլն դոլար Տաթևի վանքի համալիրին
«Մի շարք ծրագրեր, որոնց շուրջ արդեն մենք եկել ենք համաձայնության և հաստատվել է Ազգային մրցունակության խորհրդի կողմից, անհրաժեշտ է այսուհետև վերցնել մի կողմից` կառավարության հսկողության տակ, մյուս կողմից` դարձնել հանրային վերահսկողության առարկա։ Մասնավորապես, «Տաթևի վանքի վերածնունդ և զարգացում» ծրագրի մասին է խոսքը», - ՀՀ կառավարության նիստի ընթացքում խոսելով Ազգային մրցունակության խորհրդի աշխատանքների մասին, ասել է վարչապետը Տիգրան Սարգսյանը:
Ծրագիրը կարժենա շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար։ Ենթադրվում է, որ վերականգնվելու է Տաթևի վանքի համալիրն ամբողջությամբ, աշխատանքները դրվելու են գիտական և ուսումնական հիմքերի վրա։ Տեղի բնակչության համար երկարատև զարգացման հնարավորություններ են ստեղծվելու` կլինեն նոր աշխատատեղեր, կրթական համալիր և զբոսաշրջության կենտրոն։
Կառուցվելու է ճոպանուղի, որը բավականին լավ հնարավորություն է ստեղծելու տուրիզմի զարգացման համար։ Ճոպանուղու կառուցման աշխատանքներն սկսվելու են այս տարի։ Դա կլինի ՀՀ-ում ամենաերկար ճոպանուղին, որի շինարարական աշխատանքներն իրականացնելու են ավստրիացի մասնագետները։
«Հասկանալի է, որ եթե այսպիսի մեծ համալիր ծրագիր է իրականացվելու հիմնականում մասնավոր ներդրողների հաշվին, ենթակառուցվածքների առումով, անհրաժեշտ է լինելու պետության աջակցությունը, և մենք մեր ծրագրերում պետք է հաշվի առնենք, որ Տաթեւի համալիրի շուրջ ստեղծվելու է մի փոքրիկ կլաստեր (համախումբ)։ Դրա համար անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ», - ասել է Տիգրան Սարգսյանը։
Նիստում գործադիրը հավանություն է տվել Տաթեւի վանական համալիրի վերակառուցման ծրագրի իրականացման վերաբերյալ «Տաթեւի վանքի վերածննդի հիմնադրամ» կազմակերպության առաջարկություններին։ Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարին եւ Սյունիքի մարզպետին` ձեռնարկել համապատասխան միջոցներ ծրագրի իրականացման համար օրենքով սահմանված կարգով հողամասերի հատկացման կամ փոխանակության համար, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարություն։
ՀՀ էներգետիկայի նախարարին հանձնարարվել է` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Տաթեւի վանական համալիրին հարող տարածքն անհրաժեշտ հզորության էլեկտրաէներգիայով ապահովելու համար, իսկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին` դեպի Հալիձոր համայնք տանող ավտոճանապարհի վերանորոգման եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման համար։
Հանձնարարվել է նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարարին` ծրագրի իրականացմանն օժանդակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ն. Սարգսյանի գլխավորությամբ, համաձայնեցնելով ՀՀ մշակույթի նախարարի հետ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել